Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը, որով առաջարկվում են էական փոփոխություններ՝ պետականության հիմնարար սկզբունքներից մինչև իշխանության կառուցվածք, բանակի կառավարում և քաղաքացիների իրավունքներ։
Եթե գործող Սահմանադրությունն ունի 16 գլուխ և 220 հոդված, ապա նոր նախագիծը բաղկացած է լինելու 12 գլխից և 89 հոդվածից։
Նախագծից հանվել է Անկախության հռչակագրին հղումը, իսկ «Հայ ժողովուրդ» ձևակերպումը փոխարինվել է «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» արտահայտությամբ։ Նոր նախաբանում շեշտադրվում է միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ և անվտանգ պետություն կառուցելու նպատակը։ Այս փոփոխությունը ընդդիմությունը համարում է զիջում Ադրբեջանին, մինչդեռ իշխանությունը այն ներկայացնում է որպես խաղաղության օրակարգի ամրագրում։
Փոխվում են նաև ընտրական և պետական կառավարման կարգավորումները։ Ընտրելու իրավունք կունենան վերջին երկու տարում առնվազն մեկ տարի Հայաստանում մշտապես բնակված քաղաքացիները։ Վարչապետը կդառնա զինված ուժերի գերագույն հրամանատար նաև խաղաղ ժամանակ, իսկ Անվտանգության խորհուրդն այլևս չի նախատեսվի որպես առանձին սահմանադրական մարմին։
Նախագծով Ազգային ժողովը հնարավորություն կունենա ինքնալուծարվել, անվստահություն հայտնել առանձին նախարարներին ու փոխվարչապետներին։ Նախատեսվում են նաև փոփոխություններ դատական համակարգում՝ դատավորների մեկանգամյա վեթինգ, Դատախազության խորհրդի ստեղծում և ԲԴԽ բոլոր տասը անդամների ընտրություն խորհրդարանի կողմից։
Նոր կարգավորումներ են առաջարկվում նաև կուսակցությունների ֆինանսավորման և լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության ոլորտներում։ Սահմանադրության փոփոխությունները կկատարվեն հանրաքվեով։
Նախագիծը դեռ վերջնական չէ և կարող է փոփոխությունների ենթարկվել հանրային քննարկումների ընթացքում։
Իշխանությունը նոր Սահմանադրությունը համարում է խաղաղության և պետականության շարունակականության հնարավորություն, իսկ ընդդիմությունը պնդում է, որ դրա հիմքում Ադրբեջանի պահանջներն են։
Սակայն Բաքուն էլ իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, եթե Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Այսպիսով, նախագիծը վերաբերում է ոչ միայն առանձին հոդվածների, այլև պետականության գաղափարախոսությանն ու կառավարման համակարգին։
Աննա Հանյան
Մանրամասները՝ տեսանյութում․























































































