«Սանիթեք» ընկերության աշխատողները ղեկավարությունից պահանջում են վճարել իրենց հասանելիք վերջնահաշվարկը: Ընկերության մաքրուհիները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեցին, որ նրանցից մեծ մասը անգամ արձակուրդ չի գնացել, գիշերային ժամերին եւ հանգստյան օրերին աշխատել են, բայց այդպես էլ դրա դիմաց չեն վարձատրվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը հոկտեմբերի սկզբին է, ի վերջո, աշխատավարձերը վճարել: Հիմա էլ աշխատողները պահանջում են վճարել վերջնահաշվարկը, իսկ ընկերությունը զբաղված է միջազգային արբիտրաժային դատարան դիմելով: Եվ որպես այդ գործընթացի առաջին քայլ ընկերության բաժնետերը` Նիկոլաս Էլ Թավիլը, գործելով նաեւ մյուս բաժնետերերի անունից, երեկ ծանուցել է կառավարությանը եւ քաղաքապետարանին ներդրումային վեճի առկայության վերաբերյալ:
Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ այս տարվա ապրիլին ստեղծված Երեւանի սանմաքրման եւ աղբահանության համայնքային հիմնարկում մաքրուհիների քանակը քիչ է Երեւանի փողոցները մաքրելու համար: Մաքրուհիների խոսքերով` դիմողները շատ են, սակայն ընդունող չկա: Եւ այս ամենի արդյունքում տարածքներ կան, որոնք չեն մաքրվում:
Ըստ մարքուհիների` երբ «Սանիթեք»-ն էր մարքությունն իրականացնում, ուներ 70 մաքրուհի, իսկ նորաստեղծ հիմնարկում նրանց թիվը չի հասնում 50-ի: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ Երեւանի ավագանու հոկտեմբերի 8-ի նիստում հիմնարկը 206 աշխատակցով համալրելու վերաբերյալ որոշման նախագիծն ընդունվեց, եւ հիմնարկի աշխատակիցների ընդհանուր թիվը կհասնի 853-ի: Այսինքն` ավելացվող հաստիքներից 150-ը հավաքարարի հաստիքներ են լինելու:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ էր տեղեկացրել արբիտրաժային դատարան դիմելու մասին: