ՖՈՏՈ. Ամանորյա մեր հանդիպումը ուզում եմ սկսել ընդդիմադիր հարձակումից. Փաշինյանը՝ գործարարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվել է ընդունելություն: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ:

Շնորհավորական խոսքում վարչապետն անդրադարձել է անցնող 2019 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2020 թվականից ակնկալիքներին:

Դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Գործարար համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Կառավարության հարգելի՛ անդամներ,

Այսօրվա ամանորյա մեր հանդիպումը ես ուզում եմ սկսել, եթե կարելի է այսպես ասել, ընդդիմադիր հարձակումից:

Իսկ ի՞նչ եղավ կամ եղա՞վ արդյոք տնտեսական հեղափոխությունը, որի մասին ես խոսում էի այս տարվա մեկնարկին:

11 ամիսների արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 7,5 տոկոս տնտեսական
ակտիվության ցուցանիշ և մենք ամենապահպանողական սցենարով 7 տոկոսից ավելի տնտեսական աճ կունենանք: Սա թիվ մեկ ցուցանիշն է մեր տարածաշրջանում, ընդ որում տարածաշրջան ասելով նկատի ունեմ ոչ միայն Հարավային Կովկասը, այլև ավելի լայն տարածաշրջանը: Սա թիվ մեկ ցուցանիշն է Եվրասիական տնտեսական միությունում՝ ակնհայտ առավելությամբ, և սա թիվ մեկ ցուցանիշն է ԱՊՀ-ում:

Այս տարվա առաջին եռամսյակում մենք տնտեսական աճի ցուցանիշներով առաջինն էինք Եվրոպայում, մեծ
հավանականությամբ մենք առաջիններից մեկը կլինենք Եվրոպայում և վստահաբար, 2019 թվականին արձանագրված տնտեսական աճի ցուցանիշներով եթե ոչ առաջին տասնյակի, ապա առաջին 15 երկրների մեջ կլինենք աշխարհի մակարդակով:

Բայց ի՞նչի համար եմ այս ամենը ասում: Այս ամենն ասում եմ՝ ձեզ բոլորիդ շնորհակալություն հայտնելու այս
արդյունքներն արձանագրելու համար, որովհետև սովորաբար տնտեսական աճի լավ ցուցանիշներով պարծենում են կառավարությունները, բայց ճշմարտությունը մեկն է, որ այդ ցուցանիշները ստեղծում են, կերտում են գործարար համայնքի ներկայացուցիչները:

Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ մեր երկրի համար այսպիսի բարձր նշաձող սահմանելու համար և ուզում եմ հույս հայտնել, որ այս տարի ձեր արձանագրած հաջողությունները 2020 թվականին ավելի կոգևորեն և նոր ցուցանիշների կբարձրացնեն մեր երկիրը, մեր երկրի տնտեսությունը:

Հարց՝ իսկ արդյոք կառավարությունն ընդհանրապես որևէ դերակատարում ունի այս ցուցանիշների ստեղծման գործում:

Այո՛, բավականին համեստ, բայց կարևոր դերակատարում: Առաջինը՝ ապահովել օրինականությունը երկրում,
երկրորդը՝ ապահովել հավասար հնարավորությունները և երրորդը՝ ապահովել պետական մարմինների հավասար հարաբերությունները բոլոր գործարարների, բոլոր ընկերությունների հետ:

Ցավոք, չեմ կարող պնդել, որ մենք 100 տոկոսով այս պայմաններն ի կատար ենք ածել, բայց մեր տնտեսական
ցուցանիշները վկայում են, որ մենք այս առումով որոշակի քայլեր արել ենք: Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ ձեր առաջ արձանագրել Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքը՝ այդ ճանապարհին շարժվել առաջ, վստահ, հստակ քայլերով:

Կարծում եմ, որ մի բան կարող եմ վստահաբար պնդել, որ 2019-ի արդյունքներով ՀՀ-ում չկա մի գործարար, չկա մի ընկերություն, որը հնարավորություն կունենա պնդել, թե Հայաստանի կառավարությունն իր նկատմամբ ցուցաբերել է խտրական վերաբերմունք: Եթե Հայաստանի Հանրապետությունում որևէ ընկերություն արժանացել է խտրական վերաբերմունքի՝ դա նշանակում է առնվազն մեկ բան. դա նշանակում է, որ ես և կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները դրա մասին տեղյակ չենք և այն պահին, երբ կտեղեկանանք՝ այդպիսի վերաբերմունք ցուցաբերած պաշտոնյաները կարժանանան ամենախիստ պատժի:

Նախկինում էլ ասել, եմ, որ տնտեսական հեղափոխություն իրականացնողի դերում պատկերացնում ենք մեր գործարար համայնքին և գործարար համայնքը մենք համարում ենք մեր կառավարության թիվ մեկ դաշնակիցը Հայաստանի զարգացման գործում բոլոր առումներով՝ տնտեսական զարգացման, քաղաքական զարգացման, անվտանգության զարգացման: Մենք այս տարի պարծենում ենք ՀՀ-ում աննախադեպ ծավալի ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելու համար: Եվ ուզում եմ արձանագրել, որ մենք այդ հնարավորությունն ունեցել ենք ձեր վճարած հարկերի շնորհիվ: Մենք հաջորդ տարի այդ ամբիցիաների, ինչպես նաև կապիտալ ներդրումների առումով ավելի բարձր նշաձող ենք սահմանել, չնայած այդ ոլորտում թերակատարման խնդիր ունենք, և այդ նշաձողը սահմանել ենք՝ վստահություն ունենալով ձեր վրա, վստահություն ունենալով, որ Հայաստանի գործարար համայնքը, գործարարությամբ զբաղվող մարդիկ բացառիկ տաղանդավոր են և 2020-ին նրանք վստահաբար ավելի մեծ արդյունքներ կգեներացնեն իրենց ընկերություններում՝ ավելի մեծ արդյունքներ գեներացնելով Հայաստանի և նրա ժողովրդի համար:

Մենք պարծենում ենք, որ այս տարի մոտ 100 մլրդ դրամի չափով կգերակատարենք պետական բյուջեի հարկային եկամուտների մասը: Այդ եկամուտները մենք կատարում ենք և գերակատարում ենք ձեր վճարած հարկերի շնորհիվ: Եվ որպես շնորհակալության նշան մենք կայացրեցինք բացառիկ աննախադեպ որոշում՝ զրոյացնել ավելացված արժեքի հարկի դեբեդի պարտքերը, այն պարտքերը, որոնք պետությունը գեներացրել էր ձեր առաջ և եկեք խոստովանենք, որ որևէ մեկը հույս չուներ, թե երբևէ այդ պարտքերը կստանա:

Բայց այս պահի դրությամբ մենք 40 մլրդ դրամ հին պարտքերից վերադարձրել ենք և ընդհանուր առմամբ այս տարի մենք բիզնեսին վերադարձրել ենք 150 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի գծով ունեցած պարտք: Սա աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ:

Եվ ինձ համար մեծ պատիվ է և չափազանց հաճելի է այսօր ձեզ հետ հանդիպել այսպիսի տրամադրությամբ, և անկեղծ ասած, ես ինչպես սկզբում ասացի՝ այստեղ եկել եմ բացառապես ձեզ շնորհակալության խոսքեր ասելու համար և նշելու, որ մենք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ես, որպես ՀՀ ժողովրդի ընտրված ներկայացուցիչ, հույս եմ դնում ձեզ վրա: Մենք հույս ունենք, որ 2020 թվականի այս օրը մեր տրամադրությունը կլինի շատ ավելի բարձր, քան այսօր ունենք, չնայած մեր տրամադրությունը կարելի է ասել աննախադեպին մոտ տրամադրություն է:

Եվ ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի այդ տրամադրությունն ապահովելու համար: Ես այսօր չեմ ուզում եմ խոսել խնդիրների մասին, բայց ուզում եմ վստահաբար իմանաք, որ ՀՀ կառավարության ամենամեծ խնդիրն է՝ ապահովել այն պայմանները, որ մեր առաջարկած «հարստացեք և հարստացրեք» կարգախոսի իրականացումը ՀՀ-ում լինի իրականանալի: Եվ ես ուզում եմ հույս հայտնել, որ 2020-ին Հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններին ի պատասխան գործարար համայնքին կմիանան ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ, որովհետև հաջորդ մեր կարգախոսը, որը մենք առաջարկել ենք և որում համոզված ենք, հետևյալն է՝ միայն աշխատանքով, միայն ու միայն աշխատանքով է հնարավոր լուծել այն խնդիրները, որ այսօր կան Հայաստանի Հանրապետության առաջ, յուրաքանչյուր մարզի առաջ, յուրաքանչյուր համայնքի առաջ, յուրաքանչյուր ընտանիքի առաջ:

Եվ ես համոզված եմ, որ 2020 թվականը մեզ համար կլինի օրինական աշխատանքի տարի, և մենք կապացուցենք, որ հնարավոր է արդար քրտինքով վաստակել ոչ միայն հաց, ոչ միայն բարեկեցություն, այլև արդար հարստություն: Հայաստանում գործարարի կերպարի բնորոշիչները հենց սրանք են՝ արդար, օրինական, քրտնաջան աշխատանքով ձևավորված վաստակը՝ հենված կոնկրետ մեկ նպատակադրման վրա՝ հարստանալ և հարստացնել հայրենիքը, ժողովրդին, պետությունը:

Ես ուզում եմ շնորհավորել ձեր ընտանիքների Ամանորը և Սուրբ ծնունդը, ձեր գործընկերների, ընկերների,
մերձավորների, և քանի որ այստեղ բազմաթիվ խոշոր գործատուներ են ներկա՝ ուզում եմ շնորհավորել նաև ձեր գործավորների Ամանորը և Սուրբ ծնունդը ու ցանկանալ, որ այս հարաբերություններն ամեն տարվա հետ լինեն ավելի դրական, ավելի արդյունավետ և ավելի դինամիկ:

Շնորհակալ եմ»:




Լրահոս