Մեր նպատակը Առաջին խմբում թիմ ունենալն է․ Վարդան Դավթյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Վարդենիսի «Անդրանիկ 05» ֆուտբոլային ակումբը շարունակում է ֆանտաստիկ մրցելույթները, Վարդենիսում իր ճանապարհն է սկսում նոր մանկապատանեկան թիմը` «Արփի 07»-ը: Այս թիմը սկսեց պայքարը Հայաստանի մինչեւ 13 տարեկանների առաջնությունում` մրցելով «Արարատ – Արմենիայի» հասակակիցների հետ: Խաղն ավարտվեց «Արարատ – Արմենիայի» 2:1 հաշվով հաղթանակով: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Արփի 07» եւ «Անդրանիկ05» ակումբների նախագահ Վարդան Դավթյանի հետ:

Խաղի մասին

«Նախ կարող եմ ասել, որ շատ անակնկալ էր այն փաստը, որ մենք միանգամից ընդգրկվեցինք ուժեղագույնների խմբի մեջ: Մեր թիմը նոր է կազմավորվել, եւ մենք առաջին անգամ էինք խաղում արհեստական խոտածածկի վրա: Թիմի ցուցադրած խաղից գոհ եմ, արդյունքից` ոչ: Երեխաները լավ խաղացին եւ կարող էին նաեւ հավասարեցնել հաշիվը, բայց չստացվեց: Մարզիչները ամեն ինչ անում են, որ թիմն ունենա իր խաղային ձեռագիրը, եւ կարծում եմ` ճիշտ ճանապարհ ենք ընտրել:

Մյուս խաղերում կփորձենք ավելի լավ հանդես գալ: Շատ լավ է, որ «Արարատ – Արմենիայից» բաց թողեցինք ընդամենը 2 գոլ: Եթե նայենք նրանց պայմաններին, ապա պետք է որ կարողանային ավելի շատ գոլային պահեր ստեղծել, սակայն մեր երեխաները պատվով հանդես եկան:

Այս խաղում բացակայում էր մեր թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, ում ներկայությունը միանշանակ կազդեր խաղի ելքի վրա: Չենք դժգոհում, ուղղակի շարժվում ենք առաջ, մենք դեռ շատ ապացուցելու համար»:

Առաջնության մասին

«Առաջնությունը շատ ուժեղ է. A խմբում ընդգրկված են Հայաստանի ուժեղագույն մանկապատանեկան թիմերը,իսկ մարզային ակումբները քիչ են: Չէինք պատկերացնում, որ միանգամից այսպիսի թիմերի հետ կխաղանք: Բայց, մյուս կողմից, սա լավ է, քանի որ տղաները կկարողանան մտնել տեմպի մեջ ու կկարողանան շատ բաներ սովորել ուժեղ մրցակիցներից: Մենք ոչնչով չզիջեցինք «Արարատ – Արմենիա 07»-ին այն դեպքում, երբ նրանց մարզվելու եւ խաղերին պատրաստվելու պայմանները հեյակապ են, այնտեղ աշխատում են բարձրակարգ մարզիչներ եւ այլն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր մարզչական շտաբին բարձրակարգ աշխատանքի համար: Մենք դեռ մեր խոսքը կասենք Հայաստանի մինչեւ 13 տարեկանների առաջնությունում»:

Թիմի մասին

«Մեր թիմը կազմավորվել է 2018 թվականի մայիսին: «Անդրանիկ 05»-ի հաղթանակներից ոգեւորված ավելացան նաեւ ֆուտբոլ մարզվել ցանկացող շատ երեխաներ: Տեսնելով, որ ունենք լավ ֆուտբոլիստներ` բացեցինք նաեւ մեր երկրորդ ակումբը` «Արփի 07»-ը: Պատճառ հանդիսացավ նաեւ այն, որ կարող էինք մասնակցել Հայաստանի մանկապատանեկան առաջնությանը: Վարդենիսում ֆուտբոլը զարգացման նոր թափ է առել: Վստահ ենք, որ այսպես էլ կշարունակվի: «Արփի 07»-ում ընդգրկված են Վարդենիս քաղաքի եւ գյուղային համայնքների երեխաները: Շատ լավ թիմ ունենք եւ ուժ չենք խնայում այն ավելի զարգացնելու ու ուժեղացնելու համար»:

Հետագա ծրագրերի մասին

«Մենք այսքանով չենք սահմանափակվի: Կա նպատակ ստեղծելու նաեւ 3-րդ, ինչու ոչ, նաեւ 4-րդ թիմը: Իհարկե, պայմանները այդքան էլ լավը չեն, բայց երեխաների ձգտումն ու այս սպորտաձեւում հաջողությունների հասնելու ցանկությունը անչափ մեծ է: Մեր նպատակը տարիներ հետո Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում ակումբ ունենալն է: Հուսով ենք, որ կկարողանանք հասնել դրան»,-ասել է պարոն Դավթյանը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս