ՖՈՏՈ․Միայն ցավում եմ, որ ոչ բոլոր ընկերներս էին կողքիս. Անի Լուպեն 36-ամյակի եւ սիրելի ոճի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Անի Լուպեն այս տարի հունիսի 15-ին նշել է ծննդյան 36-ամյակը: Դերասանուհին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է տարեդարձի հյուրերին, անակնկալներին, եւ ոչ միայն:

-Անի՛, ինչպե՞ս եւ ո՞ւմ հետ նշեցիր տարեդարձդ:

-Տարեդարձս այս տարի անցկացրել ենք մեր բակում. մենք շատ գեղեցիկ մեծ բակ ունենք, նշել ենք ընկերներիս հետ միասին: Երեւի մի քսան տարի տանը ծնունդ չէի նշել, չնայած, որ շատ հաճելի էր, այնպես չէր, որ ստիպված էի, բայցեւ ուրիշ տարբերակ էլ չկար: Վատն այն իմաստով էր, որ մի քանի հոգի էինք, շատ ընկերների չկարողացա հրավիրել, քանի որ ես պահպանում եմ անվտանգության բոլոր կանոնները, ոչ թե նրա համար միայն, որ այդպես է պահանջում օրենքը, այլ պարզապես ես շատ լուրջ եմ վերաբերվում այս ամենին: Միայն ցավում եմ, որ ոչ բոլոր ընկերներս էին իմ կողքին:

-Ի՞նչ անակնկալներ էին սպասում Ձեզ, առհասարակ սիրո՞ւմ եք անակնկալներ:

-Տարբեր հետաքրքիր անակնկալներ, նվերներ, ծաղիկներ եմ ստացել: Ես առհասարակ սիրում եմ անակնկալներ եւ սիրում եմ, որ նախապես չեմ իմանում, թե ինձ ինչ են նվիրելու: Յուրաքանչյուր նվեր ինձ համար պետքական է, եւ այն դառնում է իմը,  ես անակնկալներից ուրախանում եմ եւ ինձ համար հաճելի է այդ պահը:

-Այսպիսի մի տեսակետ կա, որ կինը հատկապես իմաստություն է ձեռք բերում 35 տարեկանից հետ: Դուք ի՞նչ կարծիքի եք:

-Կարծում եմ կինն իմաստությունը ձեռք է բերում տարիների ընթացքում, բայց ոչ հենց 35-ից հետո: Ես անկեղծ ասած նման բաների չեմ հավատում, քանի որ կանայք կան, որ այդպես էլ չեն իմաստանում: Իմ կյանքում ոչինչ չի փոխվել, համենայնդես միայն խնջույք եղավ փոքրիկ եւ անցավ:

-Սովորաբար տարեդարձին մարդիկ ավելի թախծոտ, ինքնամփոփ են դառնում…

-Ես երբեք չեմ ցանկանում միայնակ մնալ, անկախ տարեդարձից: Ես իմ տարեդարձը շատ եմ սիրում եւ անհամբերությամբ սպասում եմ, թե երբ է գալու այդ օրը: Ես այդ տեսակին չեմ պատկանում, վա~յ մի տարով էլ մեծացա: Այդ օրն ինձ համար եւս մեկ անգամ առիթ է ուրախանալու համար, ընդհանրապես ես շատ եմ սիրում տոներ, դա էլ մի տոն է, որտեղ դու ես գլխավորը, էլի կրկնվեմ, որ շատ եմ ափսոսում, որ չկարողացա բոլոր ընկերներիս, կոլոգաներիս հետ միասին նշել, նրանք էլ ինձ հետ միասին կիսեին իմ ուրախությունը: Հուսանք, որ մյուս տարի ամեն ինչ լավ կլինի, եւ բոլորի հետ միասին կանցկացնենք տարեդարձս:

-Անի՛, քանի որ արդեն ամառային վառ գույները ներխուժել են մեր կյանք: Ի՞նչ ոճ եք նախընտրում կրել ամռանը:

-Ես միշտ նախընտրել եմ հագուստի մեջ հարմարավետությունը: Ավելի շատ նախընտրում եմ հանգիստ սպորտային հագուստներ, ջինսեր:

-Իսկ աքսեսուրաների մասին ինչ կասեք, սիրո՞ւմ եք կրել:

-Աքսեսուրաներ շատ չեմ սիրում կրել, բայց շատ սիրում եմ ժամացույցներ: Չեմ սիրում  վրաս ավելորդ ծանրություն կրել: Առաջ կարողանում էի կրել, հիմա չեմ կարողանում: Ավելի նախընտրում եմ նուրբ, փոքր աքսեսուարներ: Իսկ երեկոյան հագուստների հետ ,բնականաբար, կրում եմ, իսկ առօրյայում՝ ոչ:

-Անի՛, կցանկանայի անդրադառնալ նաեւ Ձեր ստեղծագործական կյանքին, գիտեմ, որ հիմա պասիվ շրջան է, այնուամենայնիվ, պլաններ կա՞ն: Ինչո՞վ եք զբաղվում այս ժամանակահատվածում:

-Այս ժամանակահատվածում ոչ մի ստեղծագործական աշխատանք չեմ ծավալում, քանի որ համաճարակի պատճառով ամեն բան ստոպ է եղել: Պլաններ կային, բայց կրկին հետաձգվեցին, քանի որ ամեն օր նոր բան է փոխվում: Այսպես համբերատար սպասում եմ տեսնեմ, թե ինչ կլինի: Հիմա դադար է ինձ մոտ: Այս համաճարակային ամիսների ընթացքում ոչնչով չեմ զբաղվում, սկզբնական շրջանում բավականին ծանր էր, հետո լավ է, որ եղանակները բացվեցին: Տանից հաճախ դուրս չեմ գալիս, միայն շատ անհրաժեշտության դեպքում: Լինում են երկու-երեք հոգով, որ քաղաքից դուրս ենք գալիս: Տարբեր ֆիլմեր եմ նայում, գրքեր եմ ընթերցում, բայց ոչ հաճախ, հատկապես սիրում եմ դրամաներ: Կարդում եմ ըստ տրամադրության, հատուկ գրականություն չկա: Նույնը կարող եմ ասել նաեւ ֆիլմերի մասին, կոնկրետ ժանր չկա, որ շատ եմ նախընտրում, նայում եմ կրկին ըստ տրամադրության, սիրում եմ կորեական դրամաները, շատ թեթեւ են նայվում, շատ ռոմանտիկ են:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս