ՍԴ նախագահի «գահընկեցության» հարցն օրակագում է․ տակից նախագծերն անցկացնում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հինգշաբթի օրը՝ ապրիլի 9-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որտեղ պետք է քննարկվի «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն է: Բանն այն է, որ իմքայլական պատգամավորը առաջարկում է Սահմանադրական դատարանի անդամների ընտրությունը կատարել ոչ թե հերթական նիստում, այլ ցանկության դեպքում հրավիրել արտահերթ նիստ ու ընտրությունն իրականացնել: «Ժողովուրդ» օրաթերթը իշխանական իր աղբյուրներից տեղեկացավ, որ, չնայած ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությանը, իշխանության անդամներին հորդորել են «տակից» իրենց նախագծերը առաջ տանել, որպեսզի արտակարգ դրությունից իրենց պլանները չձախողվեն. ՍԴ նախագահի «գահընկեցության» հարցն օրակագում է:

Եւ այսպես, Հովակիմյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որով Սահմանադրական դատարանի դատավորի հրաժարականի դեպքում նոր ընտրությունը պետք է տեղի ունենա հերթական նիստերի ժամանակ։ Եվ պատգամավորը նկատում է, որ եթե դա տեղի ունենա գարնանային նստաշրջանի վերջում, օրինակ՝ մայիսին, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրող՝ Սահմանադրությամբ նախատեսված մարմինն էլ կկատարի իր պարտավորությունը, միեւնույնն է, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի առկա կարգավորման պատճառով ՍԴ դատավորի տեղը թափուր կմնա ավելի քան չորս ամիս:

Եվ այս փոփոխության նպատակն է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով խորհրդարանին հնարավորություն տալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպվեն նաեւ արտահերթ նիստում` ամռանը, երբ ԱԺ հերթական նստաշրջանն ավարտված կլինի, որպեսզի երկիրը որոշ ժամանակ ստիպված չլինի մնալ առանց ՍԴ անդամների ու, հետեւաբար, կառույցի լրակատար գործունեության:

Կորոնավիրուսի կանխարգելումից հետո, երբ արդեն մայիսին, հունիսին կսկսեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանակության գործընթացը` հանրաքվեն հապշտապ անցկացնելով, հնարավորություն ունենան ցանկացած ժամանակում արտահերթ նիստ հրավիրել ու իրականացնել իրենց բոլոր պլանները՝ ՍԴ-ի հետ կապված:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորների հետ՝ պարզելու համար, թե իրենք ինչ դիրքորոշում ունեն իմքայլական պատգամավորի նախագծի հետ կապված:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյան

-Պարո՛ն Սիմոնյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ի՞նչ դիրքորոշում ունի իմքայլական պատգամավորի առաջարկած նախագծի վերաբերյալ, ըստ որի ՍԴ անդամներին կարելի է ընտրել նաեւ արտահերթ նիստ հրավիրելով: Դուք համակարծի՞ք եք:

-Մի հատ նիստի ընթացքը հասկանանք, հիմնավորումները որն է բերվում, իմաստը որն է նախագծի եւ այլն, դրանից հետո նոր կկարողանանք խմբակցության կարծիքը ներկայացնել:

-Նախագիծը չե՞ք ուսումնասիրել, Ձեր դիրքորոշումները որո՞նք են: Պե՞տք է ՍԴ անդամներին արտահերթ նիստում ընտրել:

-Նախագծում ընդամենը մեկ բառ է փոխվում, մեծ փոփոխություն այն չի ենթադրում: «Հերթական» բառն են փոխում, որ այնպես լինի, որ արտահերթ նիստի ժամանակ էլ ՍԴ անդամներ ընտրեն:

-Փաստորեն, իշխանությունը նպատակ ունի արտակարգ դրությունից հետո ակտիվ քայլեր ձեռնարկել ՍԴ-ի փոփոխությունների հետ կապված, Դուք կարծում եք, որ դա՞ է  պատճառ հանդիսացել այս փոփոխության:

-Եկեք չշտապենք, պետք է հասկանանք, թե պարոն Հովակիմյանը ինչպես է մեկնաբանում, հիմնավորում այս ամեն ինչը, որից հետո պարզ կլինի, թե մենք ինչ դիրքորոշում ենք հայտնում: Նախկինում էլ այդ նախագիծը ներկայացվել էր, բայց փաթեթի ներքո, որին մենք բացասական էինք արձագանքել: Հիմա ուզում եմ հասկանամ, հիմա ինչու են բերել, ինչ հիմնավորումով, ըստ դրա վերջնական կասենք մեր դիրքորոշումը: Փաթեթին բացասական են արտահայտվել, մնում է սա հասկանանք՝ ինչ է, ինչու են բերել: Մեր դիրքորոշման մասին կասենք նիստից հետո:

Հ․Գ․ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ընդդիմադիր ԲՀԿ խմբակցությունից պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանը կտրականապես մեր հեռախոսազանգերին եւ հաղորդագրություններին չէր պատասխանում: Իսկ նույն հանձնաժողովի պատգամավոր, ԲՀԿ-ական Նորա Առուստամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ հարցը խմբակցությունում չեն քննարկել, դրա համար որեւէ բան չի կարող ասել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս