ՏՈՒԳԱՆՔ՝ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը քննարկման է դրել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք լիազորված պետական մարմնից դրանց պահման թույլտվություն չստանալու եւ դրանց հաշվառման տվյալները լիազորված մարմնին չտրամադրելու դեպքում համարվելու են առանց թույլտվության գործունեություն իրականացնողներ, եւ նրանց նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ կենսաթոշակային տարիքի մարդկանց սիրողական նպատակներով ձկնոսության դեպքում արտոնություն կտրվի, այն կդառնա անվճար, ինչի արդյունքում կլուծվեն այդ տարիքային խմբի մարդկանց սոցիալական խնդիրները։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականի տվյալներով՝ սիրողական ձկնորսության համար Շրջակա միջավայրի նախարարություն են դիմել շուրջ 4000 ՀՀ քաղաքացի, որոնցից մոտ 2000-ը եղել են կենսաթոշակային տարիքի։ Այդ ողջ գործընթացի գումարը կազմել է մոտ 7 մլն դրամ, որից կենսաթոշակային տարիքի խմբի կողմից վճարված գումարը կազմել է 2.5 մլն դրամ։
Ներկայումս ՀՀ օրենսդրությամբ արգելված է միայն ապօրինի որսը: Բայց պարզվում է, որ վայրի կենդանիների, դրանց մասերի, դրանք պարունակող կենդանաբանական հավաքածուների վաճառքը, իրացնելու նպատակով ձեռքբերումն ու փոխանակումը, առանց ծագման օրինականությունը հաստատող փաստաթղթերի, օրենսդրությամբ կանոնակարգված չեն: Մեզ հայտնի դարձավ, որ կնախատեսվի օրենսդրական արգելք այդ գործունեության համար:
Տեղեկացնենք, որ միաժամանակ փոփոխություններ կկատարվեն ոչ միայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, այլեւ ՀՀ հարկային օրենսգրքում եւ «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքում: Այսինքն՝ «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացվող հոդվածներին համապատասխան՝ կիրառվեն պատասխանատվության միջոցներ։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սեւակ Բալոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ մենք այս փոփոխությունների կարիքն ունեինք: «Միանշանակ ունեինք, որովհետեւ, ճիշտ է, մեր այսօրվա գործող օրենսդրությունն ասում է, որ պետք է անազատ, կիսազատ պայմաններում թույլտվությունը տրամադրի լիազոր մարմինը, բայց այդ ընթացակարգը չկա: Այսինքն՝ կարգը չկա, թե ինչ պայմանների առկայության դեպքում, հիմա այս օրենսդրական փոփոխությունները դրան են միտված: Այ որ հաստատվի, դրանից հետո ենթաօրենսդրական ակտերը կմշակվեն, ու գործընթացը կսկսվի»,- բացատրեց Բալոյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ երբ դիմում են նախարարություն ինչ որ կենդանատեսակի մաս կամ արգասիք արտահանելու համար, նախարարությունը որպես առաջնային փաստաթուղթ դիտարկում է այդ կաշվի, մորթու ծագման աղբյուրը: «Եթե դա չի լինում, ապա փաստվում է, որ դա ապօրինի է, նախարարությունը արտահանման թույլտվություն չի տրամադրում: Անհրաժեշտության դեպքում նախարարությունը դիմում է տեսչական մարմնին եւ ասում է, որ այս մարդու մոտ կա այս ապրանքը, որի ծագումն անհայտ է, խնդրում ենք ձեր լիազորությունների շրջանակներում գործողություններ իրականացնել: Իսկ ներքին շուկայում էլ դա դարձյալ տեսչական վերահսկողության խնդիր է, արդեն տեսչական մարմինը պետք է ներքին շուկայում տեսնի, եթե նման ապրանք կա, պետք է պարզի դրա ծագման աղբյուրը»,- պարզաբանեց մասնագետը:
Սահմանված ժամկետներում կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը լիազոր մարմնին չտրամադրելը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Առանց համապատասխան թույլտվության անազատ եւ կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներ, այդ թվում` ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու համար կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով՝ 150 հազար դրամից մինչեւ 250 հազար դրամ, իսկ պաշտոնատար անձինք՝ 170 հազար դրամից մինչեւ 250 հազար դրամ։
Իսկ, ահա, կենդանիների եւ բույսերի վայրի տեսակների, դրանց արգասիքների կամ դրանց մասերի (կենդանի բույսեր կամ կենդանիներ, մորթիներ, կաշիներ, խրտվիլակներ, գանգեր, մարմնի կտրտված մասեր, եղջյուրներ, ժանիքներ, արյուն, ձու, ձկնկիթ, օձի թույն, սերմեր, արմատներ, կոճղարմատներ, սոխուկներ, պալարներ, կտրոններ եւ այլն), կենդանաբանական եւ բուսաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ վաճառելու, իրացման նպատակով առանց ծագման կամ ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթերի ձեռք բերելու դեպքում կտուգանվեն 150-200 հազար դրամի չափով: Իսկ պաշտոնատար անձինք նույն արարքի համար կտուգանվեն 170-250 հազար դրամի չափով, ինչպես նաեւ կենդանիների մասերը, դրանք պարունակող կենդանաբանական եւ բուսաբանական հավաքածուները կբռնագրավվեն:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ կոնկրետ որ կառույցը պետք է վերահսկի այս գործընթացը, Սեւակ Բալոյանն արձագանքեց. «Վերահսկողություն իրականացնելու է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը: Նախարարությունը վերահսկողական գործառույթներ չունի: Մեր նախարարության խնդիրը օրենսդրական դաշտը ապահովելն է, իսկ արդեն այլ բնապահպանական խախտումների նկատմամբ վերահսկողությունը տեսչական մարմնի խնդիրն է»:
Արդյոք Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն ունի՞ աշխատանքային այն ռեսուրսը, որով կկարողանա վերահսկել: Այս հարցով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց տեսչական մարմին, սակայն մամուլի խոսնակ Նաիրա Աղաբաբյանը, մեր հարցին ի պատասխան, ուղարկեց տեսչական մարմնի կանոնադրությունը: Այս տեսչական մարմնի ներկայացուցչի գործելաոճը այդքան էլ չի զարմացնում, քանի որ վերջին շրջանում այս կառույցում անառողջ մթնոլորտ է. խռովություն է, տեսչական մարմնի ղեկավարը չի շփվում իր ենթակաների մեծ մասի հետ: Տեսչական մարմնի աշխատողների գերակշիռ մասը դժգոհում է մարմնի ղեկավարի գործելաոճից, իսկ վերջինս էլ չի բարեհաճում հանդիպել եւ զրուցել իրենից դժգոհ ենթակաների հետ: Այս տեսչական մարմնում տիրող վիճակի մասին տեւական ժամանակ է՝ աշխատողները բարձրաձայնում են, բայց արձագանք չկա: Եւ ի՞նչ երաշխիք, որ տեսչական մարմնի աշխատողները կկարողանան վերահսկողություն իրականացնել: Ինչպես ասում են, «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխությունները մնալու են սեւով սպիտակի վրա գրված: Չէ՞ որ հենց նույն սիգի օրինակով «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն է՛լ, տեսչական մարմինն է՛լ իրենց հերթին կուրծք են ծեծում, որ վերահսկում են, բայց այսօր ամեն տեղ անարգել սիգ է վաճառվում, ինչի որսն, ի դեպ, դեռ արգելված է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱՆՆՊԱՏԱԿ ԾԱԽՍԵՐ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը վստահեցրել է, որ Երեւանի ՋԷԿ-ը տարիների շարունակ կուտակել է կրեդիտորական պարտքեր, որոնք իրականում որեւէ աղերս չունեն իր կանոնադրական գործունեության հետ: Վարդանյանն այս մասին ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Երեւանի ՋԷԿ»-ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկմանը: ««Երեւանի ՋԷԿ-ը» տարիներ շարունակ օգտագործվել է ոչ իր կանոնադրական նպատակներով, ձեւավորել է դեբիտորական եւ կրեդիտորական պարտքեր: Օրինակ՝ «Երեւանի ՋԷԿ»-ը Համաշխարհային բանկից վարկ է վերցրել, վճարել է «Նաիրիտ»-ի աշխատողների աշխատավարձը, հետո սկսել է այդ վարկը մարել սակագնով ստացված գազի գումարների հաշվին, գազի գումարը չի վճարել:

 

 

 

ԽՆԴԻՐՆԵՐ՝ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորականի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արեւիկ Բաղիրյանի եւ դպրոցի 22 տարվա տնօրեն Սիլվա Խոջայանի հակամարտությունը, թվում է, հանգուցալուծվեց. Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, իր դիմումի համաձայն, պաշտոնից ազատեց Սիլվա Խոջայանին, անվավեր համարեց տնօրենի կողմից Ա. Բաղիրյանին տված երկու նկատողությունները, Ա. Բաղիրյանին աշխատանքից ազատելու հրամանը։ Սակայն դրանից հետո էլ խնդիրը չլուծվեց։ Արեւիկ Բաղիրյանը հայտնեց, որ մարզպետի որոշումից հետո Զորականի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ազարյանի կողմից իրեն դասաժամեր այդպես էլ չեն տրամադրվել, ինքը հնարավորություն չի ունեցել դասեր պարապելու։ Իսկ Ա. Բաղիրյանն ասաց, որ ինքը մասնակցելու է 2020թ. ապրիլի 14-ին կայանալիք Զորականի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին։ Սիլվա Խոջայանը, որը ներկայումս Զորականի դպրոցում ուսուցիչ է աշխատում, նույնպես հայտնել է այդ մրցույթին մասնակցելու իր մտադրության մասին։ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության մշակույթի, սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը հայտնեց, որ Տավուշի մարզպետի որոշումով՝ Արեւիկ Բաղիրյանը վերականգնվել է աշխատանքում, սակայն խնդիր կա Ա. Բաղիրյանի եւ Զորականի դպրոցի ուսուցիչների հարաբերություններում, սակայն բոլորը պետք է հասկանան, որ պետք է գործեն օրենքի շրջանակներում: Ամանորի շեմին՝ 2019 թ. դեկտեմբերի 30-ին՝ Նոյեմբերյան համայնքի մաս կազմող սահմանամերձ Բաղանիս գյուղ այցելության ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին դիմել Բաղանիսի մի քանի բնակիչներ՝ ասելով, որ գյուղի բնակիչները ցանկանում են՝ իրենց համագյուղացին լինի Բաղանիսի դպրոցի տնօրեն, դժգոհել էին այդ դպրոցի տնօրենի թեկնածու Սիլվա Իսրայելյանի մասնագիտական որակներից: Նիկոլ Փաշինյանը նրանց կտրուկ հակադարձել էր, որ պետք չէ տեղային հայրենասիրություն դրսեւորել, կարեւորն այն է, որ դպրոցի տնօրենի լինի իր գործի մասնագետը: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը որոշել է մարտի 5-ից լուծել Բաղանիսի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Ալվարդ Բայրամյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։ Բաղանիսի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մարտի 3-ին կայացած մրցույթին մասնակցել է 2 անձ, մրցույթում հաղթել է այդ դպրոցի ուսմասվար Սիլվա Իսրայելյանը, որը Բաղանիսի հարեւան Ոսկեվան գյուղի բնակիչ է։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը որոշում է ընդունել՝ Ս. Իսրայելյանին Բաղանիսի դպրոցի տնօրեն նշանակելու եւ նրա հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին։ Բաղանիսում կրքերը կխաղաղվեն արդյոք՝ ցույց կտա ժամանակը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս