Անտուն ոսկեպարցիները․ փաստաթղթավորման խնդիրը՝ օդում կախված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչներ Արտեմ Մանուչարյանը դեկտեմբերի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ տարիներ շարունակ չի լուծվում իր եւ 2 համագյուղացիների տների փաստաթղթավորման խնդիրը: Ոսկեպարի բնակիչներ Արտեմ Մանուչարյանը, Սամվել Սարուխանյանը եւ Հրանտ Գեւորգյանը չեն կարողանում իրենց առանձնատները գրանցել անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումում եւ այդ տների համար ձեռք բերել անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական: Այդ տներից մեկը` Հրանտ Գեւորգյանի եռահարկ, տուֆակերտ առանձնատունը, կիսակառույց է, այն կանգուն է, սակայն ներքին հարդարման աշխատանքները կատարված չեն:

Հրանտ Գեւորգյանն այժմ բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Արտեմ Մանուչարյանն ու Սամվել Սարուխանյանն իրենց ընտանիքներով Ոսկեպարի հիմնական բնակիչներ են: 3 առանձնատները գյուղից հեռու, կտրված տարածքում չեն, դրանք կից են ոսկեպարցիների տներին: Իսկ ո՞րն է պատճառը:

Խորհրդային ժամանակներից գոյություն ունեցող քարտեզով այդ 3 առանձնատների զբաղեցրած տարածքը հանդիսացել է Ադրբեջանի տարածք: Խորհրդային տարիներին, ըստ քարտեզի, այդ ձորի միջով է անցել հայ-ադրբեջանական սահմանը, սակայն մոտակայքում ադրբեջանական բնակատեղի կամ կառույցներ չեն եղել: Ոսկեպարի բնակիչներից տեղեկացանք, որ 3 տների հարցով դիմել են Տավուշի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Արծրուն Նազարյանին, վերջինս էլ հարցը Երեւանում ներկայացրել է իրավասու մարմիններին: Այնտեղից պատասխանել են, որ խնդիրը չի լուծվում, որովհետեւ այդ տարածքները կադաստրային քարտեզում նշված չեն:

Այդպիսով, այդ ընտանիքները իրավունք չունեն իրենց տները վաճառել, կտակել, նվիրել, գրավ դնել եւ այլն: Նշենք, որ հիշյալ առանձնատները կառուցելիս դրանց տերերը համապատասխան հատակագիծ, շինթույլտվություն չեն ստացել, դրանք ապօրինի կառույցներ են: Հավելենք, որ այդ տների կողքով ձգվում է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հատված հանդիսացող Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհը, որը շրջանցում է հայ-ադրբեջանական սահմանագոտին: Այդ շրջանցիկ ավտոճանապարհը Լինսի հիմնադրամի ֆինսանսավորմամբ կառուցվել է 2000-2001 թվականներին:

Իհարկե, իրավաբանությունը, փաստաթղթավորումը կարեւոր բաներ են, բայց արդյոք սահմանամերձ գյուղում առանձնատուն կառուցած բնակիչներին պետությունը «ձեռք մեկնելու» պարտավորություն չունի՞: Նրանք Մոնումենտի բարձրունքի գեղեցիկ տեսարանով առանձնատուն չեն կառուցել մայրաքաղաք Երեւանում, այլ գնացել եւ լուրջ ներդրում են արել «կրակի բերանին»՝ հայ-ադրբեջանական սահմանին: Ու նրանց հարցը եթե այսքան տարի չի լուծվել, հիմա օր առաջ, անհապաղ լուծման կարիք ունի: Ի վերջո, Կառավարությունը պետք է խրախուսի մարզաբնակներին, ընդ որում՝ ամեն գնով:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս