Իրանն ամեն գնով խուսափում է պատերազմից. Հայկ Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարահաքաղաքական վերջին զարգացումների, մասնավորապես ԱՄՆ-ի և Իրաքի փոխհրաձգության մասին, որը բավականին լուրջ հետևանքներ կարող է ունենալ նաև Հայաստանի վրա: ArmLur.am-ն այս թեմայի շուրջ զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

-Պարոշն Մարտիրոսյան, պաշտոնական Թեհրանը հայտարարեց, որ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար ԱՄՆ-ից վրեժ լուծելու 13 սցենար է մշակել:  Ձեր կարծիքով ինչու՞ Թրամփը դիմեց նման կտրուկ պատժամիջոցների Իրաքի դեմ:

-Ընդհանրապես ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմն ի սկզբանե հակաիրանական ուղղություն էր վերցրել: Պետք է նկատի ունենալ, որ դա սովորական ամերիկա-իրանյան քաղաքական հակամարտության տրամաբանությունից էլ անդին անցած առանձնահատուկ վերաբերմունք է Իրանի հանդեպ, որ տարբեր դրդապատճառներ ունի:

Դրանցից գլխավորն Իրանում վերջապես իշխանափոխություն իրականացնելու ամերիկյան որոշակի շրջանակների անհամբերությունն է: Քառասուն տարի Իրանը և իրանական նավթը շարունակում են մնալ ամերիկյան բիզնեսի համար անհասանելի, իսկ քաղաքականապես՝ երկիրը մարտահրավեր է ամերիկյան ազդեցության համար Միջին Արևելքում:

Այսօր Սպիտակ տան ղեկավարությունն առավել քան երբևէ պատմության մեջ՝ ներկայացնում է խոշոր կապիտալի և «հին արդյունաբերությունների» ճյուղերի շահերը, իսկ դա նշանակում է, որ Իրանը առաջնային թիրախ էր դառնալու այս վարչակազմի համար:

Նաև՝ Իրանում իշխանափոխությամբ անչափ հետաքրքրված է Երուսաղեմը, որն Իրանին իր արքեթշնամին է համարում: Այս վարչակազմը Նեթանյահուի վարչակազմի հետ աննախադեպ սերտ հարաբերությունների մեջ է և իսրայելական ազդեցությունն այս հարցում այսօրվա Վաշինգտոնում ահռելի է:

Բացի այդ՝ նախագահ Թրամփի համար Իրանի վրա մեծացվող ճնշումները՝ հատկապես տնտեսական նոր և արդեն ահռելի ծանրություն կրող պատժամիջոցները, ինչպես նաև, իհարկե, Սոլեյմանիի սպանությունը նախընտրական ահռելի հաղթաթղթեր են, որոնք արդեն լուրջ ազդեցություն են թողել ամերիկյան թրամփամոլների ստվար բանակների վրա: Ըստ էության՝ այս վերջին հակաիրանական ալիքով Թրամփը կտրուկ մեծացրեց իր վերընտրվելու շանսերը, ինչպես նաև՝ Սենատում իմփիչմենթի դատավարությանն ընդառաջ ուժեղացրեց իր դիրքերը սեփական կուսակցությունում:

– Իրանի կողմից վրեժ լուծելու դեպքում դա ի՞նչ անդրադարձ կունենա Հայաստանի վրա:

-Հավելյալ լայնածավալ վրեժի օպերացիա Իրանը դժվար թե այս պահին անի: Իրանն ամեն գնով խուսափում է պատերազմից: Իրանում լավ են հասկանում, որ այդպիսի հնարավոր պատերազմից իրենք դժվար թե վճռական հաղթանակով դուրս գան: Հաղթողներ դժվար թե լինեն ընդհանրապես, բայց այսօրվա թուլացած տնտեսությամբ՝ Իրանը չի կարողանա ռազմական բացահայտ հաջողություններ գրանցել:

Չնայած դրան՝ երեկ Հեղափոխության Պահապանների նոր ղեկավարությունը հայտարարեց, որ Ալ Ասադ ռազմաբազային հարվածելով՝ ամերիկյան զինվորներ սպանելու նպատակ չեն ունեցել և ավելացրեց, որ սրանով գործողությունները չեն ավարտվի: Ամեն դեպքում վրիժառության առավել ծանր հետևանքներ ունեցող գործողությունները կարող են և իրոք պատերազմի հանգեցնել, կարող են և չհանգեցնել: Եվ Հայաստանը տարածաշրջանային որևէ նոր պատերազմից այլևս չի կարող լիովին անմասն մնալ: Ուզենք թե չուզենք՝ սպանդանոցում սպիտակ ձեռնոցներով և սպիտակ շապիկով մնալ անհնար է:

Դանակը կամ արյունը քեզ էլ են հասնում: Այդպիսի սցենարում ամենավտանգավոր հանգամանքն այն է, որ Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, կօգտվի իրավիճակից և հարձակում կնախաձեռնի: Նրանք հարձակման ամեն դեպքում շատ վաղուց են պատրաստվում:

Ինչ վերաբերում է այս ամբողջ պատմությանը՝ ապա մի բան ակնհայտ է. Իրանը կորցրեց իր համար անկյունաքարային ֆիգուրի, բայց իրանական իշխանությունն ամրապնդեց իր դիրքերը երկրի ներսում և հասավ որոշակի հանրային կոնսոլիդացիայի: Մյուս կողմից՝ ԱՄՆ նախագահն ամրապնդեց իր դիրքերը սեփական ընտրազանգվածի մոտ և հրապարակից հեռացրեց տարածաշրջանում ամերիկյան շահերին ու հետաքրքրություններին վնասող լուրջ մի խոչընդոտ:

Փոխադարձ հարվածներ հասցվեցին, սխալմամբ քաղաքացիական օդանավ խոցվեց, մարդիկ մահացան և վերջում՝ գոնե այս պահի դրությամբ՝ յուրաքանչյուրը վերադարձավ իր նախկին ընթացքին: Թե ինչ կլինի հետո՝ ժամանակը ցույց կտա: Բայց մի բան փաստ է. Մերձավոր Արևելքում նոր փոփոխությունների դարձյալ նոր և դարձյալ վտանգավոր շրջան է սկսվում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս