Armenian text to speach

Որ մասնագիտություններն են ամենապահանջվածը ԵՊՀ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի են Երևանի պետական համալսարանի 2026 թվականի ընդունելության արդյունքները։ ArmLur.am ուսումասիրել է, թե որ մասնագիտություններն են ամենապահանջված եղել դիմորդների շրջանում, իսկ որ ուղղություններում ընդունվածների թիվը մնացել է նվազագույնը։

2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ԵՊՀ բոլոր կրթական ծրագրերով դիմել էր 3 հազար 658 դիմորդ։ Համալսարանում ընդհանուր հատկացված տեղերի թիվը կազմել էր 2 հազար 389, որոնցից 465-ը՝ անվճար (պետպատվերով), իսկ 1 հազար 924-ը՝ վճարովի ուսուցման համակարգում։

Ամենապահանջված մասնագիտությունները

Դիմորդների թվով բացարձակ առաջատարը «Իրավագիտություն» կրթական ծրագիրն է, որին դիմել է 305 դիմորդ։ Հենց այս մասնագիտության դեպքում է արձանագրվել նաև ամենաբարձր մրցակցությունը. վճարովի համակարգում անցողիկ միավորը կազմել է 38.75-39.75։Սակայն ընդունվել է վճարովի՝ 138 ուսանող, իսկ անվճար ՝ 2 ուսանող։

Ամենապահանջված մասնագիտությունների ցանկում հաջորդում են.

  • «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»՝ 239 դիմորդ,
  • «Միջազգային հարաբերություններ»՝ 211 դիմորդ,
  • «Սերվիս»՝ 187 դիմորդ,
  • «Տնտեսագիտություն»՝ 161 դիմորդ,
  • «Հոգեբանություն»՝ 145 դիմորդ,
  • «Ֆինանսներ»՝ 139 դիմորդ,
  • «Հանրային կառավարում»՝ 135 դիմորդ,
  • «Կառավարում»՝ 124 դիմորդ։

Վճարովի համակարգում որտեղ են ամենաշատ ուսանողները

Վճարովի ընդունելության արդյունքներով առաջին տեղում «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագիրն է, որտեղ ընդունվել է ավելի քան 120 ուսանող։

Դրան հաջորդում են.

  • «Միջազգային հարաբերություններ»՝ 109-ից ավելի ընդունված,
  • «Միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն)»՝ 89-ից ավելի,
  • «Կառավարում»՝ 68-ից ավելի,
  • «Տնտեսագիտություն»՝ 60-ից ավելի,
  • «Հոգեբանություն»՝ 60,
  • «Հանրային կառավարում»՝ 57-ից ավելի,
  • «Քաղաքագիտություն»՝ 52,
  • «Իրավագիտություն»՝ 46-ից ավելի ուսանող։

Ո՞ր բաժիններում են ամենաքիչ ուսանողներն ընդունվել

Մյուս կողմից, մի շարք բնագիտական և հումանիտար մասնագիտություններում ընդունվածների թիվը զգալիորեն փոքր է եղել։

Ամենացածր ցուցանիշը գրանցվել է «Աշխարհագրություն» մասնագիտությունում, որտեղ ընդունվել է ընդամենը 4 ուսանող, իսկ առավելագույն միավորը կազմել է 22.50։

Ամենաքիչ ընդունվածներ ունեցող մյուս ծրագրերն են.

  • «Արվեստաբանություն»՝ 6 ուսանող,
  • «Սոցիալական մանկավարժություն»՝ 10,
  • «Քարտեզագրություն և կադաստրային գործ»՝ 11,
  • «Սոցիալական աշխատանք»՝ 16,
  • «Ադրբեջանագիտություն»՝ 17,
  • «Իրանագիտություն»՝ 19 ուսանող։

Որտե՞ղ են հատկացվել ամենաշատ անվճար տեղերը

Անվճար (պետպատվերով) տեղերի ամենամեծ թիվը հատկացվել է STEM՝ բնագիտական և ճշգրիտ գիտությունների ուղղություններին։

Առավելագույն՝ 47-ական անվճար տեղ հատկացվել է.

  • «Ֆիզիկա»,
  • «Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ» կրթական ծրագրերին։

Դրանց հաջորդում են.

  • «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»՝ 40 անվճար տեղ,
  • «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն»՝ 26,
  • 20-ական անվճար տեղ՝
    • «Մաթեմատիկա»,
    • «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա»,
    • «Տեղեկատվական անվտանգություն»,
    • «Կենսաբանություն»,
    • «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա»։

Բացի այդ, 15 անվճար տեղ հատկացվել է «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն» ծրագրին, իսկ 12-ական անվճար տեղ՝ «Քիմիա» և «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտություններին։

Այսպիսով, 2026 թվականի ընդունելության արդյունքները ցույց են տալիս, որ դիմորդների հետաքրքրությունը շարունակում է կենտրոնանալ իրավաբանական, տեղեկատվական տեխնոլոգիաների, միջազգային հարաբերությունների, տնտեսագիտական և կառավարման մասնագիտությունների վրա, մինչդեռ մի շարք բնագիտական և հումանիտար ուղղություններում ընդունվածների թիվը շարունակում է մնալ ցածր։

 

Ա․ Վարդանյան




Լրահոս