Հետաքրքիր իրավիճակ Տավուշում. ՍՊԸ-ի ղեկավարը դիմում է Արթուր Վանեցյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կողբաքար» ՍՊԸ-ն, ունենալով համապատասխան թույլտվություն, Բագրատաշենի ենթաշրջանում, հայ-վրացական սահման հանդիսացող Դեբեդ գետի մոտակա տարածքից տարիներ շարունակ խճաքար, ավազ է արդյունահանել եւ այն իրացրել: Հայաստանում իշխանափոխությունից հետո` գրեթե մեկուկես տարի, ընկերությունը չի կարողանում Դեբեդից խճաքար արդյունահանել: «Կողբաքար» ՍՊԸ տնօրեն Մերուժան Փաշիկյանն այդ կապակցությամբ գրավոր դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին, սակայն հարցը չի լուծվել: Եւ հիմա Նոյեմբերյանի տարածաշրջանի ճանապարհների ընթացիկ եւ ձմեռային պահպանության, նորոգման աշխատանքների համար խճաքար չկա, քանզի խճաքար մատակարարող «Կողբաքար» ՍՊԸ-ն հնարավորություն չունի Դեբեդից այն արդյունահանելու:

2018թ. նոյեմբերի 28-ին` Նիկոլ Փաշինյանի` Նոյեմբերյան քաղաք նախընտրական այցի ժամանակ, նամակ հանձնվեց Փաշինյանին, որպեսզի լուծվի «Կողբաքար» ՍՊԸ-ի կողմից Դեբեդից խճաքար եւ ավազ արդյունահանելու թույլտվության հարցը, սակայն անցած ժամանակաշրջանում խնդիրը չլուծվեց։ Բնապահպանական պաշտոնական եզրակացության համաձայն` Դեբեդից ավազ, խճաքար հանելու դեպքում գետի հունը չի փոխվում: «Կողբաքար» ՍՊԸ տնօրեն Մերուժան Փաշիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց՝ չնայած այն բանին, որ իրենց ընկերությանը չի թույլատրվում Նոյեմբերյանի տարածաշրջանի Պտղավան գյուղի տարածքում՝ Դեբեդ գետի ափին գտնվող հանքավայրից ավազ արդյունահանել, սակայն իրենց ընկերությունը շարունակում է հարկեր վճարել, նաեւ ավազի հանքավայրի համար նախատեսված պետական վարձավճարը:

Փաշիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ վերջերս կառավարությանն առընթեր Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Պտղավանի հանքավայրի ստուգում են իրականացրել՝ պարզելու, թե որքանով է այդ հանքավայրը խախտում բնապահպանական օրենսդրության պահանջները։ Առաջիկայում այդ ստուգման արդյունքների մասին կտեղեկացնեն «Կողբաքար» ՍՊԸ տնօրենին, անհրաժեշտության դեպքում «Կողբաքար» ՍՊԸ տնօրենը դրա վերաբերյալ առարկություններ կներկայացնի: Բայց այս պատմության մեջ ուշագագրավն այն է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներին ստուգման ժամանակ հնարավորություն չեն տվել լինել հանքավայրում, տեղում ուսումնասիրություններ կատարել: Եւ հետաքրքիր է, թե այդ դեպքում այդ ստուգման արդյունքները որքանով կարող են ստույգ լինել:

Մի խոսքով, ո՛չ հանքավայրի գործունեությունն է դադարեցվում, որ ՍՊԸ տնօրենը հարկեր ու տուրքեր չվճարի, ո՛չ էլ թույլտվություն է տրվում շահագործելու համար: Իսկական շիլա-շփոթ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս