Մեր թատրոններն ադմինիստրատիվ առումով դեռ սովետական են. Ռուբեն Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է: «Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ զրուցել է Հայաստանում թատրոնի՝ որպես ինքնաբավ կառույցի կայացման, հայ հանդիսատեսի կրթական ցենզի եւ «Թատրոնի մասին» օրենքի ընդունման անհրաժեշտության թեմաներով:

-Պարո՛ն Բաբայան, այսօր հայ թատրոնը կարողացե՞լ է դառնալ կայուն հանդիսատեսով, ինչո՞ւ ոչ, ֆինանսապես անկախ կառույց:

-Հայկական տարբեր թատրոններում մշտապես հետաքրքիր ներկայացումներ են ծնվում. դա՝ միանշանակ: Այդ կառույցները համալրվել են երիտասարդ ռեժիսորներով, դերասաններով, ինչը բավական ուրախալի է: Պետք է ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի նրանց տաղանդն ի հայտ գա: Մեծ խնդիր եմ տեսնում թատրոնի ադմինիստրատիվ գործունեության ձեւի մեջ, որը, ցավոք, դժվար է ենթարկվում փոփոխությունների: Այսօր, երբ աշխարհում թատրոնները ձերբազատվում են բոլոր հնարավոր սահմանափակումներից, մեր թատրոնները ադմինիստրատիվ առումով մնացել են սովետական մոդելին հավատարիմ: Եվս մեկ կարեւոր խնդրի մասին կցանկանամ խոսել:

Առհասարակ, զարգանում է այն ոլորտը, որտեղ կատարվում են ֆինանսական ներդրումներ: Թատրոնների դեպքում հեծանիվ հորինել պետք չէ: Բազմաթիվ երկրներում կիրառվում է «Մեկենասության մասին» օրենքը, ըստ որի՝ թատրոնին հովանավորողն ազատվում է մի շարք հարկերից: Այսպիսով բիզնես ոլորտն ու մշակութային դաշտը կապվում են միմյանց հետ: Թատրոնը փակ կառույց չէ, այն կապակցված է մի շարք ոլորտների հետ: Ընդհանրապես, պետությունը վատ մենեջեր է: Ամբողջ աշխարհում է այդպես:

Թատրոնները որքան ինքնուրույն լինեն եւ ազատ, այնքան հեշտ կլինի տաղանդներին բացահայտելը: Բայց միեւնույն ժամանակ ուզում եմ շեշտել՝ միամիտ կարծիք է, երբ ասում են, թե թատրոնները կարող են իրենք իրենց ֆինանսավորել: Նույնիսկ Բրոդվեյի թատրոնները ե՛ւ պետությունից, ե՛ւ հովանավորներից ստանում են ֆինանսական աջակցություն: Վերջիվերջո, մենք գործ ունենք արվեստի հետ, վարկանիշային մտածողությունն այս պարագայում չի աշխատում: Եթե մենք շարժվենք այն սկզբունքով, թե ինչ է ուզում տեսնել մեծամասնությունը, երբեւէ լուրջ գործեր չենք ստեղծվի:

-«Թատրոնի մասին» չարչրկված օրենքն ի վերջո Հայաստանում ե՞րբ կընդունվի, տեղյա՞կ եք՝ դրա մշակումն ինչ փուլում է: Տարիներ շարունակ թատրոնի մարդիկ պնդում են դրա անհրաժեշտության մասին, տեղի են ունենում քննարկումներ, իսկ օրենքն այդպես էլ չի ընդունվում:

-Անկեղծ ասած,, տեղյակ չեմ: Ինքս շուրջ հինգ անգամ եղել եմ համապատասխան հանձնաժողովի անդամ: Ամբողջ խնդիրն այն է, որ օրենքի այն կետը, որը վերաբերում է մեկենասությանը, Ֆինանսների նախարարությունը մերժում է: Ամբողջ խնդիրն այն է, որ մենք պետք է փոխենք պետության մասին մեր պատկերացումը: Պետությունը միայն Ֆինանսների նախարարությունը չէ, թատրոնը եւս պետություն է: Եվ երբ ներդրողը գումար է տալիս թատրոնին, նշանակում է, որ գումար է տալիս հենց պետությանը:

-Պարո՛ն Բաբայան, մեր հանդիսատեսի կրթական ցենզը վերջին տարիներին բարձրացե՞լ է:

-Կոնկրետ մեր թատրոնը լայն գործունեություն է ծավալում՝ հանդիսատեսի դատին հանձնելով ներկայացումներ երեխաների եւ մեծահասակների համար: Շատ սխալ կլինի, եթե թատրոնները մտածեն միայն հանդիսատեսի քանակի մասին: Կրթական համակարգը պետք է կապվի մշակույթի հետ: Այն, որ աբոնեմենտային համակարգը վերականգնվում է, դրական քայլ է: Իրական արվեստը հասկանալու, ճանաչելու համար որոշակի նախապատրաստական աշխատանքներ են պետք: Դա նման է այն երեւույթին, որ հղի կինը լսում է դասական երաժշտություն, պտղին դեռ սաղմնային վիճակում պատրաստում է բարձր արվեստն ընկալելուն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս