ԶԻՆՎՈՐԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՐԴԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի քանակի պատմական մինիմում է արձանագրվել: «Այսինքն՝ մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»,- հայտնել էր ՀՀ վարչապետը: Սակայն նկատենք, որ ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո անվերահսկելի իրավիճակ է ստեղծվել ՀՀ զինված ուժերում, եւ դեպքերը մեկը մյուսին հաջորդում են: Ո՞վ պետք է պատասխան տա այս իրավիճակի համար: Ըստ ամենայնի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն անտեսում է ՀՀ վարչապետի խոսքը, եւ Զինված ուժերում իրավիճակը ինքնահոսի է: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել վերջին երկու ցավալի դեպքերի մասին:

Ըստ պաշտոնական տեղեկության՝ հունվարի 23-ին՝ 06:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայողներ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը եւ 2000թ. ծնված Արմեն Մեսրոպյանը: Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը կրակել էր զորքի վրա:
Գրել էինք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքը եղել է այն պահին, երբ զինվորներին զենք են բաժանել դիրքեր տանելու նպատակով: Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը, լիցքավորելով զենքը, հրահանգել էր մի քանի զինվորների՝ այն կողմ գնացե՛ք, ու կոնկրետ անձանց ուղղությամբ սկսել է կրակել: Զինվորները սկսել են այս ու այն կողմ փախչել. նրանցից մեկը ընկել էր, կոտրել ոտքը, իսկ մյուս զինվորը թեթեւ հրազենային վնասվածք էր ստացել: Նշենք, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Երեկվա դրությամբ իրավապահները դեռեւս փորձում էին ստանալ հիմնական հարցի պատասխանը, թե ինչն է եղել այս դեպքի հիմնական պատճառը, ինչից է Զաքարեանը այդ աստիճան նյարդայնացել, որ կրակել է զորքի վրա:
Եվ, ահա, կատարվածից 1 շաբաթ անց «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը այս դեպքից առաջ տարօրինակ վարք է դրսեւորել, որը նկատել է զորամասի ղեկավարությունը եւ որոշում կայացրել զինվորին տանել մասնագետների մոտ՝ ստուգման՝ հասկանալու համար, թե նա կարող է արդյոք շարունակել այդ կարգավիճակում իր ծառայությունը բանակում, թե ոչ: Բժշկական հանձնաժողովը ստուգել է զինվորի առողջական, հոգեկան վիճակը եւ եզրակացություն տվել, որ զինվորի հետ ամեն ինչ կարգին է, եւ զինվորը պիտանի է ծառայության: Այդ մասնագիտական եզրակացության հիման վրա՝ զինվորին կրկին ուղարկել են զորամաս՝ ծառայության: Եւ պարզվում է՝ կրակոցները տեղի են ունեցել օրեր անց: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները այդ դեպքով նշանակել են դատաբժշկական փորձաքննություն, որից հետո շատ հարցեր կստանան իրենց պատասխանները:
Ստացվում է՝ եթե դատաբժշկական փորձաքննությունը հաստատի, որ զինվորը խնդիրներ է ունեցել եւ չէր կարող այդ վիճակում ծառայել, ապա պատասխանատվության առաջ են կանգնելու մի խումբ բժիշկներ, որոնք, ըստ էության, գնահատական են տվել, որ զինվորը պիտանի է եղել ծառայության:
Նախօրեին էլ հերթական ողբերգական դեպքն է գրանցվել. ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը՝ Վ. Ավագյանը, ըստ նախնական վարկածի, ինքնասպան է եղել: Սա, ի դեպ, մեկ շաբաթվա մեջ արդեն 3 դեպքն է՝ երկուսը ծանր վիրավոր են (բանակի օրը՝ հունվարի 28-ին՝ ժամը 2:55-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում էր ստացել 20-ամյա զինծառայող Նվեր Ավետիսյանը: Գործով շատ մութ հանգամանքներ կան, որոնց մասով դեռեւս քննություն է ընթանում), մեկը՝ մահացավ:
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել Վ. Ավագյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ վերջինս, հայհոյանքներ տալով, զորամասի զինվորներից մեկին է փնտրել, որից հետո էլ զինվորների առաջ կանգնելով՝ իրեն սրտից կրակել է: Տեղեկացանք, որ Վ. Ավագյանն ապրում էր Էջմիածին քաղաքում, եւ նրա հետ զորամասի մի խումբ տղաներ Էջմիածնի մասին «տղայական» խոսակցություններ են ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Վ. Ավագյանի հետ այդ «տղայական» խոսակցություններին մասնակից է եղել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի որդին: Եվ, ահա, իրավապահները մի խումբ զինվորների ու զինվորականների, որոնց մեջ էր նաեւ Առաքել Մովսիսյանի որդին, տարել են հարցաքննության՝ զինվորի ինքնասպանության գործով:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է իրականում կատարվում, ինչ կապ ունի իր որդին դեպքի հետ: Ի պատասխան՝ Առաքել Մովսիսյանը հայտնեց. «Իմ որդին 6 ամիս է՝ ծառայում է: Ես իր մոտ չեմ գնացել, հիմա ես Ձեզ ոչ մի բան չեմ կարող ասել: Թող քննություն իրականացնեն, պարզեն, թե ինչ է իրականում կատարվել»:
«Իմ տղան խելոք ծառայում է, բոլորը գոհ են եղել իր ծառայությունից. թե հիմա այնտեղ ինչ է եղել, չգիտեմ: Ամբողջ դիվիզիոնին տարել են հարցաքննության, ես սպասում եմ՝ զանգեն, եթե փաստաբանի կարիք լինի, վերցնեմ, գնամ Ղարաբաղ: Նորմալ, օբյեկտիվ քննություն պիտի լինի, բոլորն էլ մեր երեխաներն են»,- վստահեցրեց Առաքել Մովսիսյանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԼՐԱՑԱՎ ՄԵԿ ԱՄԻՍԸ
«Հոկտեմբերի 27»-ի գործը քննած Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանին չեն կարողանում գտնել: Այս տարվա հունվարի 23-ին լրացավ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մեկ ամիսը, սակայն նախկին դատավորը այդպես էլ չի հայտնաբերվել, եւ անգամ կասկածներ էլ չկան, թե նա որտեղ կարող է գտնվել:
Հիշեցնենք, որ վերջինս ՀՀ պետական սահմանը հատել էր, եւ դեկտեմբերի 23-ին նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, քանի որ մեղադրվում է 51 հազար դոլար կաշառք ստանալու համար:

 

 

 

Ո՞ՒՄ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ ԶԵՆՔԸ
Հունվարի 23-ին հայտնի դարձավ, որ կրակել էին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին: Կատարվածը բացահայտել է դատավոր Գրիգորյանը եւ ոստիկանությունում հաղորդում ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթին փաստի առթիվ հարուցված քրեական գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, նախաքննական մարմինը պարզել է, որ կրակոցը արվել է հունվար ամսվա սկզբին: Ասել է թե՝ հունվարի 23-ին չեն կրակել, պարզապես դատավորը մոտ 15 օր իր աշխատասենյակ չէր մտել: Եւ այդ պատճառով նախաքննական մարմինը այս օրերին գործով նշանակել է կոնկրետ քննություն՝ պարզելու, թե ինչ զենքից է կրակվել, արդյոք այդ զենքը հաշվառված է, թե ոչ, որպեսզի այդպես կարողանան դուրս գալ հետքի վրա: Նշենք, որ, չնայած դրան, դատավորը ոստիկանությունում բացատրություն էր տվել, սակայն նախաքննական մարմինը՝ ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի, նրան դեռ հարցաքննության չի հրավիրել: Նշենք, որ ArmLur.am-ը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանից հետաքրքրվել էր, թե արդյոք անձնական, թե մասնագիտական վրեժխնդրության հետեւանք կարող է լինել իր աշխատասենյակի ապակու ուղղությամբ կրակոցը. վերջինս հայտնել էր, որ ինքն արձակուրդում է եղել, եւ չի կարծում, որ անձնավորված բան կարող է լինել:
Հիշեցնեք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեկան օրենսգրքի 235-րդ հոդվածի`ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ Է
Հայաստանը Ռուսաստանի հետ կապող ցամաքային միակ ճանապարհը՝ Վերին Լարսը, գիշերվանից փակ է: Վրաստանի ենթակառուցվածքների եւ տարածքային զարգացման նախարարության հաղորդմամբ՝ դադարեցված է տրանսպորտային բոլոր միջոցների երթեւեկությունը առատ տեղումների եւ հուսինային վտանգի պատճառով: Տեղում հայաստանյան 90 բեռնատար եւ 20 մարդատար մեքենա կա:

 

 

 

 

ՎԱՆԵՑՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանը երեկ հարցաքննվել է Քննչական կոմիտեում գաղտնալսումների եւ Ֆուտբոլի ֆեդերացիայում չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակներում: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանի՝ երկու գործով էլ Վանեցյանը վկայի կարգավիճակ ունի: Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում առերեւույթ չարաշահումների գործով անցած տարվա դեկտեմբերին խուզարկություն էր իրականացվել ֆեդերացիայի մեկ այլ նախկին նախագահի՝ Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը:

 

 

 

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ԸՆԹԱՆՈՒՄ
Երեկ Վերաքննիչ դատարանում ընթանում էր սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործով դատախազության բողոքի քննությունը: Դատախազությունը բողոքարկել էր նախաքննական նյութերի ողջ փաթեթը Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպաններին տրամադրելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը: Նիստի սկզբում Քոչարյանի պաշտպանական թիմը դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել: Հիշեցնենք, որ Ա. Դանիելյանը անցած հունիսին Հայաստանի երկրորդ նախագահին կալանավորելու որոշում կայացրած դատավորն է:

 

 

 

ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼ Է
Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Դիանա Գրիգորյանը կմնա ազատության մեջ. նրան կալանավորելու դատախազության բողոքը Վերաքննիչ դատարանը մերժել է: Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ երկու մեղադրյալներն էլ ազատ էին արձակվել գրավի դիմաց: Քրեական գործը վերաբերում է 2016-2018թթ. ընթացքում օտարերկրացի քաղաքացիների կողմից Հայաստանից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերին, ինչի մասին ԱԱԾ-ն հայտարարել է նոյեմբերի 14-ին:

 

 

 

ԿԱՆԽՎԵԼ Է
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների հետ համատեղ կանխել են խոշոր չափի թմրանյութի՝ մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման հերթական դեպքը: Զննության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած Իրանի քաղաքացու ուղեբեռը: Արդյունքում ուղեբեռում հայտնաբերվել է շուրջ 5կգ ընդհանուր քաշով 3 ներքնակ, որոնց սպունգները ներծծված են եղել «ափիոն» տեսակի թմրանյութի փոշենման զանգվածով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Իրանի քաղաքացին ձերբակալվել է:




Լրահոս