Բախում չի լինելու. Հրաչյա Հակոբյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետը հանդիպման ժամանակ խոսել է գրեթե բոլոր այն հարցերի մասին, որոնք անհանգստացնում են հանրությանը: Մեր տեղեկություններով` Ն. Փաշինյանը հայտարարել է, որ բավականին երկար ժամանակ է` իրենք չեն հանդիպել, ուստի կարող են հերթագրվել իրեն հարցեր ուղղելու համար:

Ըստ նույն տեղեկությունների` առանցքային հարցերից է եղել Ամուլսարի հանքի շահագործման հարցն ու ՀՀ ոստիկանության համակարգում առաջիկայում կատարվող կառուցվածքային փոփոխությունները: Նիստը տեւել է մոտ 3 ժամ, որի ժամանակ պատգամավորները հարցեր են հնչեցրել, իսկ դրանց պատասխանել է ՀՀ վարչապետը:

Բանն այն է, որ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված առաջիկայում պետք է զարգացումներ լինեն, ու իմքայլականները փորձել են վարչապետից պարզել, թե ինչ ընթացք է ունենալու այդ հարցը. եթե լինեն խնդիրներ կրկին հանքը տանող ճանապարհի փակման առումով, ապա իրենք ինչ քայլերի են դիմելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետը իր թիմի ներկայացուցիչներին հորդորել է բոլոր հարցերում զգոն լինել, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան համախմբվել ու միասնական պատասխան տալ: Մեր տեղեկություններով` բավականին շատ պատգամավորներ են հերթագրվել վարչապետին հարցեր ուղղելու համար:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ` պարզելու, թե ինչ հարցերի շուրջ են զրուցել ՀՀ վարչապետի հետ:

-Պարո՛ն Հակոբյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ձեր խմբակցության ներկայացուցիչների հետ: Ի՞նչ էիք մոտ 3 ժամ քննարկում ՀՀ վարչապետի հետ:

-Մենք ՀՀ վարչապետի հետ հանդիպում ենք առանց առիթի, սա մեր հերթական հանդիպումներից մեկն է: Քննարկել ենք հանդիպման ժամանակ տարբեր հարցեր, օրակարգում կոնկրետ մեկ կամ երկու հարց չի եղել, մենք հանդիպումներ ենք ունենում, ու բոլորին հուզող հարցերին պատասխանում է ՀՀ վարչապետը:

-Ըստ մեր տեղեկությունների` հանդիպմանը քննարկել եք Ամուլսարի հանքի շահագործման հարցը, առաջիկայում ոստիկանական համակարգի կառուցվածքային փոփոխության, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մասին: Ա՞յս հարցերն են իշխանություններին տանջում:

-Օրակարգային բոլոր հարցերը քննարկվել են, նաեւ Ձեր կողմից հնչեցված հարցերը: Գիտեք ինչ, անհանգստացնող բան չկա. եթե պատգամավորին հարցեր են հուզում, ապա բնական է, որ դրանք պետք է հնչեն, պետք է դրանց շուրջ քննարկումներ լինեն, ես դա բնական երեւույթ եմ համարում: Պատգամավորների մոտ հարցեր են առաջացել, ու բոլորը իրենց հարցերն են ուղղել, անհանգստանալու բաներ չկան:

-Նշվում է, որ առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ: Ի՞նչ որոշում եք կայացրել այդ հանդիպման ժամանակ, որո՞նք են լինելու Ձեր քայլերը:

-Ես նման տեղեկություն չունեմ, որ շուտով զարգացումներ են լինելու, հարցը քննարկվել է, հարցը օրակարգում է, բայց որ ասեմ ինչ-որ զարգացումներ են սպասվում շուտով, ես նման տեղակատվություն չունեմ: Բնականաբար, ամեն ինչ պետք է արվի, որ կողմերի միջեւ բախում չլինի, ու այդպես էլ արվելու է, բախում չի լինելու, հավատացեք:

-Բայց ինչի՞ց ելնելով եք դա ասում: Բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ փոխզիջումների այս հարցում ոչ ոք չի ուզում գնալ:

-Որովհետեւ մենք չենք գնալու բախման, մենք խոսելու ենք մեր քաղաքացիների հետ այդ հարցի վերաբերյալ: Եթե բախման գնայինք, ապա հարցն այսքան երկար չէր քննարկվի, այսքան երկար ուսումնասիրություններ չէին կատարվի: Հետեւաբար այս ամենը խոսում է նրա մասին, որ մենք որեւէ այլ բանի չենք գնալու, մենք կխոսենք, կքննարկենք, պետք լինի, միշտ էլ կոնսեսուսներ կփնտրենք, մենք այլ տարբերակների չենք գնալու, հավատացեք: Ամեն ինչ պետք է անել, որ այդ հարցը լուծվի հնարավորինս առանց խնդիրների, առանց կողմերի բախումների:

-Պարո՛ն Հակոբյան, ըստ տեղեկությունների` Ձեր խմբակցությունում գրեթե ամենօրյա ռեժիմով քննարկվում է այն հարցը, թե ինչպես պետք է վարվել այն պատգամավորների հետ, ովքեր մեծամասնության տեսակետը չեն կիսում: Նրանց նկատմամբ անհանդուրժողականություն կա, անգամ նշվում է, որ ճնշում եք: Ինչո՞ւ չեք հանդուրժում այն անձանց, ովքեր չեն կիսում խմբակցության դիրքորոշումը:

-Դա ապատեղեկատվություն է, նման բան չկա, մեր ֆրակցիայում սանկցիաներ չեն կիրառվում, մեր ֆրակցիայում բազմակարծությունը եղել է ու կա, կլինի նաեւ առաջիկայում: Անհանդուրժողականություն մեր խմբակցությունում չկա այն անձանց նկատմամբ, ովքեր այլ դիրքորոշում ունեն այս կամ այն հարցի վերաբերյալ: Մենք ուղղակի համարում ենք, որ կոնկրետ մի հարցի վերաբերյալ խմբակցությունը պետք է միասնական դիրքորոշում ունենա, բայց որ կան պատժամիջոցներ, ապա վստահեցնում եմ նման բան գոյություն չունի: Ես կարծում եմ` այս ժամանակահատվածում էլ եղել են պատգամավորներ, ովքեր բաց արտահայտել են իրենց տարբերվող տեսակետը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս