ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված մթնոլորտ ԱԻՆ-ում. ինչ ստուգումներ է իրականացնում ՊՎԾ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում Պետական վերահսկողական ծառայության ստուգումներ են սկսվել: Ըստ մեր տեղեկությունների` արդեն մի քանի օր է` ՊՎԾ-ն նախարարությունում է ու դեռեւս մոտ մեկ շաբաթ այնտեղ է լինելու. տարբեր փաստաթղթեր է ուսումնասիրում:

Հիշեցնենք, որ դեռեւս հոկտեմբերի 25-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի դեմ բողոք-դիմում են ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո Ֆ. Ցոլակյանը դիմել էր վարչապետին` այդ նամակի հետքերով գա նախարարություն ու ստուգումներ իրականացի` պարզելու նամակի իսկությունը:

Հիշեցնենք, որ գրել էինք, թե ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատողներ ըմբոստացել են` ընդդեմ նախարար Ֆելիքս Ցոլակյանի: Իրավիճակն այնքան է թեժացել, որ այս աշխատակիցները բողոք-նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հայտարարելով, թե նախարար Ցոլակյանը խախտումներ է իրականացնում նախարարությունում: Քանի որ Ցոլակյանն ինքն էլ իրավապահ համակարգի հնաբնակներից է, ինքն էլ իր հերթին է նամակ ուղարկել վարչապետին` խնդրելով նամակի տեղ հասնելուն պես մարդ ուղարկել նախարարություն` ստուգելու բողոքավորների դժգոհության արժանահավատությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այժմ նախարարությունում շատ լարված մթնոլորտ է, Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարել է բոլոր պահանջվող փաստաթղթերը ներկայացնել ՊՎԾ աշխատակիցներին, որպեսզի նրանք կարողանան բացահայտել այն իրողությունը, որ տիրում է նախարարությունում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նախարարն ամեն ինչ անում է, որպեսզի ներկայացնի այն իրավիճակը, որը կա իրականում, եւ ոչ թե այն նամակում, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին:

Մեր տեղեկություններով` ՊՎԾ աշխատակիցները դեռեւս մեկ շաբաթ էլ նախարարությունում կլինեն, որովհետեւ մեծ ծավալի փաստաթղթեր կան, որոնք պետք է ուսումնասիրվեն: Ըստ մեր տեղեկությունների` նամակում բողոքը վերաբերում է նրան, որ իբրեւ թե նախարարը ներսում ունի յուրայիններ, որոնց հետ մշտական շփումների մեջ է ու միայն նրանց է «տեղ տալիս», ինչի համար էլ նման տհաճ իրավիճակ է ստեղծվել նախարարությունում: Բայց թե ինչ կհաջողվի բացահայտել Պետական վերահսկողական ծառայության ներկայացուցիչներին, դժվար է ասել:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ այս կառույցը ղեկավարել է Ֆելիքս Ցոլակյանը ու ինքն է նման ստուգումներ իրականացրել, հիմա էլ, փաստորեն, նրա ղեկավարած ԱԻՆ-ն են ստուգում:

Նշենք նաեւ, որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, այս ամենը կապված է այն հանգամանքի հետ, որ Ֆ. Ցոլակյանն է եղել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին այդ պաշտոնում նշանակելու երաշխավորը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունների մասին խոսել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ, սակայն վերջինս ասաց, որ ստուգումներ են իրականացվում, բայց այս պահին որեւէ բան չի ցանկանում խոսել:

Նյութը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս