10 տարվա ցուցանիշներն ու տնտեսական հեղափոխությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս այս տարվա փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց տնտեսական հեղափոխության ֆիզիկական եւ վիրտուալ քայլարշավ սկսելու մասին: Եվ, ահա, այդ օրվանից բոլորը քննարկում են դրա հանարավորությունները, հեղափոխության հասնելու ուղիներն ու միջոցները: Իսկ ի՞նչ ունենք այսօր եւ ինչպիսի՞ն էր իրավիճակը տնտեսությունում վերջին տարիներին: «Ժողովուրդ» օրաթերթը կփորձի կարճ ներկայացնել` ինչպիսին էր Հայաստանը նախորդ տարիներին:

Այսպես, 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի մեկնարկից մի քանի տարի առաջ աշխարհի մասշտաբով տնտեսական աճը կազմում էր մոտ 5% (ավելի հստակ՝ 2006թ.-ին՝ 4.29%, 2007թ.-ին՝ 4.21%1 ): Եթե այդ աճի տեմպը պահպանվեր, ապա այն թույլ կտար համաշխարհային ՀՆԱ-ն կրկնապատկել յուրաքանչյուր տասնհինգ տարին մեկ: Ըստ մասնագետների` դրանով հնարավոր կլիներ լուծել միլիարդավոր մարդկանց աղքատության հիմնախնդիրը: Եվ դրանից հետո տնտեսությունը չկարողացավ վերադառնալ արագ աճի նախկին մոդելին եւ, օրինակ, 2017 թվականին համաշխարհային տնտեսությունը արձանագրել է 3.13% տարեկան աճ, որը 2010թ.-ից հետո ամենաբարձր ցուցանիշն է եղել, սակայն ցածր է նախաճգնաժամային միջին մակարդակից:

Ինչպես հայտնի է, երկրի մասշտաբով ամենակարեւոր ցուցանիշներից է բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի մեծությունը, որը բնութագրում է, ըստ էության, հասարակության գործունեության արդյունավետությունը մեկ շնչի հաշվով, եւ ցանկալի է, որ այն աճի բնակչության աճին զուգահեռ: Սակայն այս կարեւոր մակրոտնտեսական օրինաչափությունը ՀՀ-ում 2008-2017թթ.-ին չի պահպանվել, 2008-2016թթ.-ին այն նվազել է 404.3 ԱՄՆ դոլարով: 2017թ.-ի տվյալներով` բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի մեծությունը ՀՀ-ում, 2008թ.-ի համեմատությամբ, նույնպես նվազել է (73.2 ԱՄՆ դոլարով):

Նկատենք, որ 2017թ.-ին, 2008թ.-ի համեմատությամբ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը նվազել է 8.2%-ով, ըստ որում, աշխատունակ տարիքից ցածր տարիքի բնակչությանը՝ 12%-ով եւ, ընդհակառակը, 5.1%-ով ավելացել է աշխատունակ տարիքից բարձր բնակչության ցուցանիշը, ինչը վկայում է ՀՀ բնակչության ծերացման մասին: 2008թ.-ի համեմատությամբ` 2017թ.-ին 23.2%-ով նվազել է բնակչության բնական աճի ցուցանիշը: Նկատենք, որ տարիներ առաջ ՀՀ-ում բնակչության բնական աճը 2-3 անգամ ավելի է եղել:

Շարունակում են բարձր մնալ գործազրկության, ինչպես նաեւ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակի ցուցանիշները: Ընդ որում, ՀՀ-ում գործազրկության մակարդակը ԱՊՀ եւ Բալթյան երկրների շարքում ամենաբարձրն է: 2008-2017թթ. աղքատության ցուցանիշները, թեեւ փոփոխվել են, սակայն դրանք շարունակում են մնալ բարձր, իսկ գյուղական բնակավայրերում ծայրահեղ աղքատության մակարդակը նշված ժամանակահատվածում ավելացել է 0.7 տոկոսային կետով, աղքատության խորությունը՝ 0.1 տոկոսային կետով, իսկ աղքատության սրությունը՝ 0.2 տոկոսային կետով:

Իրավիճակն ամենավատն է կոռուպցիայի վերահսկողության առումով: Այս ցուցանիշը 2002թ.-ից շատ փոքր տարբերություններով սկսել է բարելավվել ու 2017թ.-ին կազմել է ընդամենը -0.56, ինչը բավականին ցածր մակարդակի մասին է վկայում: Շահախնդիր նպատակներով պետական իշխանության օգտագործման պրակտիկայի տարածվածության գնահատականը այնքան էլ խոստումնալից չէ, մյուս կողմից էլ փոքր եւ մեծ չափերի կոռուպցիայի առկայությունը, ինչպես նաեւ մասնավոր հատվածի եւ շերտերի ներկայացուցիչների` իշխանության մեջ ներգրավվածության ծավալները շոշափելիորեն ընդգրկուն են: Սա խոսում է այն մասին, որ նշված խնդիրների լուծման համար անհրաժեշտ է խորը վերլուծությունների եւ համապատասխան միջոցառումների իրականացում:

Երեկ ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամները փորձեցին հասկանալ, թե ինչպես կարող են հասնել տնտեսական հեղափոխության: Եվ վարչապետն իր ելույթում կարեւորել է անհատի առկայության հանգամանքը: «Մենք անընդհատ շեշտում ենք, որ Հայաստանի տնտեսական զարգացման հիմքում տեսնում ենք անհատական ջանքը, անհատի մոտեցումը։ Նման քննարկումները շատ կարեւոր են այսօրինակ հարաբերություններն ուժեղացնելու համար։ Կարծում եմ՝ 2019 թվականին տնտեսական իրավիճակն ու ցուցանիշները, որ մենք ունենք, գալիս են ապացուցելու այդ թեզի ճշմարտացիությունը։ Շատ լավ տրամադրություն ու մթնոլորտ են ստեղծվել, եւ մեր հիմնական խնդիրը պետք է լինի այդ տրամադրությունն ամրապնդելը»,- հավելեց ՀՀ վարչապետը։

Փաշինյանի խոսքով` Հայաստանում իսկապես տնտեսական գործունեության շատ լավ տրամադրություն է ստեղծվել, եւ հիմնական խնդիրը համարում են տրամադրությունը ամրապնդելը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս