Որսի թույլտվությունը կա, բայց խեցգետին չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, որը նախատեսում է իրականացնել սիգ ձկնատեսակի փարձարարական որս:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մշակվել է «Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաեւ դրանց պաշարների որոշման, ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձեւերի եւ կազմակերպման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը: Պարզվում է` նախարարությունը որոշել է սահմանել ընթացիկ տարվա օգտագործման ենթակա չափաքանակները։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակներն ու արդյունագործական որսի որակի բնութագրերն է հրապարակել: Ըստ որի` կարասի որսի չափաքանակն անսահամանափակ է, խեցգետնի որսի թույլատրելի քանակությունը սահմանվել է 350 տոննա (>9սմ, իսկ ձվադրման ժամանակահատվածը հունիս-օգոստոսն է):

Իսկ, ահա, սիգ ձկնատեսակի որսի թույլատրելի քանակությունը սահմանվել է 150 տոննա` >35սմ, >500գ (ձվադրման ժամանակահատվածը դեկտեմբեր-հունվարն է): «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադարձել է Սեւանա լճում խեցգետնի քանակի կտրուկ նվազման թեմային: Հիմա Հայաստանի խանութներում, սուպերմարկետներում խեցգետին չկա, իսկ ներկրված խեցգետինը ուղղակի չի բավարարում պահանջարկը: Խեցգետնի պաշարների զգալի նվազման պատճառներից մեկը նախկին նախարարների կողմից տրված գերորսի թույլտվությունն է, ինչի հետեւանքով Սեւանա լճում խեցգետին չկա, եւ տարիներ են պետք, որպեսզի դրանք վերականգնվեն:

Այս առումով սոսկալի պատկեր է բացահայտել ՀՀ հաշվեքննիչ պալատը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում իրականացրած ստուգումների արդյունքում: Մասնավորապես, 2017-2018թթ. ընթացքում առանց արտահանման լիցենզիայի Հայաստանից արտահանվել է 350 տոննա խեցգետին, բայց միայն 104 տոննայի համար են կնքվել պայմանագրեր: 2018 թվականի 9 ամիսների ընթացքում Սեւանա լճից տրվել է 3 տոննա խեցգետնի որսի թույլտվություն այն դեպքում, երբ արտահանումը կազմել է 110,6 տոննա: Այսինքն՝ արտահանվել է ավելի շատ խեցգետին, քան թույլատրված էր որսալ:

Բայց որոշ մասնագետներ էլ պնդում են, որ «չինական ծալովի, մանր անցքերով ցանցերի» կիրառման հետեւանքով է, որ Սեւանա լճում խեցգետինը կտրուկ պակասել է: Բանն այն է, որ խեցգետնի որսի համար կիրառվող այդ էժանագին, չհամապատասխանող ցանցով հանվում է նաեւ մանր խեցգետինը:

Եւ այս խնդիրը կարգավորելու նպատակով, ՇՄՆ-ն պահանջում է խեցգետնի որսը իրականացնել կասպիական «թանաքաման» (Раколовкачернильница) ու «ծալովի» տիպի (Раколовка-раскладушка) խեցգետնորսիչներով։ Այս խեցգետնորսիչների բնութագրերն են՝ ստորին օղակի տրամագիծը` 40-60 սմ, վերին օղակինը՝ 20-30 սմ։ Օղակները կազմված պետք է լինեն հիմնականում չժանգոտվող մետաղներից,իսկ կապրոնե ցանցի խորշերի մեծությունը 16 մմ եւ ավելի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շրջակա միջավայրի նախարարությունն արգելում է չինական հարմոնաձեւ ծալովի խեցգետնորսիչների (Раколовкагармошкачылок) կիրառումը Սեւանա լճում։

Իսկ, ահա, սիգ ձկնատեսակի որսը պետք է իրականացվի դնովի ցանցերով Մեծ Սեւանի ամբողջ տարածքով` ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։

Նշենք, որ խեցգետնի բազմացման ժամանակահատվածում Սեւանա լճում խեցգետնի որսը ժամանակավորապես դադարեցվում է։ Իշխան եւ սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ կսահմանվի մինչեւ հոկտեմբերի 1-ը:

Ըստ ՇՄՆ-ի`տարեկան օգտագործման ենթակա չափաքանակների սահմանման աղյուսակը կազմվել է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված «Սեւանա լճում եւ նրա ջրահավաք ավազանում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառում» միջոցառման արդյունքների ամփոփումից հետո։ Շրջակա միջավայրի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ սիգի, խեցգետնի որսի չափաքանակները սահմանելիս հիմնվել են հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի կողմից ներկայացրած տվյալների վրա:

Հիշեցնենք` Շրջակա միջավայրի նախարարությունը նախորդ տարիներին իր կարիքների համար Սեւանա լճում եւ նրա ջրհավաք ավազանում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքների ձեռքբերման հրավեր է իրականացնում: Եւ մինչ այս տարի (այս տարի դրա համար ՇՄՆ-ն գումար չի հատկացրել) պաշարների հաշվառման աշխատանքները մրցույթի արդյունքում կատարել է ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտը: Այդ ծառայությունների համար նախարարությունն ամեն տարի ինստիտուտին է վճարել 7.6 մլն դրամ:

Բայց, մյուս կողմից, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փոխանցեց, որ լճում այդ քանակությամբ խեցգետին այս պահի դրությամբ չկա: «Մենք տեղյակ չենք, մեզ չեն հարցրել: Ավելին, 350 տոննա խեցգետին եթե շատ ցանկանան էլ, չեն կարող որսալ, որովհետեւ անցած տարի 2 տոննայից ավել անգամ չեն կարողացել որսալ: Մենք խեցգետին այդ քանակությամբ լճում չունենք»,- տեղեկացրեց ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը:

Ստացվում է, որ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը բավարարվել է միայն հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի կողմից տրված տվյալներով`առանց խորանալու եւ եւս մեկ անգամ համոզվելու`արդյոք կա այդքան խեցգետին, թե ոչ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս