Զորիկյանը՝ ինժեներ-երկրաֆիզիկոս. ինչպե՞ս նա ընտրեց երաժշտության ուղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի անհայտ կողմը» խորագրով շարքը: Անդրադառնում ենք այն հայտնիներին, որոնք առաջին մասնագիտությամբ որեւէ կապ չունեն բեմի կամ էկրանի հետ: Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանն է: Քչերը գիտեն, որ նա սովորել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի երկրաֆիզիկայի բաժնում, ապա աշխատել է Երեւանի Քանաքեռ համայնքի երկրաբանական արշավախմբում. «Մասնագիտությամբ ինժեներ-երկրաֆիզիկոս եմ: Համալսարանն ավարտելուց հետո մեզ ուղեգրով ուղարկում էին կոնկրետ տեղեր աշխատելու: Քանի որ արդեն ընտանիք ունեի, ինձ պահեցին քաղաքի ներսում: Խորհրդային տարիներին այդպես էր, պարտադիր պետք է 3 տարի աշխատեիր:

Ես աշխատել եմ մինչեւ Խորհրդային միության փլուզումը,որովհետեւ դրան զուգահեռ երկրաբանության ոլորտն էլ Հայաստանում փլուզվեց»,-մեզ հետ զրույցում մեկնաբանեց պարոն Զորիկյանը:

Ամեն դեպքում, երգն ու երաժշտությունը միշտ ուղեկցել են նրան: Դեռեւս դպրոցական, ուսանողական տարիներից Զորիկյանը հեղինակել է մի շարք գործեր. «Բայց մտադրություն, պատկերացում չունեի, որ երաժշտության ոլորտ կմտնեի, եւ այն կդառնար իմ մշտական ուղեկիցը: Մենահամերգների, բանաստեղծությունների ժողովածուի, լազերային սկավառակի մասին չեմ էլ մտածել. երգը գալիս էր, ես էլ գրում էի»,-շեշտեց պարոն Զորիկյանը:

Նրա խոսքով՝ ինքը հատուկ երգի ասպարեզը չի ընտրել, պարզապես կյանքն այդպես է դասավորվել. «Ընկերներ ունեի թատրոններում, ներկայացումների համար գրում էի երգեր, երաժշտություն, եւ ստացվեց այնպես, որ ինքնըստինքյան մտա երաժշտական աշխարհ: Գուցե եթե Խորհրդային միությունը չփլուզվեր, ես էլի գրեի երգեր, բայց դրանք կատարեի ընկերական շրջապատում, խարույկի շուրջ, արշավների ժամանակ»,-եզրափակեց պարոն Զորիկյանը:

Հավելենք, որ երգիչ-երգահանը մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում, Կանադայում, Չեխիայում, Ռուսաստանում, Լիբանանում, Ֆրանսիայում, Արցախում եւ այլուր: Մասնակցել է թատերական հյուրախաղային եւ փառատոնային ներկայացումների Միացյալ Արաբական Էմիրություններում, Կանադայում, Ֆրանսիայում եւ Արցախում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս