Կրեմլի խտրական վերաբերմունքը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոչիում` միջազգային խորհրդակցությունների «Վալդայ» ակումբում, Հայաստանի վարչապետի` «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարության լավրովյան քննադատությունը Հայաստանի քաղաքական տարբեր թեւերում, փորձագիտական տարբեր շրջանակներում տրամագծորեն տարբեր մեկնաբանությունների առիթ է դարձել:

Մի կողմում դժգոհում են, թե սա հայկական դիվանագիտության ձախողումն էր, համարում են, թե Լավրովի գնահատականն ահազանգ էր, որովհետեւ Հայաստանն, ըստ էության, ներկայացվում է բանակցության տապալող, բայց քաղաքական – փորձագիտական մյուս հատվածում Մոսկվայի այս վերաբերմունքը խտրական են համարում:

Հիշեցնում են` Արդրբեջանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ Հայաստանն է Ադրբեջանի մաս: Նկատում են նաեւ, որ վիճելի է, թե որ արտահատությունն է ավելի շատ ազդում բանակցային գործընթացի վրա` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հոխորտա՞նքը, որ շուտով իրենք պատերազմ են սկսելու, թե՞ որ ազգային միասնականությունն ակնարկելով` Հայաստանի վարչապետն ասում է` «Արցախը Հայաստան է եւ վերջ»:

Հետեւաբար այս հատվածում դժգոհում են` այս կամ այն հայտարարությունը մեկնաբանելիս արտգործնախարար Լավրովը կամ միջազգային հանրության որեւէ այլ ներկայացուցիչ պետք է գնահատական տան իրական ռիսկերին, աշխարհը, ուժային կենտրոնները իրական քաղաքականությունում պետք է հաշվի նստեն իրավիճակի իրական պատկերի հետ: Այստեղ անհրաժեշտ է թերեւս հիշել նաեւ, որ «Վալդայում» այս քննարկման ընթացքում մի առանձին հոխորտանք – ելույթ Իլհամ Ալիեւն էլ է ունեցել` փորձելով առաջ մղել հակահայկական իրենց հայտնի թեզերը` ագրեսորի իր հիմնական կեցվածքով ու թերեւս լավագույնս օգտվելով փաստից, որ հայկական կողմից ներկայացուցիչ, իրեն հակընդդեմ փաստեր ներկայացնող այս քննարկմանը չի եղել:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց` ԱԳՆ-ի միջոցով «Վալդայ» ակումբի այդ քննարկմանը մասնակցության հրավեր մեզ չեն փոխանցել: Մնում է հասկանալ` ինչ սկզբունքով ու պարբերականությամբ են այդ հրավերներն ուղարկվում: Եվ վերջում մի ուշագրավ փաստ էլ. արձանագրենք, ինչպես ֆիքսել են լրատվամիջոցների օբյեկտիվները, այս քննարկմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի ժամանակ Իլհամ Ալիեւը պարզապես քնել է:

Ապշերոնի փադիշահի ուժերը թերեւս սպառվել են «Ղարաբաղը Ադրբեջան է եւ վերջ» հայտարարությունից ու, առհասարակ, հակահայկական հռետորաբանությանը զարկ տալուց հետո:




Լրահոս