Օգոստոսի 26-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը գործակարգապահական խորհրդակցություն անցկացրեց նախարարության ղեկավար կազմի մասնակցությամբ:
Քննության ենթարկվեց ստեղծված հրդեհավտանգ իրավիճակը և մանրամասն վերլուծվեց դրանցից բխող գործողությունները:
Նախարար Ցոլակյանը նշեց, որ այսուհետ յուրաքանչյուր խոշոր հրդեհից հետո պետք է իրականացվի մանրամասն վերլուծություն, հստակեցվի պատճառները, անվանական պատասխանատվություն սահմանվի թերացողների նկատմամբ և նույն կերպ խրախուսվեն աշխատանքը պատշաճ կատարած աշխատակիցները:
Ֆելիքս Ցոլակյանը երախտագիտություն հայտնեց հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած հրշեջ-փրկարարներին՝ կարևորելով կրակի հետ կռիվ տվող փրկարարի նվիրումը, ով առանց վարանելու վտանգում է սեփական կյանքը, որպեսզի կատարի իր առջև դրված խնդիրը:
ԱԻ նախարարի համոզմամբ, փրկարար ծառայողի հերոսականությունը պետք է գնահատվի և հասարակությունը պետք է ճանաչի իր փրկարարներին: Նախարարն առաջարկելու է հնարավորինս բարձրացնել փրկարարների աշխատավարձը: «Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ ցածր օղակի աշխատակիցներից, իրենք տղա՛ են, որոշներից ավելի լավ տղա են, ամեն ինչ անելու եմ աշխատավարձերը բարձրացնելու համար, ամեն ինչ»,- ասել է նախարարը:
Ըստ Ֆելիքս Ցոլակյանի, արդյունքի հասնելու համար մշտապես կարևորվելու է կարգապահությունը, կազմակերպվածությունը, թերացմանն ու լավ աշխատանքին համարժեք գնահատական տալու մոտեցումը:
Առկա խնդիրներին արդյունավետ լուծում տալու նպատակով նախարար Ֆելիքս Ցոլակյանը վարչապետի որոշմամբ ստեղծված շտաբի քարտուղար Հովհաննես Եմիշյանին հանձնարարեց ահազանգերի ժամանակ, ըստ գործառույթների, տեղեկացնել շտաբի անդամներին և հետևել, որպեսզի մյուս գերատեսչությունները կատարեն վարչապետի որոշմամբ պատվիրակված պարտականությունները: