ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի տարածման ահագնացող տեմպի եւ ցավալիորեն ամենօր գրանցվող մեր հայրենակիցների բազմաթիվ մահերի համատեքստում մեր հատկապես իրավապահ համակարգի «խիստ պրոֆեսիոնալ եւ նվիրյալ» պատասխանատուներին կցանականայի մի քանի կարեւոր բաներ պարզաբանել: Սա հիմա պարզաբանում եմ, որ մոտ ապագայում նրանցից որեւէ մեկը չփորձի արդարանալ, թե չի իմացել կամ իրեն չեն զեկուցել: Նիկոլ Փաշինյանը փաստորեն ընդունեց, որ իշխանություններն արդեն ի վիճակի չեն ապահովել ՀՀ Սահմանադրությամբ, կոնվենցիաներով երաշխավորված մարդու կյանքի իրավունքը երաշխավորելու պետության միջազգային պարտավորությունները՝ հայտարարելով, որ կան դեպքեր, երբ անձը մահացել է, քանի որ նա չի տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք, չնայած այդ միջոցով հնարավոր էր փրկել նրա կյանքը: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` ՄԻԵԿ) հոդված 2-ը պաշտպանում է կյանքի իրավունքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` ՄԻԵԴ) իր բազմաթիվ վճիռներում սահմանել է, որ հոդված 2-ը իր մեջ ներառում է նաեւ ընթացակարգային պարտավորություն «իրականացնել արդյունավետ քննություն» հոդված 2-ի ենթադրյալ խախտման ցանկացած դեպքում(Armani Da Silva v. the United Kingdom [GC]), այսինքն՝ հարուցել քրեական վարույթ ցանկացած մահվան փաստի կապակցությամբ: Տեղադրում եմ նաեւ հղումները ՄԻԵԴ նախադեպերին, որպեսզի օգնեմ ոլորտների պատասխանատուներին կարդալ եւ հասկանալ իրենց պարտավորությունները: Ինչո՞ւ է սա կարեւոր. որովհետեւ նրանք ի պաշտոնե պարտավոր են առաջնորդվել ՄԻԵԴ նախադեպերով եւ դրանց հիման վրա տնօրինել մարդկանց ճակատագրեր: ՄԻԵԴ-ը սահմանել է, որ ՄԻԵԿ հոդված 2-ը տարածվում է նաեւ բոլոր այն դեպքերի վրա, երբ անձն ունի ծանր հիվանդություն, եւ նրա կյանքին վտանգ է սպառնում (G.N. and Others v. Italy):

 

Այս համատեքստում հարկ է նկատի ունենալ, որ հոդված 2-ը ոչ միայն պետությանը պարտավորեցնում է չխախտել մարդկանց կյանքի իրավունքը, այլ նաեւ պահանջում է ադեկվատ միջոցներ ձեռնարկել պաշտպանելու մարդկանց կյանքի իրավունքը (Centre for Legal Resources on behalf of ValentinCampeanu v. Romania [GC]): ՄԻԵԴ-ը հստակ սահմանել է, որ հոդված 2-ի ներքո նշված պոզիտիվ պարտավորությունները առաջանում են նաեւ առողջապահական ոլորտում (Calvelli and Ciglio v. Italy [GC]): Ուզում եմ պատասխանատուների ուշադրությունը հրավիրել երկու շատ կարեւոր նախադեպերի վրա`

  1. ՄԻԵԴ-ը Թուրքիայի դեմ գործով արձանագրել է, որ առողջապահական համակարգի աղաղակող սխալ աշխատանքի պատճառով անձը չի օգտվել նրա կյանքը փրկելու հնարավորություն ստեղծող անհետաձգելի բժշկական միջամտությունից, ինչը ՄԻԵԴ-ը միաձայն համարել է հոդված 2-ի խախտում (Mehmet ŠentՖrk and BekirŠentՖrk v. Turkey):
  2. Թուրքիային վերաբերող մեկ այլ գործով էլ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ այն դեպքում, երբ իշխանությունները գիտեին կամ պարտավոր էին իմանալ անձանց կյանքին սպառնացող ռիսկերի մասին, սակայն ոչինչ չեն արել այդ ռիսկերը չեզոքացնելու համար եւ դրանով իսկ անձանց կյանքը դրել են վտանգի տակ, ապա առկա է ՄԻԵԴ 2-րդ հոդվածի խախտում (Aydogdu v. Turkey): Արդյունավետ քննություն իրականացնելու ՄԻԵԿ պահանջի հիմնական նպատակը կայանում է նրանում, որպեսզի իշխանությունները ցանկացած մահվան դեպքով, առանց սպասելու որեւէ բողոքի կամ պահանջի, իրենց նախաձեռնությամբ պարտավոր են իրականացնել քրեական վարույթ՝ պարզելու մահվան հանգամանքները: Անգամ առողջապահական ոլորտի հետ կապված՝ ՄԻԵԴ-ը սահմանել է, որ հոդված 2-ը պետության համար առաջացնում է պարտավորություն ապահովելու, որպեսզի առողջապահական համակարգի հոգածության տակ գտնվող անձանց մահվան ցանկացած դեպքում քննվեն դրապատճառները եւ պատժվեն մեղավորները՝ անկախ նրանից, թե մահվան դեպքը գրանցվել է պետական, թե մասնավոր հիվանդանոցում (Šilih v. Slovenia [GC]; Lopes de Sousa Fernandes v. Portugal [GC]): Ընդ որում, արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորությունը նաեւ կարեւոր է առողջապահական համակարգի սխալները վեր հանելու, դրանք ուղղելու եւ դրանց կրկնությունը ապագայում բացառելու համատեքստում (Oyal v. Turkey): Այսպիսով, հստակ արձանագրում ենք, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են կորոնավիրուսի հետեւանքով արձանագրված բոլոր մահերի վերաբերյալ հարուցել առանձին քրեական գործ, իրականացնել արդյունավետ քննություն, բացահայտել եւ պատժել բոլոր մեղավորներին: Սակայն Հայաստանի իշխանությունները ոչ միայն արդեն իսկ չեն կարողանում երաշխավորել ՀՀ քաղաքացիների կյանքի իրավունքը (առողջապահական համակարգ), այլեւ կորոնավիրուսի հետեւանքով մահացած ավելի քան 270 անձանց մահվան հանգամանքների պարզման ուղղությամբ չեն հարուցել որեւէ քրեական գործ, ինչը պետության ուղղակի պարտավորությունն է (իրավապահ համակարգ): Ընդ որում, քրեական գործ չեն հարուցել, կարծում եմ, այն պատճառով, որ մահացածների հարազատներին զրկեն փոխհատուցում ստանալու իրավունքից, քանի որ, ըստ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի, մահացածների հարազատները ունեն իրավունք պահանջելու եւ ստանալու նյութական եւ ոչ-նյութական վնասի փոխհատուցում բոլոր այն դեպքերում, երբ կարձանագրվի, որ իրենց հարազատի մահը գրանցվել է բժշկական ոչ պատշաճ օգնություն տրամադրելու հետեւանքով: Վստահեցնում եմ, որ անկախ նրանից՝ որքան ժամանակ կանցնի, կորոնավիրուսի հետեւանքով մահացած ցանկացած անձի մահվան փաստով հարուցվելու են քրեական գործեր, եւ մեղավոր անձինք, անկախ պաշտոնից, միանշանակ ենթարկվելու են քրեական պատասխանատվության յուրաքանչյուր մահվան համար:

Հ.Գ. Փաստորեն, ինչպես «Մարտի 1»-ի գործով 10 զոհերի դեպքում, այնպես էլ կորոնավիրուսի հետեւանքով արդեն 270-ից ավելի զոհերի դեպքում ՀՀ իշխանությունները առաջնորդվում են մահվան հանգամանքները թաքցնելու սկզբունքով, քանի որ, հիշեցնեմ, «Մարտի 1»-ի գործով 10 զոհերի մահվան հանգամանքները եւս չեն ցանկանում բացահայտել:

Գեւորգ Կոստանյան Իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական

 

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳ

Հունիսի 10-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է պատգամավորներ Վահագն Թեւոոսյանի, Մխիթար Հայրապետյանի, Արման Բաբաջանյանի օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում փոփոխություններ կատարելուն։

 

Նախ օրենքի անվանումն է ամբողջությամբ փոխվել  եւ այն ստացել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք անվանումը եւ ներկայացվել փաթեթի տեսքով՝ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի հետ մեկտեղ։ Օրենքի նախագիծը, ինչպես պնդում են նախագծի հեղինակները, միտված է եթերը մաքրելուն ու վարակազերծելուն՝ խաղի նոր կանոններ սահմանելով հեռարձակողների համար։ Այն շրջանառության մեջ էր դրվել դեռ ապրիլին, սակայն հանձնաժողովում կքննարկվի միայն վաղը։ Ըստ օրենսդրական նախաձեռնության՝ հեռարձակող լրատվամիջոցները պետք է ապահովեն հստակ տարբերություն փաստերի եւ կարծիքների միջեւ, հրապարակեն հավաստի, ստուգված ու բազմակողմանի կարծիքներ։ Ազգային, սեռական կամ կրոնական փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ հաղորդումների ժամանակ փոքրամասնությունների ներկայացուցիչները տեսակետ հայտնելու հնարավորություն պետք է ունենան։ Էրոտիկ, սարսափ ու բռնություն պարունակող ֆիլմեր, անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն թողնող հաղորդումները հնարավոր կլինի հեռարձակել կեսգիշերից մինչեւ առավոտյան 6-ը, հակառակ դեպքում պատասխանատվություն է նախատեսված։ Արգելվում է ազգային, ռասայական եւ կրոնական թշնամանք սերմանելու նպատակով օգտագործելը, պատերազմի քարոզը, իշխանությունը յուրացնելու, Հայաստանի սահմանադրական կարգը բռնությամբ կամ օրենքներով չնախատեսված այլ եղանակով փոխելու եւ տապալելու քարոզչությունը։ Լիցենզիա ունեցող հեռուստաընկերությունների ու ռադիոընկերությունների շաբաթական եթերի 20 տոկոսը մանկական, կրթական եւ մշակութային թեմատիկ ուղղվածության հաղորդումներ պետք է լինեն։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ԴԻ՝ ԽԱՆՈՒԹԻ ԴԻՄԱՑ

2020թ. հունիսի 7-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ս.Տարոնցի փողոցում գտնվող «Մաքս» խանութի դիմաց երիտասարդ է ընկած, կրակոցների ձայն է լսվել: Հայտնաբերվել է 1982թ. ծնված Երեւանի բնակչի դին՝ հրազենային վնասվածքներով: Վերջինիս ձախ ոտքի գուլպայից հայտնաբերվել է ներարկիչ՝ լցված կարմրադարչնագույն հեղուկով: Դեպքի վայրից հայտնաբերվել է նաեւ 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 8 պարկուճ եւ 2 գնդակ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով եւ104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Նույն օրը Երեւանի 32-ամյա բնակիչն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, եւ վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակ: Վերջինս ձերբակալվել է՝ 38-ամյա տղամարդու սպանության կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է

Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ըստ տեղեկությունների, դադարեցվել է։ Նշենք, որ նրա լիազորություններն այժմ դադարեցված է: Այս մասին հայտնում են դատավորի աշխատակազմից: Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշում կայացրած դատավորն է։ Նշենք, որ դատավորը կարգավիճակ ունի պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։ Նրա դեմ հաղորդում տված անձը Սերգո Փանոսյանն է, որը հաղորդում էր ներկայացրել դեռ 2019թ. փետրվարի 18-ին, սակայն նախաքննական մարմինը քրեական գործի հարուցումը մերժել էր։ Իսկ 2019 թի մայիսի 22-ին գործը վերանայվել էր` ի հայտ եկած փաստացի նոր հանգամանքների հիմնավորմամբ։

 

 

ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները հունիսի 4-ին հայտնաբերել են, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ Թեւան Թադեւոսյանը զբաղվում է ձկնաբուծությամբ՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։ Թադեւոսյանը ջրառն իրականացրել է նույն մարզի Հովտաշատ համայնքի վարչական տարածքում գտնվող ցամաքուրդից՝ խախտելով ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները: Հարուցվել է վարչական վարույթ:

 

 




Լրահոս