Ռուսական բողոքի նոտայի լուրերը. ORSIS-ՀՀ ՊՆ սկանդալի երանգները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղեկությունները, թե Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա է հղելու զենքի տենդերի չեղարկման առնչությամբ, ըստ ТАСС ռուսական պետական գործակալության, ճիշտ չեն: Բայց ավելի վաղ РИА “Новости”-ն հայտնել էր, որ ՌԴ-ն բողոքի նոտա է հղելու ՀՀ-ին` ռուսական ORSIS զինագործական ընկերության մասնակցությամբ տենդերի չեղարկման վերաբերյալ: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ ՊՆ-ի կողմից մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենքի մատակարարման տենդերը, որին մասնակցում էր ORSIS ընկերությունը, անհիմն փակվել է, ընկերությունը բողոքարկել է այդ որոշումը, ու հարուցվել է քրեական գործ:

Հայաստանի քննչական կոմիտենհաստատեց լուրը, որ հարուցվել է քրեական գործ` «ծառայության նկատմամբ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքի հատկանիշներով», ռուսական ընկերությունըհույս էր հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի, որպեսզի մեղավորները պատժվեն` անկախ պաշտոնից ու դիրքից: Բայց նախագահ Պուտինի` վերջերս Երեւան այցից առաջ ընկերության պաշտոնական կայքը տեղեկացրեց` ORSIS-ը ՀՀ ՊՆ-ին դատի չի տվել: Այժմ էլ ռուսական բողոքի նոտայի լուրերն են շրջանառվում:

Ըստ РИА “Новости” –ի` Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Օլեգ Ռյազանցեւը հոկտեմբերի 22-ին ստորագրել է նոտան Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ խնդրանքով կարգավորել ORSIS ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը: Լրատվական գործակալությունը հաղորդում է, թե ունի փաստաթղթի կրկնօրինակը, որտեղ նշված է. «Խնդրում եմ Ձեզ դիտարկել ստեղծված իրավիճակը եւ միջոցներ ձեռնարկելու կարգադրություններ տալ՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ»: Բայց Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ բողոքի նոտա չեն ստացել: ԱԳՆ մամուլի խոնակ Աննա Նաղդալյանն էլ երեկ մեզ փոխանցեց. «Այս պահի դրությամբ ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ ԱԳՆ-ից տվյալ հարցի վերաբերյալ որեւէ գրություն չի ստացել»:

Ի դեպ, մեր աղբյուրները հայտնում են, որ ORSIS-ը սերտ առնչություն ունի Ռուսաստանի նախկին փոխվարչապետ, Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման երբեմնի համակարգող Դմիտրի Ռոգոզինի հետ: Եվ վերջում մեկ ուշագրավ փաստ էլ. S-400 համակարգերի ռուս-թուրքական նոր գործարք է քննարկվում: Ռուսաստանի պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Միխեեւը «Ինտերֆաքս»-ին ասել է, որ քննարկվում է ավելի շատ S-400 համակարգեր Թուրքիային վաճառելու հարցը: Մոսկվան ու Անկարան այժմ ճշտում են «ֆինանսավորման եւ մատակարարման ժամանակացույցը»:




Լրահոս