Մենք ցանկացած պարագայում ժողովրդի կողքին ենք. Արման Աբովյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց Ձորի մարզում գտնվող Ամուլսարի հանքի շահագործման հարցը դեռեւս շարունակում է մնալ ԱԺ տարբեր խմբակցություններում փակ քննարկումների թեմա։ Ավելի թեժ են քննարկումներն ընդդիմադիր խմբակցություններում, քանի որ, կարելի ասել, իշխանությունների համար հանքի շահագործման հարցը դրական եզրահանգումներ է ստանում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` խորհրդարանական ընդդիմությունն այս օրերին փորձում է հստակեցնել իր դիրքորոշումը, որպեսզի աշնանը սպասվող զարգացումներին կարողանա հստակ եւ հիմնավորված դիրքորոշում ներկայացնել հանրությանը։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ՝ պարզելու ԲՀԿ-ի դիրքորոշումը հանքի շահագործման վերաբերյալ։

-Պարո՛ն Աբովյան, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը վերջնական ի՞նչ դիրքորոշում ունի հանրության շրջանում բուռն քննարկումների առարկա դարձած Ամուլսարի հանքի հետագա ճակատագրի վերաբերյալ։

-Մեր որոշումը շատ հստակ է. յուրաքանչյուր հարց ՀՀ-ում կամ կառավարության որոշում պետք է լինի իրագործելի միայն եւ միայն հանրային կոնսենսուսի արդյունքում։ Սա մեր դիրքորոշումն է եւ վերջ։

-Ստացվում է, որ հանրությունը պահանջում է չշահագործել հանքը, իսկ իշխանությունների դիրքորոշումից հասկանալի է դառնում, որ Ամուլսարը պետք է հանք դառնա։ ԲՀԿ-ն ո՞ւմ կողքին է կանգնելու։

-Տեսեք, խնդիրը կայանում է նրանում, որ պետք է անպայման լինի հանրային կոնսենսուս, իսկ մինչեւ դա չլինի, որեւէ գործընթաց չպետք է ընթանա։ Սա մեր դիրքորոշումն է, եւ այլ բանի մասին խոսել այս պահին իրատեսական չեմ համարում։ Այստեղ որեւէ բայց չի կարող լինել. հստակ կա դիրքորոշում, իսկ դա հանրային կոնսենսուսն է։ ԲՀԿ խմբակցությունը բազմիցս բարձրաձայնել է այդ մասին, ու Ձեր հայտարարությունը այդ մասին` իշխանությունների հետ կապված, այլ պարզաբանում չունի։

Եթե իշխանությունն ասում է, որ հանքի շահագործմամբ վտանգ չի տեսնում, ապա հանրության հետ նստի հաշվի, թող նստեն խոսեն, հասկանան, պարզաբանեն։ Ու եթե իշխանությանը հաջողվի հանրային կոնսենսուսի հասնել, եւ իրենց փաստարկներն էլ համոզիչ լինեն, ապա, խնդրեմ, յուրաքանչյուր գործընթաց կարող են սկսել։ Իսկ եթե չլինի ընդհանուր համաձայնություն, կարծում եմ՝ որեւէ գործընթաց չպետք է ընթանա։

-Վարչապետը Ջերմուկ մեկնեց, խոսեց տեղացիների հետ, ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում պարզաբանեց ամեն ինչ. սա բավարար չէ՞ր հանրային կոնսենսուսի հասնելու համար։ Դուք հանդիպե՞լ եք, պարզե՞լ եք` այս ամենից հետո նրանց դիրքորոշումը փոփոխվել է, թե ոչ։

-Այո, իհարկե հանդիպել ենք, ու կարելի է եզրակացնել, որ այս հարցի շուրջ կոնսենսուս չկա։ Բայց եկեք այժմ եթեներով չխոսենք. մենք ցանկացած պարագայում ժողովրդի կողքին ենք։

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս