Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը: Այստեղ փոփոխություններ կկատարվեն «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրության մեջ:
Արձանագրության նախագծով սահմանվում է, որ՝
- ազատ տնտեսական գոտու տարածք ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման ժամանակ ԱԱՀ-ի վճարման պարտավորության ծագման պահը հետաձգվում է ներմուծման օրվանից 180 օրով,
- ազատ տնտեսական գոտու տարածք ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման ժամանակ ԱԱՀ-ն հաշվարկվում և վճարվում է ազատ տնտեսական գոտու ռեզիդենտ հանդիսացող հարկ վճարողի կողմից, այդ թվում նաև ներմուծված այն ապրանքների համար, որոնք ներմուծմանը հաջորդող 180 օրացուցային օրվա ընթացքում չեն իրացվել կամ իրացվել են առանց ԱԱՀ-ի,
- ազատ տնտեսական գոտու ռեզիդենտ հանդիսացող հարկ վճարողը պարտավոր է ոչ ուշ, քան ներմուծված ապրանքները հաշվառման վերցնելուն հաջորդող ամսվա 20-ը հարկային մարմին ներկայացնել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ հավելվածի 20-րդ կետով սահմանված բոլոր փաստաթղթերը, բացառությամբ ներմուծված ապրանքների մասով անուղղակի հարկերի գծով հարկային պարտավորությունների կատարումը հաստատող փաստաթղթերի, որոնք վերջինիս կողմից ներկայացվում են ներմուծման օրվանից 180 օր հետո: Ընդ որում, այդ փաստաթղթերի հետ միասին ազատ տնտեսական գոտու ռեզիդենտ հանդիսացող հարկ վճարողի կողմից հարկային մարմին է ներկայացվում նաև հայտարարագիր, որում արտացոլվում են ներմուծված ապրանքները հաշվառման վերցնելու ամսաթվին հաջորդող 180 օրացուցային օրվա ընթացքում այդ ապրանքների՝ իրացված կամ չիրացված կամ առանց ԱԱՀ-ի իրացված լինելու վերաբերյալ տվյալներ:
Միաժամանակ նախագծով սահմանվում է, որ ազատ տնտեսական գոտու ռեզիդենտ հանդիսացող հարկ վճարողի մոտ անուղղակի հարկերի գծով ավել վճարված՝ վերադարձման ենթակա գումարների առկայության դեպքում հարկային մարմինը կարող է որոշում ընդունել այդ գումարների հաշվին ներմուծված ապրանքների մասով առաջացած հարկային պարտավորությունները հաշվանցելու վերաբերյալ: