ՁՄԵՌԱՅԻՆ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՊԱՏՈՒՀԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՋՈՂՎԱԾ 5 ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական թոփ 5 առաջնություններն արդեն տեւական ժամանակ է, ինչ վերադարձել են հանգստից: Հունվարի 1-ից արդեն փակ է տրանսֆերային պատուհանը: Թիմերի նորեկներից շատերը կարողացել են դառնալ նույնիսկ առաջատարներ, ոմանք էլ, սակայն, ձախողել են: «Ժողովուրդ» օրաթերթը այժմ ցանկանում է ձեր ուշադրությանը ներկայացնել այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ամենահաջողված 5 տրանսֆերները:

Ստիվեն Բերգվեյն  («Տոտենհեմ Հոտսպուր»)
Անգլիական «Տետենհեմը» եւ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջին շրջանում, մեղմ ասած, լավ ժամանակներ չեն ապրում: Չկան առաջատարներ Հարի Քեյնն ու Հին Մին Սոնը: Նրանց բացակայությունը լոնդոնյան թիմի վրա շատ թանկ է արժենում. Մոուրինիոյի թիմը վերջին 3 խաղերում կրել է 3 պարտություն: Սակայն այս վատ նոտայի վրա իրեն լոնդոնցիների կազմում փայլուն է դրսեւորում երիտասարդ նորեկը՝ Ստիվեն Բերգվեյնը, որը լոնդոնյան թիմ տեղափոխվելուց հետո դարձել է մեկնարկային կազմի ֆուտբոլիստ: 22-ամյա հոլանդացին ՊՍՎ-ից է տեղափոխվել անգլիական ակումբ: Բերգվեյնը իր նախկին թիմում առաջատարներից մեկն էր, եւ կարծես անգլիական ֆուտբոլին հարմարվելու գործընթացն էլ շատ բարդ չստացվեց նրա մոտ:
Ստիվեն Բերգվեյնին մենք ընդգրկել ենք մեր հնգյակում:

 

Քրիստիան Էրիկսեն( «Ինտեր»)
Պարզից էլ պարզ էր այն, որ Քրիստիան Էրիկսենը լքելու է «Տոտենհեմը». լոնդոնյան թիմի առաջատարներից մեկը հավաքեց ճամպրուկները եւ հեռացավ Միլան՝ «Ինտեր»: Այստեղ սուպերթիմ ստեղծող Անտոնիո Կոնտեն է, որը հերթով հավաքում է Պրեմիեր լիգայի բոլոր ֆուտբոլիստներին: Դանիացին հենց սկզբից չընդգրկվեց Կոնտեի մեկնարկային կազմում, բայց քիչ-քիչ ձեռք բերեց նաեւ այդ իրավունքը: Քրիստիան Էրիկսենը միանշանակ այս մրցաշրջանում կլինի «Ինտերի» գլխավոր զենքերից մեկը եւ Լուկակու-Մարտինես դուոյին գնդակ մատակարարողը: Այդ հզոր հարձակվողները կարող են անկասելի դառնալ՝ Էրիկսենի մեծ ջանքերի շնորհիվ: 28-ամյա կիսապաշտպանը «Ինտերի» կազմում արդեն հասցրել է դառնալ 1 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ:

 

Զլատան Իբրահիմովիչ  («Միլան»)
Իհարկե, այս շարքում չէր կարող իր ուրույն տեղը չունենալ երբեք չծերացող Զլատան Իբրահիմովիչը: «Լոս Անջելես Գելեքսիից» իտալական «Միլան» վերադարձած շվեդ հսկան կարծես «քիմմաքրման» ենթարկեց «Ռոսոներիներին» եւ գծեց հաղթական ուղին: «Կարմրասեւերը» Իբրայի ժամանելուց հետո պարտվել են ընդամենը մեկ անգամ միլանյան դերբիում: Շվեդ հարձակվողը, հնարավոր է, շատ բան չփոխեց խաղադաշտում, բայց բառիս բուն իմաստով հեղափոխեց թիմի հանդերձարանն ու մտածելակերպը: Հենց այդ պարզ պատճառով Իբրակադաբրան կա այս շարքում եւ բացում է լավագույն եռյակը:

 

Էրլինգ Հալանդ ( «Բորուսիա Դորտմունդ»)
Նորվեգացի 19-ամյա պատանին, «Զալսբուրգի» կազմում ֆանտաստիկ ելույթներ ունենալով, կարողացավ գրավել եվրոպական գրանդների ուշադրությանը: Այդ միակ բախտավորը, որը սկսել է եւ դեռ կշարունակի վայելել Հալանդի խփած գոլերի քաղցրությունը, գերմանական «Բորուսիա Դորտմունդն» է: Եթե շատերը չէին հավատում երիտասարդ ֆուտբոլիստին, ապա, կարծում ենք, հիմա չհավատալն անհնար է: Նորվեգացին «մեղուների» կազմում արդեն հասցրել է դառնալ 12 գոլի հեղինակ, որոնցից երկուսը խփել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ-ի դեմ հանդիպանը: Ֆուտբոլիստը ֆանտաստիկ մարզավիճակում է, եւ այս «Բորուսիան» առանց նրա պատկերացնել արդեն հնարավոր չէ: Հալանդը, անշուշտ, այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ամենահաջողված ձեռքբերումներից մեկն էր:

 

Բրունո Ֆերնանդեշ  («Մանչեստեր  Յունայթեդ»)
Այո, Հալանդը կարող էր լինել առաջին հորիզոնականում, եթե ձախողվեր այս ձմռան ամենասպասված գործարքը: «Մանչեստեր Յունայթեդը» մեծ ջանքերի գնով կարողացավ պորտուգալական «Սպորտինգից» «առեւանգել» Բրունո Ֆերնանդեշին: Այս ֆուտբոլիստի մասին ասելու շատ բան չկա. թե ինչու է նա մեր կազմած ցանկի առաջին հորիզոնականում, խոսում են թվերը: Պորտուգալացին մասնակցել է 6 հանդիպման «Կարմիր սատանաների» մարզաշապիկով եւ 6-ում ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ: «Ժողովուրդ» օրաթերթի նախորդ համարներից մեկում խոսել էինք Ֆերնանդեշի մասին եւ նշել, որ նա ունի բոլոր որակները «Յունայթեդի» փրկիչը՝ Աքիլլեսը դառնալու համար: Այդպես էլ եղավ՝ մեկ տարբերությամբ՝ Ֆերնանդեշի թույլ կողմը դեռեւս բացահայտված չէ:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս