Խմիչքների արտադրության ոլորտում ներդրումները պակասել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեն անցած շաբաթ հրապարակել է այս տարվա երրորդ եռամսյակում իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները: Ըստ այդմ, ուղղակի ներդրումները պակասել են` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրականացված 61 մլրդ 348 մլն դրամից դառնալով 32 մլրդ 608 մլն դրամ:

Օրինակ, եթե նախորդ տարվա երրորդ եռամսյակում Ջերսի օֆշորային կղզուց Հայաստան մտել է 20 մլրդ 640 մլն դրամի չափի ներդրում, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն 0 է կազմել: Ի դեպ, Ջերսիից նախորդ տարվա երրորդ եռամսյակում Հայաստան մտած 20 մլրդ 640 մլն դրամ ներդրումը ուղղված է հանքարդյունաբերության ոլորտ: Խոսքը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի մասին է, որըսկսվել էր դեռ նախկին կառավարության օրոք:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը նախատեսում էր շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, օֆշորային է, որը 2006 թվականին գրանցվել է Ջերսիում` Չաննել կղզում: Տեղեկացնենք, որ օֆշորները` ոչ միայն արտասահմանյան, այլեւ տեղական, հարկերը շրջանցելու տարբերակ են:

Օֆշորային գոտում գտնվող կեղծ ընկերություն կարելի է տանել կապիտալ, որտեղից «ներդրում» կատարել այստեղ, իսկ եկամուտը վերադարձրել օֆշորային գոտի: Բայց այս տարվա առաջին եւ երկրորդ եռամսյակներում նույնպեսՋերսիից դեպի Հայաստան ներդրում չի իրականացվել: Բանն այն է, որ բնապահպանները տեւական ժամանակ պայքարում են Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ` պատճառաբանելով, որ այն բնապահպանական վտանգ է ներկայացնում: Ի նշան բողոքի` նրանք փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհը:

Հիմնականում ուղղակի ներդրումների ծավալների նվազման վրա իր ազդեցությունն է ունեցել հանքագործական արդյունաբերության եւ բաց հանքերի շահագործման եւ հանքագործական արդյունաբերության հարակից գործունեությունների տեսակները: Օրինակ` եթե 2018 թվականի հունվար-սեպտեմբերին հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության մասով ներդրումները կազմել էին 20 մլրդ 974 մլն դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում` պարզապես 0:

Թերեւսպատճառներից մեկն էլ այն է, որ թավշյա հեղափոխությունից հետո հանքերի շահագործման օրինականության վերաբերյալ մեծ աղմուկ բարձրացավ, եւ հիմա Ալավերդու պղնձաձուլական գործարանն այս պահին չի աշխատում: Ավելին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքը պետք է փոխել, այսինքն` տնտեսությունըպետք է չհիմնվի հանքարդյունաբերության վրա:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուղղակի ներդրումների ծավալների նվազմանը նպաստել է նաեւ ձկնորսության եւ ձկնաբուծության, խմիչքների, հիմնային մետաղների, հեռահաղորդակցության տեսակները:

Օրինակ,խմիչքների արտադրության ուղղակի ներդրումների նվազումը կազմել է 3 մլրդ 2 մլն դրամ, իսկ հեռահաղորդակցության ոլորտում՝ 6 մլրդ 284 մլն դրամ:

Զարմանալի չէ, որ Միացյալ Թագավորությունն է նվազեցրել ուղղակի ներդրումները. 1 մլրդ 248 մլն դրամի չափով կապիտալը դուրս է հանել երկրից: Հայաստանից իր կապիտալն արտահանել է նաեւ Ֆրանսիան` 5.6 մլրդ դրամի չափով, Վրաստանը` 1 մլրդ69 մլն-ի չափով:

Ի դեպ, բացի այս, նվազել են նաեւ Միացյալ Նահանգներից Հայաստան մտնող ուղղակի ներդրումների ծավալները: Ավելին` ԱՄՆ-ն Հայաստանից 997 մլն դրամի կապիտալը հանել է,մինչդեռ նախորդ տարվա երրորդ եռամսյակում ԱՄՆ-ից Հայաստան մտել էին 1.7 մլրդ դրամի ուղղակի ներդրումներ: Նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններից վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստան եկած ներդրումների ծավալներն են ավելացել. եթե 2018 թվականի հունվար-սեպտեմբերին դրանք կազմել էին 779 մլրդ դրամ, ապա այս տարվա նշված ժամանակահատվածում այն եղել է 821 մլն դրամ: Միաժամանակ այս տարի իրենց ներդրումները նվազեցրել են մի շարք երկրներ: Օրինակ,Լիբանանից ուղղակի ներդրումները պակասել են 7.4 մլրդ դրամի չափով, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Լիբանանից Հայաստան մտել է 3.4 մլրդ դրամի չափով ուղղակի ներդրում:

Փոխարենը ռուսական ներդրումներն են Հայաստանում զգալի պակասել, օրինակ` այս տարվա երրորդ եռամսյակում Ռուսաստանից Հայաստան մտած ուղղակի ներդրումների չափը կազմել է 4.8 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11.7 մլրդ դրամի դիմաց: Նկատենք, որ Ռուսաստանի ներկայացվածությունը հիմնականում մեծ է էներգետիկ շուկայում` գազամատակարարման եւ էլեկտրամատակարարման ոլորտում:

Խոսքը «Հայաստան էլեկտրական ցանցեր» եւ «Գազպրոմ Արմենիա»ընկերությունների մասին է: Ու, ընդհանրապես, Հայաստանի ներդրումների տեսակարար կշռի 40 տոկոսը միայն ռուսական ներդրումներն են կազմում:

Իսկ, ահա, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով ուղղակի ներդրումների ծավալների նվազմանը, հայտարարեց, որօտարերկրյա ներդրումների համար երկրումնախ պետք է լինի բարենպաստ բիզնես միջավայր: «Իսկ բիզնես միջավայրի մեջ ենթադրում է կայուն քաղաքական իրավիճակ երկրում, ցուցանիշներով բիզնեսի համար ավելի լավ միջավայր, քան, օրինակ,մեր հարեւան երկրներում է:

Եթե համեմատենք, կարող եմ նշել Վրաստանի օրինակը, որտեղ բիզնես միջավայրն ավելի բարենպաստ է, քան մեզ մոտ: Լուրջ կոնֆլիկտներ չունի հարեւանների հետ: Օրինակ, մեզ մոտ դիվիդենտի հարկ կա՝ բիզնեսից 5 տոկոս, բայց իրենցմոտ այդ հարկը վերացվել է:

Բացի այս,Հայաստանում պետք է մթնոլորտը առողջ լինի, որ գործարարն իմանա՝ եթե գալու է, ուրեմն առնվազն 5-10 տարով կայուն աշխատելու է, խաղի կանոնները չեն փոխվելու, պատերազմ չի լինի:

Կա՞ այսօր Հայաստանում այդպիսի մթնոլորտ: Այսինքն` կայուն համակարգի համար պետք է չքննարկվի, որ վաղը կարող են արտահերթ ընտրություններ լինեն, իշխանափոխություն լինի, ասֆալտին փռելու գործընթաց կարող է լինել:

Իհարկե, կա դրական կողմ. կոռուպցիան ինչ-որ իմաստով վերացվել է, գործարանները պետության հետ հարաբերությունների մեջ ավելի լավ են իրենց զգում, ազատ են: Բայց դա,ըստ էության, շատ քիչ է ներդրողներ հրավիրելու համար»,- պարզաբանեց Բոզոյանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս