Ազգային ժողովում երեկ քննարկվել է «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը կամ այլ կերպ ասած Լանզարոտի կոնվենցիան։ Այս կոնվենցիայի վավերացումից, ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը, կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն, ուղղակի պարտավորված է լինելու ձեռնարկել ու ձեռնարկելու է «օրենսդրական և այլ միջոցառումներ` ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի մասին, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների»:
Երկուշաբթի օրը կայանալու է այս նախագծի քվեարկությունը և պարզ կդառնա՝ կոնվենցիան կվավերացվի՞, թե ոչ։ Երեկ քննարկումներից պարզ դարձավ, որ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին․ դրական եզրակացությունը ներկայացրել էր մարդու իրավունքների եւ հանրային հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը։ Իսկ նույն հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, թե իրենք դեռ չեն որոշել՝ ինչպես կքվեարկեն, երկուշաբթի առավոտյան նիստ կանեն և կորոշեն։
Նշենք, որ երեկ քննարկման ժամանակ այս խմբակցության պատգամավորները մի քանի մտահոգություններ հայտնեցին։ Իսկ ահա Լուսավոր Հայաստան խմբակցությունն էլ երեկ հեռացել էր նիստերի դահլիճից՝ ասելով, թե չի մասնակցելու նիստերի աշխատանքներին։
Նշենք,որ ՀՀ Կառավարությունը 2019 թվականի նոյեմբերի 7-ին է հավանություն տվել Լանզարոտում ստորագրված ««Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ապա Սահմանադրական դատարանի՝ մարտին հրապարակված եզրակացությունից հետո, այն ներկայացվել է խորհրդարանին։ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին, իսկ ուժի մեջ է մտել 2010 թվականի հուլիսի 1-ից։ Կոնվենցիան ստորագրվել է 47 պետության, ուժի մեջ է մտել 44 պետության համար։ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Կոնվենցիան 2010 թվականի սեպտեմբերի 29-ին։
Սոնա Գրիգորյան