ՀՀ կառավարությունը մշակել է Արտակարգ իրավիճակների նախարարության զարգացման ռազմավարության և դրա իրականացման 2020-2030 թվականների միջոցառումների ծրագիրը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը, նախագիծը մշակվել է Կառավարության գործունեության 2019-2023 թթ. ծրագրի միջոցառումներին համապատասխան և ամրագրում է ԱԻՆ գործունեության հեռանկարային զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը:
«Արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Կառավարության քաղաքականությունը, իսկ վերջինիս հաջող և լիարժեք իրականացման անհրաժեշտ նախապայման է հանդիսանում է, ի թիվս այլ հանգամանքների, նաև աղետների ռիսկի կառավարումը (ռիսկի նվազեցում, արձագանքում, հետևանքների վերացում, հետաղետային վերականգնում): Աղետների ռիսկի կառավարման համակարգը գործընթացների և գործառույթների ամբողջական շրջանակ է, որի նպատակն է հզորացնել աղետներին դիմակայելու կարողությունները, նպաստել տարածքային կայուն զարգացմանը, աղետակայուն երկրի կայացմանը: Այն նպատակաուղղված է կանխելու, կանխարգելելու և մեղմացնելու վտանգները, նվազեցնելու դրանց հնարավոր բացասական ազդեցությունը և վնասների չափը»,- նշված է նախագծում:
Նախագիծը համահունչ է նաև Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրի գերակա ուղղություններին, կայուն զարգացման նպատակներին, Կլիմայի փոփոխության փարիզյան համաձայնագրի դրույթներին, Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությանը:
Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պլանավորել և իրականացնել ԱԻՆ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: