Ադրբեջանի Գերանբոյի շրջանում սեպտեմբերի 2-ի գիշերը զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհը։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Գերանբոյի շրջանի Նիզամի գյուղի մերձակայքում գտնվող պահեստում տեղի ունեցած պայթյունի մասին համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի արտակարգ իրավիճակների, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները։
Հաղորդագրության համաձայն՝ դեպքից անմիջապես հետո համապատասխան ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ, իսկ իրավիճակը վերցվել է վերահսկողության տակ։ Անվտանգության նկատառումներով դեպքի վայրի հարակից տարածքից քաղաքացիները տարհանվել են։
Ադրբեջանի իշխանությունների փոխանցմամբ՝ պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Անի Վարդանյան




























