Երեկ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ կոչով, որտեղ մասնավորապես ասվում է․
Համավարակի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում՝ ընդ որում շատ ավելի ծանր ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ։ Ի տարբերություն վերջիններիս՝ այսօր ռազմաճակատի գիծ գոյություն չունի, հակառակորդի կրակակետերն անբացահայտելի են, խրամատներն ու բլինդաժներն անօգուտ։ Վիրուսն ամենուրեք է ու անտեսանելի. նա հարվածում է թե՛ առջեւից, թե՛ կողքերից, թե՛ թիկունքից, թե՛ օդից։ Ոչ ոք ապահովագրված չէ ախտահարումից ու ծանր կորուստներից՝ դառնագույն մի ճշմարտություն, որ պարտավոր է մտապահել մեզանից յուրաքանչյուրը, ընդ որում առանց խուճապի, եւ պատասխանատվության բարձր գիտակցությամբ։
Նկատի ունենալով այս ամենը, կարծում եմ, ներկայիս անբնական ու վտանգավոր ներքաղաքական իրավիճակի լիցքաթափմանը կարող են նպաստել մեծ ջանքեր չպահանջող հետեւյալ անհրաժեշտ քայլերը․
1. Քարոզչական ու դաստիարակչական բոլոր միջոցներով հասարակությանը պարտավորեցնել ենթարկվել Արտակարգ դրության պարետի եւ Առողջապահության նախարարի հրահանգներին եւ խստորեն կատարել նրանց հանձնարարականները։
2. Դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները՝ նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային։
3. Հակավարակային միջոցառումներին ու դրանցից ծագած սոցիալական խնդիրներին վերաբերող մասնավոր խորհուրդներն ու առաջարկներն արտահայտել ոչ թե հրապարակավ ու ցուցադրաբար, այլ ուղղակի հասցեագրել պարետատանը, նրա կազմում ստեղծելով հատուկ խումբ՝ դրանք ուսումնասիրելու եւ նպատակահարմարության պարագայում գործադրելու համար։
4. Սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում։
5. Վերջ տալ Արցախի ընտրությունների շուրջ ընթացող խժդժություններին եւ իշխանության նոր մարմինների շուտափույթ ձեւավորմամբ ապահովել հանրապետության լիակատար կառավարելիությունը։
6. Հուսալ, որ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կկարգադրեն անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը եւ այդու չեն կորցնի պետական այրին վայել վարք դրսեւորելու այս պատեհությունը։
ArmLur.am-ն այս առնչությմբ զրուցել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հետ։
«Ես ցավում եմ, որ որոշ ժամկետնանց քաղաքական գործիչներ փորձում են ամեն առիթ օգտագործել փիառվելու, երևալու համար։ Այս պահին երկրում ճգնաժամային իրավիճակ է, և ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի` մյուսերին չխանգարելով։ Սա փիառվելու ժամանակաշրջան չէ»,-նշեց նա։
Լիդա Եղիազարյան