«Իմ քայլը» խմբակցությունն այսօր «բերման կենթարկի» նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, այսօր ժամը 16.00-ին ի վերջո տեղի կունենա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Բանն այն է, որ իշխող խմբակցության անդամներն ամեն գնով ցանկանում են նախարարի հետ հանդիպում-քննարկում կազմակերպել, սակայն Հարությունյանը հայտարում է, թե զբաղված է ու չի կարող ներկայանալ հանդիպման:

Սակայն, ի վերջո խմբակցության ղեկավարությանը հաջողվել է այսօր նրան «բերման ենթարկել» եթե իհարկե որեւէ արտառոց բաներ տեղի չունենան ու նախարարը կրկին չհրաժարվի ներկայանալ հարազատ թիմի հետ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ մենք գրել էինք, թե խմբակցությունում բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնք պատգամավորները պետք է այդ օրն ուղղեն նախարարին եւ լսեն նրա պատասխանները: Մենք տեղեկացանք, որ այդքան կուտակված հարցերի պատճառը վերջերս այս ոլորտում կատարվող փոփոխություններն են, որոնք անգամ հանգեցրել էին ուսանողների կողմից բողոքի ակցիայի, ինչպես նաեւ տարբեր քննադատությունների՝ արդեն կրթական նոր չափորոշիչների մասով:

Եվ այս ամիսներին կուտակված բողոքներից առաջացած հարցերն էլ պատգամավորները պատրաստվում են ուղղել նախարարին: Նկատենք, որ վերջերս խորհրդարանում կրկին քննարկում էր անցկացվել. ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովը քննարկում էր անցկացրել ոլորտի խնդիրների վերաբերյալ, սակայն նախարարը չէր ներկայացել, որն էլ առաջացրել էր պատգամավորների դժգոհությունը: Եվ հենց դա է պատճառը, որ այս անգամ խմբակցությունը որոշել է ի վերջո «բերման ենթարկել» Արայիկ Հարությունյանին եւ դռնփակ նիստում ուղղել բոլոր հարցերը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս