Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների նշանակման շուրջ մտահոգություններ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում մայիսի 12-ին հրապարակվել է տեսչական մարմնի մայիսի 5-ի կառավարման խորհրդի նիստերի թիվ 2 արձանագրությունն ու մայիսի 6-ի 3 որոշումներ։ Սակայն ArmLur.am-ի հետ զրույցում տեսչական մարմնի աշխատողները հայտարարեցին, որ այդ արձանագրության եւ որոշումների օրինականության վերաբերյալ ունեն բազմաթիվ մտահոգություններ եւ կասկածներ:

Այսպես, ըստ «Տեսչական մարմինների մասին»ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի՝ խորհրդի նիստերի արձանագրություններն ու խորհրդի ընդունած որոշումները եռօրյա ժամկետում հրապարակվում են տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում: Սակայն աշխատողների ներկայացմամբ, այս դեպքում օրենքի վերոնշյալ պահանջը ոչ միայն չի կատարվել, այլեւ խաթարվել է կառավարման խորհրդի գործունեության թափանցիկությունը։ Բացի այս, մեզ հետ զրույցում աշխատողները նշեցին, որ խնդրահարույց է եղել նաեւ բուն էլեկտրոնային քվեարկության գործընթացը:

«Տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատակարգը սահմանող ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1000-Ն որոշման թիվ 2-րդ հավելվածի 19-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն՝ եթե էլեկտրոնային կարգով քվեարկել է խորհրդի անդամների 2/3-ից ավելին, ապա քվեարկությունը կհամարվի կայացած։ Խորհուրդը կազմված է 10 անդամից: 10 անդամի 2/3-ը ստացվում է 7 (6,7) անդամ, այսինքն՝ ստացվում է, որ էլեկտրոնային կարգով պետք է քվեարկեր առնվազն 7-ից ավելի անդամ, որպեսզի էլեկտրոնային կարգով անցկացվող քվեարկությունը համարվեր կայացած։ Համաձայն խորհրդի նիստի թիվ 2 արձանագրության՝ էլեկտրոնային քվեարկությանը մասնակցել է ընդամենը 7 անդամ, սակայն քվեարկությունը համարվել է կայացած։

Հատկանշական է նաև, որ 2020 թվականի մայիսի 04-ին սկսված եւ 2020 թվականի մայիսի 5-ին ավարտված էլեկտրոնային քվեարկությանը մասնակցել եւ կողմ է քվեարկել ՀՀ Վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի թիվ 613 որոշման հիման վրա կառավարման խորհրդը նախագահող Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, ով սակայն քվեարկության պահին ազատված է եղել նախարարի պաշտոնից ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2020 թվականի մայիսի 5-ի ՆՀ-86-Ա հրամանագրով՚,- ArmLur.am-ին փոխանցեցին տեսչական մարմնի աշխատողները:

Ի դեպ, տեղեկացնենք, որ խորհրդի նախագահը պետք է ստորագրի խորհրդի նախագահը ստորագրում է խորհրդի արձանագրությունները և որոշումները։ Սակայն այս դեպքում հրապարակված արձանագրությունը ստորագրված չէ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահի կողմից, իսկ մայիսի 6-ին տեսչական մարմնի կառավարման խորհրդի 3 որոշումները ստորագրված են Շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ Վահե Ջիլավյանի կողմից, ով համաձայն խորհրդի նիստի թիվ 2 արձանագրության՝ չի մասնակցել խորհդի նիստին։ Ավելին, համաձայն «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի՝ խորհրդի կազմը հաստատում է ՀՀ վարչապետը։

Բայց տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին ՀՀ Վարչապետի թիվ 613 որոշմամբ Վ. Ջիլավյանը ներառված չէ խորհրդի կազմում, ուստի առավել եւս հասկանալի չէ՝ ինչ իրավական հիմքով է նա իրականացրել խորհրդի նախագահի լիազորությունները եւ ստորագրել վերջինիս փոխարեն։ Եւ հաշվի առնելով սա, ArmLur.am-ին դիմած աշխատողները կասկածի տակ են դնում ՀՀ վարչապետի կողմից նշանակված տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների նշանակման գործընթացի օրինականությունը:

Քանի որ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2.1-րդ մասի համաձայն՝ տեսչական մարմնի ղեկավարը ՀՀ վարչապետի նշանակմանն է ներկայացնում խորհրդի հավանությանն արժանացած տեղակալի թեկնածությունը: Բայց այս դեպքում ստացվում է, որ տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը վարչապետին է ներկայացրել տեղակալների թեկնածուներ, որոնք փաստացի չկայացած համարվող քվեարկության արդյունքում ոչ պատշաճ անձի կողմից հաստատված որոշումների հիման վրա են խորհրդի կողմից հավանության արժանացել»,- նկատեցին տեսչական մարմնի աշխատողները:

Ս.Հ.




Լրահոս