Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները ահազանգում են, որ այսպես շարունակել չեն կարող: Ավելին, մեզ հասած տեղեկություների համաձայն` հրշեջ փրկարարներից ոմանք ազատման դիմում են գրել:
Տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են ահազանգել հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում: Նամակից որոշ մեջբերումներ ենք ներկայացնում՝ առանց էական խմբագրումների:
«Հրշեջ փրկարարների 4 հերթապահ խումբ կա, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ղեկավարը: Ամեն մի հերթապահ խումբ 24 ժամյա ծառայություն է իրականացնում: Այսինքն` առաջին խմբի հերթափոխը հանձնելուց հետո գալիս է 2-րդ խմբի 24 ժամյա աշխատանքը, ավարտվելուց հետո գալիս է 3-րդ խումբը եւ այսպես շարունակ: Նախկինում հրշեջ փրկարարները հնարավորություն էին ունենում 1 օր շուրջօրյա աշխատել եւ 3 օր մնալ տանը, հանգստանալ, ու այս աշխատանքի համար մենք ստացել ենք 8 հազար դրամ: Սակայն այս տարվա հուլիսի 20-ից հետո հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցների շրջանում մեծ դժգոհություններ են առաջացել: Բանն այն է, որ հուլիսի 20-ին հրաման տվեցին, որ մինչեւ հուլիսի 30-ը արտակարգ ռեժիմով եք աշխատելու, այսինքն` մեկ օր եք հանգստանալու:
Ստացվում է, որ մեկ օր տանն ենք լինելու, մեկ օր շուրջօրյա աշխատելու ենք: Մինչեւ հուլիսի 30-ը փրկարար ջոկատի տղաները աշխատեցին, որեւէ ձայն չհանեցին՝ մտածելով, որ կգա ամսվա վերջը, հավելավճար կստանան: Բայց եկավ ժամկետը, հավելավճար չտրվեց: Փոխարենը հուլիսի 31-ին կրկին հրաման տրվեց, որ մինչեւ օգոստոսի 12-ը նույն ռեժիմով պետք է աշխատել, այսինքն` մեկ օր` շուրջօրյա աշխատանք, մեկ օր` տանը: Մեզ բանավոր ասում են, որ նախարարի հրահանգով է փրկարար ծառայության տնօրենը նման հրաման արձակել, բայց մենք մեր հրամանի մեջ նման բան չենք տեսել: Ու այս պայմաններում մենք հայտնվել ենք շատ վատ վիճակում. նախ` ֆիզիկապես այլեւս չենք կարողանում նման գրաֆիկով աշխատել, իսկ դա էլ քիչ չէ: Ճիշտ հասկացեք, Դուք կարո՞ղ եք 80 հազար դրամով ընտանիք պահել: Գիտեք, մենք չենք տրտնջում, չենք վախենում աշխատանքից. օրինակ` Խոսրովի արգելոցի հրդեհի ժամանակ մենք աշխատեցիք արտակարգ ռեժիմով, որովհետեւ արտակարգ դեպք էր, բայց չդժգոհեցինք, չխոսեցինք, բայց այսօր այլ իրավիճակ է»:
«Ժողովուրդ» օրաթերթը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ջոկատի աշխատակիցների դժգոհության մասին զրուցեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ:
-Պարո՛ն Ցոլակյան, հրշեջ փրկարարները ահազանգում են, որ ուժեղացված ռեժիմի արդյունքում մեկ օր աշխատում են շուրջօրյա, մեկ օր մնում տանը, ու դրա դիմաց հավելավճար չեն ստանում: Տեղյա՞կ եք:
-Ճիշտ է, եղել է ուժեղացված ռեժիմ, եւ երեկ ես դա դադարեցրել եմ, կանչել եմ փրկարար ծառայության պետի տեղակալին, ով զբաղվում է այդ հարցով, եւ ասել եմ, որ դադարեցնեն: Իսկ պատճառը հրդեհներն էին:
-Ըստ փրկարար ջոկատի աշխատակիցների` հավելավճար չի տրվել ավել աշխատանքի դիմաց: Ինչո՞ւ:
-Ով ավել աշխատել է, նրանց հավելավճար տրվում է: Ես մի ճշտում կանեմ, քանի որ կարող է մեկ ամիս հետո հավելավճարները տան, հաշվարկի խնդիր կա: Այնպես չէ, որ մասսակայան պետք է տաս կամ չտաս, ամեն մեկինը անհատական է հաշվարկվում: Ով ծառայել է ավել, նա կստանա:
-Այսինքն` հիմա արտակարգ ռեժիմի հրամանը հանե՞լ եք, եւ փրկարար ջոկատի աշխատակիցները նախկինի նմա՞ն են աշխատելու:
-Մենք հրամանը փոխել ենք: Ազատ հերթափոխից մեկը, ենթադրենք, մեկ խումբը 5 հոգի է, մեկ հոգի հաջորդ հերթափոխից կանչում ենք գործի հետ, եւ այդ մեկ անձը ավել է աշխատում, եւ մենք հաշվում ենք, որ նա մեկ օր ավել է աշխատել, եւ այստեղ այլեւս խնդիր չի առաջանա: Ես երեկ գնացել էի փրկարարկան ջոկատներ. առաջինը Գորիսում լսեցի այդ ամենի մասին, որ ֆիզիկապես դժվարանում են, այսինքն` մեկ հերթափոխի փոխարեն երկու հերթափոխ մնում է այնտեղ: Նպատակը մեկն էր. Սյունքիում ունեցանք շատ հրդեհներ, մենք խնդիր էինք ունենում, արագ դեպքի վայր հասնելու: Եթե արագ չէին հասնում, ուրեմն տարածվում էր հրդեհը, եւ դեմը չէինք կարողանում առնել: Եղել եմ Հրազդանում, Վայքում Չարենցավանում, բոլոր տեղերը խոսել եմ իրենց հետ այդ թեմայով եւ ասել եմ, որ կկարգավորվի հարցը, եւ խնդիր չի լինի:
-Հրշեջ փրկարարները բարձրաձայնում են, որ 80 հազար դրամ աշխատավարձով չեն կարողանում ապրել:
-Մենք կառավարության որոշման նախագիծը վերջացնում ենք, որ կարողանամ շարքային անձնակազմի աշխատավարձը բարձրացնեմ: Բացի այդ, ամեն եռամսյակը մեկ աշխատավարձի չափով պարգեւատրում եմ տալիս: Հիմա Սեւանի ջրափրկարարները, ինչպես խոստացել եմ, ամեն մեկին կրկնապատիկ աշխատավարձ եմ տալիս, արդեն երկու ամիս, քանի որ այնտեղ խիստ ռեժիմ է: Սեւանում 4 կողմից հերթապահություն է իրականացվում, Երեւանից խումբ եմ ուղարկել, եւ այնտեղ ջրափրկարար են աշատում: Հիմա համահայկական խաղերի հետ կապված շատ երիտասարդներ են գնալու, մենք վախենում ենք այդ երեխաների համար: 40 հոգի տղաներ են: Խոստացել էինք կրկնապատիկ վարձատրել, որ նորմալ ծառայություն անեն, եւ տալիս եմ: Մի խոսքով, համակարգը ճկուն է, գնահատվում են բոլոր աշխատողները:
Քնար Մանուկյան