ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման։ Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ և օրինական ուժ տվեց Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին։
Դավիթ Համբարձումյանը, հիշեցնենք, ավելի քան յոթ տարի տևած դատաքննությունից հետո մեղավոր էր ճանաչվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից և դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի 3 ամիս ժամկետով։ Համբարձումյանը մեղադրյալի աթոռին է հայտնվել դեռ 2019թ․-ից, մեղադրվում է իշխանափոխության օրերին դեպի Երևանի Հանրապետության Հրապարակ գնացող քաղաքացիներին իբչև զենքով բռնություն գործադրելու մեջ։ Ըստ իրավապահների՝ 2018-ի ապրիլի 22-ին ժամը 16-17-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։ Համբարձումյանը մեղադրանքը չի ընդունում, պնդում է՝ այն շինծու է։ Վերաքննիչ քրեական դատարանը որոշել էր մասնակի բավարարել բողոքը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
Վճռաբեկ դատարանը բողոքները վարույթ է ընդունել հոկտեմբերի 19-ին և մեծ արագությամբ քննեց դրանք՝ բավարարելով դատախազի բողոքը և օրինական ուժ տալով առաջին ատյանի դատավճռին՝ Մասիսի ընտրություններից ընդամենն օրեր առաջ։
Նշենք՝ այս որոշումը նշանակում է, որ Համբարձումյանը չի կարող մասնակցել դեկտեմբերի 13-ին սպասվող ընտրություններին: Նրա առաջնորդած դաշինքը Մասիսում իշխանության միակ մրցակիցն է:
Փաստաբան Գայանե Պապոյանն արձագանքել է Համբարձումյանի վճռին և նշել, որ այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը։




























