ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսեց, որ Երևանի հեռուստաաշտարակի վրա հայտնվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «խաղաղության սրտիկ» քարոզչական պաստառը: ՔՊկուսակցական քարոզը պտտվում է մայրաքաղաքի ամենատեսանելի բարձրադիր կառույցներից մեկի վրա և հարց է առաջացնում՝ արդյո՞ք պետական նշանակության հեռահաղորդակցական ենթակառուցվածքը իրավունք ունեն իշխանությունները վերածել իշխող կուսակցության քարոզչական հարթակի։
Երևանի հեռուստաաշտարակը հանրային նշանակության կառույց է․ այն ապահովում է մի շարք հեռուստա և ռադիոկայանների եթերների սփռումն ու հասանելիությունը։ Աշտարակի շահագործումը վերապահված է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին, որը գործում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայությամբ։
Ընկերության գլխավոր տնօրենը Նարեկ Ադամյանն է։ Պաշտոնական կենսագրության համաձայն՝ նա 2024 թվականին եղել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի՝ հասարակական հիմունքներով խորհրդական, իսկ 2021-2024 թվականներին՝ «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն։
Մինչդեռ 311 մ բարձրություբ ունեցող հեռուստաաշտարակը որևէ կուսակցության սեփականությունը չէ և չի կարող ընկալվել որպես քաղաքական գովազդի մակերես։ Այն պետական նշանակության ենթակառուցվածք է, որը ծառայում է հանրային հեռարձակման համակարգին։ Երբ նման կառույցի վրա ցուցադրվում է իշխող կուսակցության հետ ասոցացվող խորհրդանիշ, առաջանում է հիմնավոր հարց՝ ո՞վ է թույլ տվել այդ ցուցադրումը, ի՞նչ իրավական հիմքով, ո՞ւմ որոշմամբ և ի՞նչ միջոցներով է այն իրականացվել։
Խնդիրն առավել զգայուն է այն պատճառով, որ հեռուստաաշտարակը Երևանի ամենատեսանելի կառույցներից է։ Դրա վրա հայտնված յուրաքանչյուր խորհրդանիշ հանրային լայն ազդեցություն ունի և
կարող է դիտարկվել որպես պետական ռեսուրսի կուսակցականացում։
Այս իրավիճակում պարզաբանում պետք է ներկայացնի թե՛ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի ղեկավարությունը, թե՛ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, թե Հանրային հեռուստաընկերությունը։
ArmLur.am-ը կփորձի պարզել, թե ում, ինչքան, ինչ պայմաններով է ՔՊ-ն վճարել այս գովազդի համար կամ արդյոք վճարել է:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ






























