Արայի լեռան ստորոտում դեռ 5 ծխացող օջախ կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 25-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի կողմից հերթապահություն է իրականացնում 5, Աշտարակի կողմից՝ 2 փրկարար: Ապարանի կողմում առկա է 5 ծխացող օջախ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 09:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհի ընդհանուր մակերեսը վերոնշյալ տարածքում կազմել է մոտ 150 հա:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության վեց օպերատիվ խումբ, յոթ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ (ընդհանուր՝ 92 փրկարար), Կոտայքի մարզի Սարալանջ գյուղից 15, Արա գյուղից 30, Զորավան գյուղից 20, Եղվարդ քաղաքից 15 և Արագածոտնի մարզի մոտակա գյուղերից 20 բնակիչ, ինչպես նաև անտառտնտեսության 18 աշխատակից:

Օգոստոսի 21-ին, ժամը 02:15-ին հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Պարզվել է, որ Կոտայքի մարզի տարածքում այրվում է մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի տարածքում՝ 500 հա: Ժամը 09:50-ին Զորավան գյուղի գերեզմանատնից դեպի Արայի լեռ տանող հատվածում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ, որը մեկուսացվել է ժամը 18:15-ին. սահմանվել է հերթապահություն:

Օգոստոսի 22-ին հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 1800 հա:

Աշխատանքներին մասնակցել են 29 փրկարար և անտառտնտեսության 2 աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:54-ին և սահմանվել հերթապահություն:

Օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզի տարածքում 9 հրշեջ-փրկարար իրականացրել է հերթապահություն, իսկ Արագածոտնի մարզի տարածքում 17 հրշեջ-փրկարար՝ հրդեհաշիջում. դեռևս առկա են եղել ծխացող օջախներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:27-ին. սահմանվել է հերթապահություն:

Օգոստոսի 24-ին, ժամը 09:50-ին «Ծաղկեվանք» եկեղեցուն հարակից տարածքում, ինչպես նաև գագաթային հատվածում առկա ծխացող օջախների մարման աշխատանքներ և հերթապահություն են իրականացրել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության չորս օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատի չորս մարտական հաշվարկ:




Լրահոս