Նոր տվյալներ․ Հայաստանում կանայք թվով գերազանցում են տղամարդկանց. վիճակագրական կոմիտեի զեկույցի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Հայաստանի կանայք եւ տղամարդիկ 2019» զեկույցը, որտեղ բավականին հետաքրքիր տվյալներ կան` Հայաստանում տարբեր ոլորտներում կանանց եւ տղամարդկանց ներգրավվածության, զբաղվածության մակարդակի, եկամուտների եւ ծախսերի տարբերության մասին:

Պարզվում է, որ,ըստ այս զեկույցի,Հայաստանի բնակչության թվաքանակը նվազում է եւ ծերանում: Ըստ մասնագետների` սրա հիմնական պատճառներից է արտագաղթը:Հենց արտագաղթի հետեւանքներն են ծանր Հայաստանի համար, քանի որ երկրից հիմնականում վերարտադրողական տարիքի մարդիկ են հեռացել: Բացի այս, պտղաբերությունը կամ մեկ կնոջ հաշվով ծնված երեխաների միջին թվաքանակը, սկսած 1990 թվականից, սրընթաց նվազել է, հատկապես գյուղական վայրերում:

Ի դեպ, ըստ ՄԱԿ-ի` բնակչության հիմնադրամի՝Հայաստանի բնակչությունն առաջիկա 6 տարիներին կավելանա 15 հազարով, բայց մինչեւ 2050 թվականը կպակասի 150 հազարով. Հայաստանում ապրողների թիվը կդառնա 2 միլիոն 816 հազար մարդ: Ծնելիության գործակիցն այսօր երկրում 1,6 է, այն առաջիկա տարիներին, ըստ ՄԱԿ-ի` բնակչության հիմնադրամիկանխատեսումների, մի փոքր կավելանա, բայց կմնա ցածր պարզ վերարտադրության շեմից` երկուսից: Բացի այս, Հայաստանում արդեն կան մարզեր, որտեղ մահերն ավելի շատ են, քան ծնունդները:

Պաշտոնապես, 2009 եւ 2019 թվականների միջակայքում ընդամենը բնակչության թվաքանակը 3 մլն 76 հազար 800-ից նվազել է 2 մլն 965 հազար 300-ի: Այսինքն` տաս տարիների ընթացքում Հայաստանից հեռացել է 111 հազար 500 մարդ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` Հայաստանում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կանանց թիվը կազմում է 1 մլն 563 հազար 538, իսկ տղամարդկանցը` 1 մլն 401 հազար 731: Ասել է թե` Հայաստանում ապրող կանանց թիվը տղամարդկանցից 161 հազար 807 ավելի է:

Միայն Սյունիքի մարզում կանաց թիվը 3938-ով ավելի է տղամարդկանց քանակից. այս մարզում կանանց թիվը կազմում է 70 հազար 756, տղամարդկանցը` 66 հազար 818: Կոտայքի մարզում կանայք 11 հազար 25-ով ավելի են, քան տղամարդիկ: Կոտայքում կանայք այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել են 131 հազար 317, իսկ տղամարդիկ` 120 հազար 292: Իսկ, ահա, Լոռու մարզում տղամարդիկ կանանցից 18 հազար 883-ով են պակաս: Այսինքն` Լոռվա մարզում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կանանց քանակը կազմել է 117 հազար 177, իսկ տղամարդիկ` 98 հազար 294: Նշենք, որ Շիրակի մարզում եւս կանայք գերակշռում են. այս մարզում կանանց թիվը կազմել է 124 հազար 675, իսկ տղամարդկանցը` 108 հազար 570: Կանանց ակնկալվող կյանքի միջինտեւողությունը կազմել է 79 տարի, իսկ տղամարդկանցը` 72.4 տարի: Այսպիսով, կանանց կյանքի միջինտեւողությունը 6.6 տարով ավելի երկար է, քան տղամարդկանցը:

Առաջին անգամ կանայք ամուսնանում են միջինը 26.8 տարեկանում, իսկ տղամարդիկ` 30.1 տարեկանում: Կանայք ավելի հակված են ամուսնալուծված մնալ, քան տղամարդիկ, ինչը վկայում է այն մասին, որ ամուսնալուծությունից հետոնորից ամուսնանալու միտումը տղամարդկանց շրջանում ավելի բարձր է:

Հայաստանում զբաղվածների 37.3 տոկոսը կանայք են: Իսկ գործազուրկների 9.9 տոկոսն են կազմում կանայք` 109 հազար 764: Բացի այս, նկատենք, որ 2018 թվականին 15-75 տարեկան կանանց 53 տոկոսըչիունեցել աշխատանք եւ չի փնտրել` հիմնականում զբաղված լինելով տնային տնտեսությամբ: Պարզվում է, որՀայաստանում տղամարդիկ ավելի շատ են աշխատում, քան կանայք` անկախ տնտեսության ոլորտից եւ աշխատանքային իրավական հարաբերությունների բնույթից: Ի դեպ, տեղեկացնենք, որ 2018 թվականի տվյալներով` օրենսդիր իշխանության 24.2 տոկոսը կանայք են կազմել, 75.8 տոկոսը` տղամարդիկ. 132 պատգամավոր, որից 32-ը` կին: Հավելենք, որ գործադիր իշխանությունում ունենք մեկ կին նախարար, իսկ 11 նախարարները տղամարդ են:

Անցած տարվա տվյալներով` դատական իշխանության, մասնավորապես` դատավորների 27.7 տոկոսը կին է, 72.3 տոկոսը` տղամարդ. 220 մարդ, որից 61-ը կին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանն ունի համայնքի 8 կին ղեկավարներ, ավագանու 371 կին անդամ: Ի դեպ, համայնքի ավագանու 3320 անդամներն էլ տղամարդ են: ՀՀ կենտրոնական բանկի խորհրդում կին անդամ չկա, 5-ն են, 5-ն էլ` տղամարդ: Հայաստանի ուժային կառույցներից ոստիկանության ղեկավար պաշտոնները հիմնականում զբաղեցնում են տղամարդիկ: Այս համակարգում 8 տոկոսը կանայք են:

Բայց, արի ուտես, Հայաստանում 80 հազար 788 կին անցած տարի գյուղատնտեսությամբ է զբաղվել, 236 հազար 558-ը` տղամարդ: Օրինակ Գեղարքունիքի մարզում 53 կին զբաղվել է անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Նկատենք, որ կանայք ոչ միայն դժվարությամբ են ընդունվում աշխատանքի, այլեւ ավելի ցածր են վարձատրվում: Հայաստանում, ըստորոշ ուսումնասիրությունների, կանանց միջին ամսական աշխատավարձը տնտեսության բոլոր հատվածներում զիջում է տղամարդկանց միջին ամսական աշխատավարձին: Հայաստանում կանանցից ավելի երկար ժամանակ է պահանջվում աշխատանք գտնելու համար, քան տղամարդկանցից:

Բայց, մյուս կողմից, նկատենք, որ ՀՀ գրեթե բոլոր մարզերի տղամարդկանց գերակշիռ մասը յուրաքանչյուր տարի մի քանի ամսով մեկնում է արտագնա աշխատանքի: Սրան զուգահեռ` գյուղաբնակ կանայք հաճախ կատակում են. «Գյուղում տղամարդ չկա, այդ պատճառով էլ հանգիստ կարող ենք դրսում` արեւի տակ տաշտը դնել ու լողանալ»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս