Նախօրերին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունենալու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Սակայն մեր տեղեկություններով, այսօր հանդիպումը չի կայանալու, քանի որ Հարությունյանը խմբակցության ղեկավարության տեղեկացրել է, թե զբաղված է, չի կարող ներկայանալ՝ խմբակցություն կգա երկուշաբթի օրը՝ օգոստոսի 10-ին:
Հիշեցնենք, որ մենք գրել էինք, թե խմբակցությունում բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնք պատգամավորները պետք է այդ օրն ուղղեն նախարարին եւ լսեն նրա պատասխանները: Մենք տեղեկացանք, որ այդքան կուտակված հարցերի պատճառը վերջերս այս ոլորտում կատարվող փոփոխություններն են, որոնք անգամ հանգեցրել էին ուսանողների կողմից բողոքի ակցիայի, ինչպես նաեւ տարբեր քննադատությունների՝ արդեն կրթական նոր չափորոշիչների մասով:
Եվ այս ամիսներին կուտակված բողոքներից առաջացած հարցերն էլ պատգամավորները պատրաստվում են ուղղել նախարարին: Նկատենք, որ վերջերս խորհրդարանում կրկին քննարկում էր անցկացվել. ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովը քննարկում էր անցկացրել ոլորտի խնդիրների վերաբերյալ, սակայն նախարարը չէր ներկայացել, որն էլ առաջացրել էր պատգամավորների դժգոհությունը: Եվ հենց դա է պատճառը, որ այս անգամ խմբակցությունը որոշել է ի վերջո «բերման ենթարկել» Արայիկ Հարությունյանին եւ դռնփակ նիստում ուղղել բոլոր հարցերը»:
Ս.Գ.