Հակածխախոտային օրենսդրությունը ծխելու դեմ պայքարի միակ առողջապահական մեթոդը չէ․ ուսումնասիրություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետազոտություններից մեկում նշվում է, որ հակածխախոտային խիստ օրենսդրություն ընդունելուց անմիջապես հետո՝ միևնույն ամսում, Չիլիում կտրուկ նվազել են սրտամկանի կաթվածի դեպքերը։ ԱՀԿ-ի մեկ այլ զեկույցի համաձայն հակածխախոտային պայքարի մեկնարկին գրեթե զուգընթաց՝ 2005 թվականից, երկրում անցկացվել է առողջապահական ոլորտի շրջադարձային բարեփոխում։ Փաստորեն, սրտամկանի կաթվածի դեպքերի նվազումը Չիլիում կարող է նվազագույնը երկու բարեփոխման հետևանք լինել։

Հարց է առաջանում՝ի զորու՞ է միայն հակածխախոտային օրենքը լուծում տալ առողջապահական ոլորտի համալիր խնդիրներին, թե՞ այն պետք է կիրառել այլ գործիքների հետ համատեղ։ Ի վերջո, կա՞ արդյոք գիտական վերլուծություն, որտեղ բոլոր գործոնները հաշվի առնելով, գնահատական է տրված, թե որքանով է հակածխախոտային խիստ օրենքը նվազեցնում սիգարետի սպառումը։

Տարբեր երկրներում հակածխախոտային պայքարի տարբեր միջոցներ ենկիրառվում։ Համաշխարհային գրականության մեջ կան հետազոտություններ, որոնք միտված են այս կամ այն մեթոդի կիրառման արդյունավետությունը վերլուծելուն։ Միևնույն ժամանակ, դեռևս չենք հանդիպել և ոչ մի հետազոտության, որըկդիտարկի առողջապահական ցուցանիշների ամբողջությունը այներկրում, որտեղ կիրառվել է ծխելու դեմ պայքարի տվյալ մեթոդը։ Չէ՞ որ յուրաքանչյուր երկիր առողջապահական կոորդինատային իր համակարգն ունի, և առողջապահական քաղաքականությունը՝ ներառյալ ծխելու դեմ պայքարը, թիրախավորում է հանրային առողջապահությունն ու կյանքի որակի բարելավումը ամբողջապես։

Հետևաբար, օբյեկտիվ պատկեր ստանալու համար պետք է դիտարկել ոլորտն ամբողջապես՝ հաշվի առնելով կատարված բոլոր բարեփոխումները, որոնք կարող էին նպաստել այս կամ այն ցուցանիշի դրական դինամիկային։

Օրինակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության(ԱՀԿ) «Lower incidence of myocardial infarction after smoke-free legislation enforcement in Chile» հետազոտության մեջ նշվում է, որ հակածխախոտային խիստ օրենսդրություն ընդունելուց անմիջապես հետո(միևնույն ամսում) Չիլիում կտրուկ նվազել են սրտամկանի կաթվածի դեպքերը։ Այս հաղթանակը վերագրվում է հենց հակածխախոտային օրենսդրությանը։ Նույն զեկույցում նշվում է, որ 2006 թվականի մայիսին Չիլին ընդունել է հակածխախոտային օրենսդրության առաջին փուլը, իսկ 2013 թվականի մարտին՝ երկրորդ փուլը։ Ռեգրեսիոն գրաֆիկը ներկայացնում ենք ստորև։

Հատկանշական է, որ ԱՀԿ-ի մեկ այլ զեկույցում՝ “Implementation of the Universal Accesswith Explicit Guarantees (AUGE) reform”-ում, հիշատակվում է այն մասին, որ հակածխախոտային պայքարի մեկնարկին գրեթե զուգընթաց՝ 2005 թվականին, երկրում անցկացվել է առողջապահական ոլորտի շրջադարձային բարեփոխում։ Մասնավորապես, ընդունվել է Հստակ երաշխիքների համընդհանուր հասանելիության ծրագիրը, որի շրջանակներում քաղաքացիներին անվճար տրամադրվում են համալիր բժշկական ծառայություններ։

Ծրագիրը գործում է մինչ օրս ու ԱՀԿ-ի կողմից դիտարկվում է որպես հաջողված փորձ։ Քանի որ սրտամկանի իշեմիկ հիվանդությունը երկրում մահացության երկրորդ խոշորագույն պատճառն է, զեկույցում անդրադարձ է կատարվում նաև ծրագրի ներդրման արդյունքում սրտի կաթվածի դեպքերի նվազմանը։ Այսպես, հասարակական 10 հիվանդանոցներում 3546 պացիենտների ուսումնասիրությունից հետո հետևություն է արված, որ Հստակ երաշխիքների համընդհանուր հասանելիության ծրագիրը նպաստել է Չիլիում սրտամկանի սուր կաթվածով պայմանավորված մահացության նվազմանը։

Փաստորեն, սրտամկանի կաթվածի դեպքերի նվազումը Չիլիում կարող է նվազագույնը երկու բարեփոխման հետևանք լինել՝ առողջապահական ծառայությունները հանրամատչելի դարձնելու ու հակածխախոտային խիստ օրենսդրություն ընդունելու։
Դիտարկենք՝ ինչպես է անդրադարձել վերոհիշյալ երկրորդ բարեփոխումը Չիլիում ծխող տղամարդկանց տեսակարար կշռի վրա։ Ստորին գրաֆիկում ներկայացված է 2000-2016 թվականներին չափահաս տղամարդկանց շրջանակում ծխողների տեսակարար կշիռը։

Տվյալների աղբյուրը՝ Համաշխարհային բանկ, «Համաշխարհային զարգացման ցուցանիշներ», www.worldbank.org
Գրաֆիկից ակնհայտ երևում է, որ ծխողների տեսակարար կշիռը Չիլիում ուսումնասիրված 16 տարիների ընթացքում ունի անկման միտում։ Միևնույն ժամանակ, մինչև հակածխախոտային օրենսդրության ընդունումը (2000-2005 թթ․) միջին տարեկան նվազումը եղել է 2,23տոկոսի չափով, հակածխախոտային օրենսդրության առաջին փուլի ընդունումից հետո (2005 – 2012 թթ)՝ 2,06 տոնոսի չափով, իսկ հակածխախոտային օրենսդրության երկրորդ փուլի ընդունումից հետո (2012 – 2016 թթ)՝ 2.66 տոկոսի չափով։ Փաստորեն, մինչև հակածխախոտային օրենսդրության ընդունումը և օրենսդրության ընդունումից հետո ծխողների քանակը կտրուկ չի նվազել։

Ավելին, անկման դինամիկան գրեթե անփոփոխ է։ Հետևաբար, եթե հակածխախոտային օրենսդրությունը էապես չի ազդել ծխողների քանակի վրա, այն չի կարող էապես ազդել նաև սրտամկանի ինֆարկտի քանակի վրա։ Հաշվի առնելով, որ վերը նշված երկու հաշվետվություններն էլ ներկայացված են ԱՀԿ-ի կողմից ու թե՛ մեթոդաբանության, թե՛ գիտական արժեքի մասով վստահելի են, կարող ենք եզրակացնել, որ սրտամկանի կաթվածի, ինչպես նաև առողջապահական այլ ցուցանիշների բարելավման հիմքում ընկած են բազմաթիվ գործընթացներ, որոնցից մեկն էլ կարող է լինել հակածխախոտային խիստ օրենսդրությունը։ Միևնույն ժամանակ, ինչպես կարող ենք նկատել, գիտականորեն ոչ լիարժեք է այն ուսումնասիրությունը, որը առողջապահական բարդ գործընթացների հիմքում դիտարկում է կիրառված միայն մեկ մեթոդ կամ գործիք։




Լրահոս