Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ , որ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի պաշտպանները դատավոր Արտուշ Գաբրիելյանի մասով բացահայտումներ են արել եւ դատավորին ինքնաբացարկ հայտնել: Ըստ դատական օրենսգրքի, եթե դատավորը գնում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու ապա նա միջանկյալ այլ նիստեր և կամ հանդիպումներ չպետք է ունենա, մինչդեռ Աբրահամ Մանուկյանի փաստաբանական խումբը բացահայտել է, որ Արտուշ Գաբրիելյանը Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցը կալանավորման հարցով գտնվելով խորհրդակցական սենյակում միջանկյալ նիստեր է արել եւ հանդիպումներ ունեցել: Եվ ահա այս ամենի արդյունքում էլ Աբրահամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը մեզ հայտնեց, որ ինքնաբացարկ են հայտնել եւ ահա այն ընդունվել է :
Նշենք, որ այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործով խափանման միջոցի կալանավորում ընտրելու կամ մերժելու մասով պետք է կայացներ որոշում , սակայն ժամը պաշտպանների այս բացահայտումից հետո կալանավորման որոշման հարցը հետաձգվել է: Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը ներկայացնելիս գլխավոր դատախազը հիշատակել էր նաեւ Աբրահամ Մանուկյանի անունը.
«Հայտնաբերված փաստաթղթերի կապակցությամբ «Երեւանշին» ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն եւ առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9000 ձայն Գեղարքունիքի մարզում։ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին եւ Աբրահամ Մանուկյանին։ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինանսական հարցերով զբաղվել են վերջիններս։ Պայմանավորվածությունից հետո նրանցից որպես կանխավճար ստորագրությամբ ստացել է 10 հազար դրամ թղթադրամներից բաղկացած գումար, որի չափը չի հիշում։ Դրանից հետո հաճախակի հաշվետվություններ է ներկայացրել եւ տեղեկացրել ձայների պայմանավորված քանակի մասին, որի համաձայն՝ ստացել է 10 հազար դրամանվանապես արժեքով թղթադրամներ։ Ընտրությունների ավարտից հետո ստացված գումարների եւ բերված ձայների ամփոփումն արել է Մանուկյանի եւ Առուստամյանի հետ։ Վերնջիններից կանխիկ ստացել է մոտավորապես 90 միլիոն դրամ։ Այդ ամենի վերաբերյալ կազմվել են փաստաթղթեր, որոնց իր մոտ առկա օրինակները հայտնաբերվել են ընկերության գրասենյակում կատարված խուզարկությամբ»,- նշել էր Արթուր Դավթյանը։
Այսպիսով , Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար:
Քնար Մանուկյան