Armenian text to speach

Սարսափելի ավտովթար՝ Երևանում․ «Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի մեքենայի և մխրճվել տան մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:40-ի սահմաններում «Կամազ» մակնիշի բեռնատարը Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ավտոմեքենաների և մխրճվել բնակչի տան մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով վարորդը, ով արգելափակվել էր ավտոմեքենայում, տեղում մահացել է։

Նրա մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են ավտոմեքենաների, վնասված տան սեփականատերերի, ինչպես նաև մահացած վարորդի ինքնությունը։

Պարեկները պարզել են, որ մինչև նշված տան մեջ մխրճվելը, «Կամազ»-ը վթարի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա բախվել է «Jeep» և «Kia» մակնիշի ավտոմեքենաներին, իսկ «Kia»-ն էլ բախվել է մեկ այլ մեքենայի։ Դրանից հետո բեռնատարը շարունակել է ընթացքը և մխրճվել բնակչի տան մեջ։

ArmLur.am-ը շտապել է դեպքի վայր, տեղում հասկանալու իրավիճակը։ Բնակիչների խոսքով՝ բախման պահին տան բակում շուն է եղել, որը սատկել է։ Ականատեսները պատմում էին նաև, որ տանտիրուհին խուճապահար լացելով զանգահարել է ամուսնուն՝ ասելով, որ շտապ հասնի տուն, ինչից հետո տղամարդը վազելով հասել է դեպքի վայր։

Բնակիչները չէին ցանկանում ավել խոսել կատարվածի մասին՝ նշելով, որ վարորդը երիտասարդ տղա էր և մահացել է։ «Kia»-ի և «Jeep»-ի վարորդները ևս հրաժարվել են մեկնաբանություն տալ՝ հաշվի առնելով ողբերգական իրավիճակը։

Իրինա Ատանյան




Լրահոս