Արցախի նոր իշխանությունները պատրաստվում են մայիսի 21-ին Շուշիում կայանալիք Արցախի նոր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը, որը կանցկացվի Շուշիի մշակույթի պալատում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից հետո Արցախի նախագահը հանդիպումների երկրորդ փուլ կսկսի այն քաղաքական ուժերի հետ, որոնք ընտրություններում հաղթել են: Ու արդեն այդ ժամանակ կստակեցվի, թե պաշտոններն ինչպես «կբաշխվեն»: Ըստ մեր տեղեկությունների, Ա. Հարությունյանը դեռեւս որեւէ քաղաքական ուժի հետ հստակ պայմանավորվածություն չունի, ինչպես բաշխել պաշտոնները:
ArmLur.am-ի հետ զրույցում «Միասնական հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Անուշ Դոլուխանյանը ևս նշեց, որ առաջիկայում քննարկումների երկրորդ փուլ կլինի, որից հետո էլ պարզ կդառնան հետագա անելիքները: «Բանակցություններ են ընթանում այս պահին: Պաշտոնապես լուսաբանվել է հանդիպումը, դրանից հետո հանդիպում չի եղել Արայիկ Հարությունյանի հետ: Բնականաբար բանակցությունների երկրորդ փուլ կլինի, և այդ ժամանակ ամեն ինչ հստակ կլինի», -նշեց նա:
Դոլուխանյանը նաև նշեց, թե Արցախի համամասնական ընտրություններից հետո Սամվել Բաբայանը չի հանդիպել «Նոր Արցախ» դաշինքի առաջնորդ Մասիս Մայիլյանի հետ, ում որպես նախագահի թեկնածու նա սատարում էր:
Ըստ էության, այս ուժերն այլևս չեն համագործակցի, իսկ թե ինչպես կընթանան իրադարձություններն Արցախում, ցույց կտա ժամանակը: