Նոյեմբերյանում շատ խնդիրներ են կուտակվել․ ինչ առաջարկ կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյան քաղաքում սպանդանոց է գործում, սակայն այն տարածքը, որտեղ գտնվում է սպանդանոցը, անտառային տարածք է համարվում, թեեւ այնտեղ անտառ չկա։ Այդ պատճառով սպանդանոցի գործունեության համար խոչընդոտներ են առաջանում։

Նույնկերպ Նոյեմբերյան համայնքի մաս կազմող բնակավայրերում մասնավոր կամ համայնքային նշանակության շինություններ կան, որոնք գտնվում են պետական համարվող հողերի վրա։ Խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Խաչիկ Գիշյանը հողերի նպատակային նշանակությունը փոխելու գործընթացը դյուրացնելու առաջարկ ներկայացրեց հոկտեմբերի 18-ին Նոյեմբերյան քաղաք այցելած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանին, Հայկ Գեւորգյանին եւ Սիսակ Գաբրելյանին, որպեսզի խնդիրը տարբեր նախարարություններում երկար չքննարկվի ու մեծ դժվարությամբ չլուծվի։

Պատգամավորներն ասացին, որ նախկին իշխանության օրոք բարձրաստիճան մի պաշտոնյայի զանգով կամ ցուցումով տարբեր հողատարածքների նպատակային նշանակությունը փոխվել է, որը չարաշահումների տեղիք է տվել։ Նրանք ասացին, որ սեփականության իրավունքի ճանաչման իրավական ճանապարհը դատարան դիմելն է։ Համայնքապետի տեղակալ Խաչիկ Գիշյանն այդ կապակցությամբ ասաց, որ դատական գործընթացը ձգձգվում է, Նոյեմբերյան քաղաքում գյուղատնտեսական շուկա չկա, հիմա նոր շուկա է կառուցվում, խորհրդային տարիներին գործած գյուղատնտեսական շուկայի տարածքը սեփականաշնորհվել է, այդ կապակցությամբ Նոյեմբերյանի քաղաքապետարանը դատարան է դիմել, սակայն այդ դատը 11 տարի շարունակվում է։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս