Այսօր տեղի է ունեցավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որն անցել է թեժ և աննախադեպ մթնոլորտում: Նիստի ժամանակ Գևորգ Մուրադյանը նորից ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում: ArmLur.am-ի տեղեկություններով, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի «համալսարանական» թևը հանդես է եկել կոշտ քննադատությամբ։ Մասնավորապես, նախկին պրոռեկտոր, ՀԽ անդամ Մենուա Սողոմոնյանը Գևորգ Մուրադյանի և Վահան Պապիկյանի անդամությունը համարել է ոչ լեգիտիմ և առաջարկել է, որ Հոգաբարձուների խորհուրդը նրանց զրկի անդամի կարգավիճակից։
Ըստ Մ․ Սողոմոնյանի՝ Գևորգ Մուրադյանը՝ որպես հանրությանն անհայտ «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր, չի կարող համարվել հայտնի գործարար, ինչը ԵՊՀ կանոնադրության խախտում է, իսկ Վահան Պապիկյանի զբաղեցրած հաստիքը օրենքով պետական պաշտոն չէ, հետևաբար, նրա նշանակումը ևս եղել է ապօրինի։ Հոգաբարձուների խորհուրդը, սակայն, մերժել է Մ․Սողոմոնյանի առաջարկը, ինչից հետո վերջինս լքել է նիստը։ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանն առաջարկել է համապատասխանեցնել ԵՊՀ կանոնադրությունը և ՀԽ աշխատակարգը՝ այն իմաստով, որ վերացվի ԵՊՀ դասախոսների համար գոյություն ունեցող այն արգելքը, ըստ որի՝ նրանք չեն կարող ընտրվել ՀԽ նախագահի պաշտոնում։ Սակայն Հոգաբարձուների խորհուրդն այս առաջարկը ևս մերժել է։
Այս պահին ԵՊՀ-ում կա ռեկտորի երկու հիմնական թեկնածու։ Առաջինը իրավագիտության դոկտոր Վահե Հովհաննիսյանն է, որը առավելապես վայելում է համալսարանականների աջակցությունը, մյուսը ԻԿՄ դեկան Վահրամ Դումանյանն է, որը, լինելով ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի ընկերը, անթաքույց վայելում է ԿԳՄՍ-ի աջակցությունը։ ԵՊՀ-ում վստահ են, որ ԿԳՄՍ-ն նախ որոշել է իր թեկնածուին, ապա ըստ այդմ, կազմավորել Հոգաբարձուների խորհրդի կազմը։
Սոնա Գրիգորյան