Բեյրութում ձերբակալվել են նավահանգստի վարչակազմի 16 պաշտոնյաներ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Հետաքննության շրջանակում մինչ այժմ 16 մարդ է ձերբակալվել»,- հաղորդել է ռազմական դատարանի ներկայացուցիչ Ֆադի Աքիքին:
Նա հավելել է, որ ավարտին է մոտենում քննության նախնական փուլը, որի ընթացքում 18 անձ է հարցաքննվել:
Օգոստոսի 4-ին Բեյրութ քաղաքի նավահանգստում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի խոսքով, պայթյունի պատճառ է դարձել 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորումը:
Մոտակայքի, ինչպես նաև պայթյունի վայրից մի քանի կիլոմետր շառավղով գտնվող շենքերի ապակիները կոտրվել են, շինությունների մի մասը քանդվել է:
Պայթյունի զոհ է դարձել ավելի քան 130 մարդ, վիրավորվել է քաղաքի ավելի քան 4 հազար բնակիչ: