Իհարկե քիչ է 10 տարին. Ալեն Սիմոնյանը` ապօրինի գույքի բռնագանձման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս դեկտեմբերի 12-ին հայրենի կառավարությունը հավանության արժանացրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` խորհրդարանական ընդդիմությունն արդեն ներքին քննարկումներ է ունեցել ու դեմ արտահայտվել օրենքի նախագծին, որը պետք է ուղարկվի խորհրդարան:

Բանն այն է, որ ընդդիմադիրների կարծիքով` այս օրինագիծը իշխանությունները օգտագործելու են նախորդ իշխանությունների ներկայացուցիչների դեմ, ու սա վերածվելու է վրեժխնդրության եւ ոչ թե իրավական կարգավորման միջոցով խնդրի լուծման:

Հիշեցնենք, որ այս օրենքի ընդունումը հնարավորություն է ընձեռելու իրավասու մարմնին` Գլխավոր դատախազությանը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրել գույքի ձեռքբերման օրինականությունը եւ ներկայացնել գույքի բռնագանձման պահանջով հայց, եթե հայտնաբերվում է գույք, որի ձեռքբերումը չի հիմնավորվում, օրինակ, եկամտի աղբյուրներով, եւ որի արժեքը ներկայումս գերազանցում է 50 մլն դրամի շեմը: Ըստ այդմ, գույքը ենթակա է բռնագանձման, եթե ապացուցվում է, որ գույքը օրենքով նախատեսված ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամուտներով: Ուսումնասիրությունը կարող է ներառել դրա սկսելուն նախորդող տասը տարիները, եւ ամենեւին հստակ չէ, թե ում վրա է տարածվում: Կարող է ազդել ցանկացածի վրա:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

-Պարո՛ն Սիմոնյան, Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք ՀՀ կառավարության հավանության արժանացած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ: Ընդդիմությունն արդեն դեմ է արտահայտվում օրենքի նախագծին, Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ ամենի մասին:

-Նախ պետք է ծանոթանամ նախագծին, բայց գիտեմ նաեւ, թե ինչ ի նկատի ունի ընդդիմությունը` հայտարարություններ անելով: Ես ավելի ազատական մոտեցումներ ունեմ եւ, ընդհանրապես, հետհայաց, հետադարձ հայացքի հետ կապված` ես կարծում եմ, որ մենք պետք է միանշանակ անենք, բայց միեւնույն ժամանակ շատ զգույշ լինենք:

-Նախագծով առաջարկվում է ուսումնասիրությունները ներառել դրա սկսելուն նախորդող տասը տարիները: Չե՞ք կարծում, որ 10 տարին քիչ է, քանի որ դրանից առաջ եւս եղել են ապօրինի հարստացողներ:

-Վարչապետը հայտարարել է, որ գուցե մինչեւ 1991 թվականը գնանք, չէ, իհարկե, քիչ է 10 տարին, ասեմ, որ շատ նուրբ թեմա է:

-Ընդդիմության կարծիքով` սա կարող է դիտարկվել վրեժխնդրություն նախորդ իշխանությունների նկատմամբ: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

-Ասում եմ, որ իսկապես թեման շատ նուրբ է, շատ տարբեր մեկնաբանություններ կարող են լինել, եւ շատ լավ է, որ ընդդիմությունը այդ հարցը բարձացնում է: Կլսենք, կտեսնենք` ինչ են ասում, եւ բնական է, որ ականջալուր կլինենք հնարավորության դեպքում:

-Այսինքն` կարծում եք, որ օրենքի նախագիծը խորհրդարանում լիովին փոփոխության ենթարկվի՞:

-Պետք է գա Ազգային ժողով, պետք է քննարկենք, պետք է այն ընդգրկվի խորհրդարանի հանձնաժողով, պետք է երկու ընթերցում անցնի, այսինքն` դեռեւս քննարկվելու է, հասկանանք` ինչ է առաջարկվում, ընդհանուր օրենքի նախագիծը տեսնենք, կհասկանանք: Կառավարությունը բազմաթիվ օրենքներ հաստատում է, գալիս է այստեղ, բազմաթիվ փոփոխություններ են իրականացվում: Ասել` կողմ եմ առանց կարդալու, առանց քննարկելու, չեմ համարձակվի, բայց մտահոգությունները հասկանում եմ:

զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս