«Մուլտի գրուպ»-ի տնօրենը չկալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց դատախազության բողոքը՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու Ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Դատարանը Սեդրակ Առուստամյանին, 20 մլն դրամի գրավի դիմաց ազատ էր արձակել կալանքից։

ՀԻշեցնենք, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով` ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու, և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելու հատկանիշներով:

Ըստ մեղադրանքի` Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցք ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ են տրվել առերևույթ չարաշահումներ: Հարուցված քրեական գործի նախաքննության փուլում տվյալներ են ձեռք բերվել, որ «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ծրագրի շրջանակում Թալին-Լանջիկ և Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների և նույն աշխատանքներում որպես ենթակապալառու ներգրավված «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության ղեկավարների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մասին: ՀՀ քննչական կոմիտեի հաղորդման համաձայն՝ «Սեդրակ Առուստամյանը, փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը, 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ միասին, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել՝ «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ապօրինի ֆինանսական միջոցներ դուրս բերելու, դրանց հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով դրանք իրենց փոխկապակցված այլ ընկերությունների փոխանցելու և գումարները այլ ծախսերի պատրվակով կամ որպես շահաբաժնի անվան տակ կանխիկացնելու և օրինական շրջանառություն մտցնելու և այդ կերպ նաև «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու վերաբերյալ:

Արդյունքում` պետությանը 2.733.171.489 ՀՀ դրամի վնաս է պատճառվել:




Լրահոս