ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԹԵԺ ԵՆ ԼԻՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում հաճախ են տեղեկություններ շրջանառվում այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում արշալույսները խաղաղ չեն, եւ վարչության նիստերը հաճախ լարված եւ թեժ են անցնում: Այս մասով «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանին:

 

-Տեղեկություններ կան, որ վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  վարչության նիստերը շատ թեժ են ընթանում, քանի որ քննարկվում է մի քանի պատգամավորների՝ մանդատները վայր դնելու հարցը, ինչպես նաեւ լարվածություն կա խմբակցությունում: Որքանո՞վ են ճիշտ այս տեղեկությունները:

-Ձեր պնդման առաջին մասը իրական է՝ թեժ անցնելու հետ կապված, որովհետեւ գործ ունենք քաղաքական կուսակցության, մեր դեպքում՝ կառավարող կուսակցության վարչության հետ, եւ շատ նորմալ եմ համարում, որ կառավարող կուսակցության վարչությունում քննարկումները թեժ են լինում: Իսկ հարցի երկրորդ մասի հետ կապված՝ նշեմ, որ նման օրակարգ չկա վարչությունում. քննարկվում են քաղաքական եւ երկրում տեղի ունեցող պրոցեսների հետ կապված հարցեր:

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումը խմբակցությունում, նշվում է, որ լարված է անցել: Պատգամավոր Վարդան Աթաբեկյանի անձի հետ կապված ասվել է, որ մանդատը վայր դնի, պատգամավորներ Աննա Կարապետյանի եւ Սոֆյա Հովեփյանի մասով նույնպես: Ինչի՞ց է ստեղծվել այս խնդիրը:

-Կարող եմ ասել, որ խմբակցության շատ լավ նիստ ենք ունեցել, կարեւորագույն հարցեր ենք քննարկել՝ մոտեցմումների, անելիքների եւ ապագայի վերաբերյալ, այնպես որ շատ կառուցողական եւ բովանդակային քննարկում ենք ունեցել: Իսկ Ձեր նշածը՝ մեր գործընկներների հետ կապված, ասեմ, որ նման տեղեկատվություն չկա, դա իրականությանը չի համապատասխանում: Մենք ամուր թիմ ենք, եւ մեր բոլոր ջանքերն ուղղված են  մարտահրավերները հաղթահարելուն:

-Կհերքեք նաեւ ա՞յն, որ լարվածություն կա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի  նախարար Արայիկ Հարությանյանի  եւ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի մշտական հանձնաժողովի նախագահ  Մխիթար Հայրապետյանի միջեւ: Նշվեց, որ վարչության նիստի ընթացքում էլ թեժ քննարկում է եղել, իրենք լարված են եղել,  երկու գործընկերները նշել են, որ միմյանց հետ չեն համագործակցում: Արդյոք դա այսպե՞ս է:

-Դուք  խոսում եք երկու թիմակից պաշտոնյաների մասին, որոնք մեկը որպես համապատասխան հանձնաժողովի նախագահ է, մյուսը՝ որպես նախարար: Իհարկե, այստեղ կան քննարկումներ, բայց դրանք կառուցողական են: Այդ քննարկումները միտված են խնդիրները լուծելուն, եւ ապակառուցողական քննարկումներ չկան: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ «Իմ քայլը» խմբակցությունը գործում են միասնական, թիմային տրամաբանությամբ, եւ մեր բոլոր քննարկումները բաց են: Ես նորմալ, առողջ եմ համարում այդ քննարկումները:

-Իսկ, ըստ Ձեզ, որտեղի՞ց են նման տեղեկություններ տարածվում:

-Մամուլում շատ են նման տեղեկություններ պտտվում:

-Պարո՛ն Բոշյան, այսինքն՝ դրանք ամբողջությամբ սո՞ւտ են:

-Տեսեք, կան չափազանցություններ, կա իրականության այլ կերպ արտացոլում, կան միտումնավոր  տեղեկատվության տարածման փորձեր, որոնք շատ հաճախ որոշակի միտումներ  ու նպատակներ են հետապնդում: Ես կարող եմ ասել,  որ այն, ինչ որ Դուք նշեցիք՝ լարվածություն եւ այլն, դրանք աշխատանքային, թիմային  քննարկումներ են: Կարծում եմ, որ օրվա եւ ապագա իշխանությունները եւս պետք է բաց լինեն քննարկումների եւ բանավեճերի համար, որովհետեւ այդ բանավեճերի ընթացքում է ծնվում ճշմարտությունը, եւ տրվում հարցերի պատասխաններ:

-Խմբակցությունում կամ վարչությունում հանրաքվեի հարցի քննարկում տեղի ունեցե՞լ է, քանի որ վիրուսի տարածման պատճառով հարցն առկախվեց: Արդյոք արտակարգ դրության ավարտից հետո իշխանությունը նպատակ ունի՞ հանրաքվե իրականացնելու:

-Այս հարցի մեջ կա նաեւ պատասխանը. մենք ունենք մի իրավիճակ, երբ բախվել ենք համավարակի գլոբալ խնդրի հետ, եւ մենք մեր քաղաքացիների առողջությունը չենք կարող ռիսկի տակ դնել: Մեր գործունեության ելակետը մեր քաղաքացիների անվտանգությունն է, եւ ցանկացած որոշում ընդունելուց մեր առաջնահերթությունը լինելու է հենց դա՝ ապահովել քաղաքացիների անվտանգությունն ու առողջությունը: Ելնելով  այդ տրամաբանությունից՝ մենք ապագայում մեր որոշումը կկայացնենք:

 

 

 

 

ԿԱ՛Մ ՆԱԽԱՐԱՐԸ, ԿԱ՛Մ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ օր օրի ավելի են խորանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի փոխհարաբերությունները: Ըստ մեր տեղեկությունների՝ անգամ ապրիլի 21-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ պետք է որոշում կայացվի` կա՛մ ինքն է մնում իր պաշտոնին, կա՛մ նախարարը, քանի որ իրենք համատեղ նույն ոլորտում չեն կարող աշխատել:

 

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչության նիստի ժամանակ տեսնելով, որ իսկապես իրավիճակը թեժ է, Մխիթար Հայրապետյանին հորդորել է սպասել: Տեղեկություններ կան, որ հնարավոր է՝ առաջիկայում վարչապետը կառավարությունում Հայրապետյանին ինչ-որ մի պաշտոնի նշանակի՝ այդկերպ լուծելով առկա լարվածությունը: Նշենք, որ նախարար Արայիկ Հարությունյանը, կարելի է ասել, փակել է բոլոր ինֆորմացիաները օրենսդիրի համար, ու կրթական բարեփոխումների, առկա փոփոխությունների վերաբերյալ ո՛չ Հարությունյանն է քայլեր ձեռնարկում եւ ո՛չ էլ թույլ է տալիս, որ այդ բարեփոխումներն իրականացվեն օրենսդիր մարմնի համապատասխան հանձնաժողովի կողմից, ինչի համար էլ նման լարվածություն է առաջացել Հայրապետյանի եւ Հարությունյանի միջեւ:

Armlur.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Մխիթար Հայրապետյանից, որը հայտարարեց, թե չի ցանկանում որեւէ բան մեկնաբանել, իսկ եթե կա տարաձայնություն, ապա դա կապված է իրենց ոլորտում առկա քննարկումների հետ: Իսկ ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ լուռ լսեց մեր հարցը, այն տեղեկությունները, ըստ որի՝ իր եւ Հայրապետյանի միջեւ առկա է լարվածություն, սակայն որեւէ պաշտոնական մեկնաբանություն չցանկացավ ներկայացնել՝ հայտարարելով, թե ոլորտի հետ կապված քննարկումները բաց են, կարող ենք հետեւել դրան:

Այսպիսով, մնում է սպասել՝ հասկանալու համար, թե Փաշինյանը ինչ հագուցալուծում կտա այս հարցին:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

ՍՏԻՊՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցներին վերադասը ստիպում է ՀՀ կառավարության կողմից տրամադրված հակաճգնաժամային օգնություն 26.500 դրամ գումարը հետ վերադարձնել: Այս ահազանգով ArmLur.am-ի խմբագրություն են դիմել ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցներ:

80-90 հազար դրամ ստացող ոստիկանները, ովքեր օգտվել են կառավարության հակաճգնաժամային 9-րդ միջոցառումից (անչափահաս երեխային տրվող 26.500 դրամ աջակցությունից), պատմեցին. «Կառավարության աջակցության 9-րդ ծրագրից ստացել ենք ընդամենը 26.500 դրամ աջակցություն, որը հիմա պահանջում են հետ վերադարձնել: Այս դժվարին օրերին, երբ ես այդ գումարով կատարել եմ իմ գազի, լույսի վճարումները, ինչպե՞ս հետ վերադարձնեմ»:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այն ոստիկանները, որոնք դիմել են գումար ստանալու համար, սակայն դեռ չեն ստացել, նրանց հորդորել են չստանալ գումարը:

ArmLur.am-ն ահազանգի հետքերով պարզաբանումներ խնդրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից:

«Խոսքը կոնկրետ 9-րդ ծրագրի մասին է: Այնտեղ հստակ նշված է, որ ծրագրի շահառու են համարվում 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք: ՀՀ ոստիկանության աշխատակիցները ո՞նց կարող են համարվել չաշխատող: Ծրագիրը ոստիկանությունը չի իրականացնում, գուցե ինչ-որ մեկը այդ ծրագրից օգտվել է, եւ նրան նման հորդոր է արվել, գուցե նրանց զգուշացվել է, որ կան ծրագրեր, որոնցից կարող են օգտվել պատշաճ կարգով: Եվ ահազանգող ոստիկանները պետք է իմանան, որ կոպիտ խախտում է արվել, քանի որ շահառու հանդիսանում են այն ընտանիքները, որտեղ անչափահասի երկու ծնողները ոչ մի տեղ չեն աշխատում»,-նշեց նա:

Այսքանից հետո տարակուսելի է մնում, թե ծրագիրն ինչպես է հաստատել եւ գումարներ հատկացրել ոստիկանությանաշխատակիցներին, որոնք, ըստ էության, այդ ծրագրի շահառուներ չեն:

 

 

 

 

ՔԱՂԱՔԸ ՇՆՉՈՒՄ Է

Հայաստանի տուրիստական քաղաք համարվող Ծաղկաձորը արդեն փորձում է շնչել: Ծաղկաձորի քաղաքապետԱրթուրՀարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ հյուրանոցները փորձում են կամաց-կամաց բացվել: Բացօթյա ռեստորանները եւս մտադիր են առեւտուր իրականացնել: Ծաղկաձորի հյուրանոցները սահմանները փակ լինելու պատճառով դրսից ամրագրումներ չունեն: Այս տարվա մայիսին Ծաղկաձորում պետք է տեղի ունենար կոնյակի փառատոն, սակայն այն հետաձգվել է:

Քաղաքապետը մեզ հետ զրույցում նշեց նաեւ, որ Ծաղկաձորում գործող հյուրանոցային տնտեսությունները դեռ չեն հաշվարկել իրենց կրած վնասները:

 

 

 

 

 




Լրահոս