Երևանի Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթյունից հետո դեպքի հանգամանքները դեռեւս չեն բացահայտվել: Օգոստոսի 26-ին այս շենքում ուժգին պայթյունի հետևանքով մուտքը մասնակի փլուզվեց: Եվ թե ինչն է պայթյունի պատճառը, առայժմ հստակ չէ, ըստ հիմնական վարկածի՝ գազի արտահոսք է եղել։ Արդյ՞ոք պայթյունը անսարքության, թե դիտավորության հետևանք է, ԱԻՆ-ը դեռևս հստակ տեղեկություն չի փոխանցում:
Սակայն ArmLur.am-ին ուշագրավ տեղեկություններ էին հասել. բանն այն է, որ իրավապահներն այժմ երկու վարկած են քննում. կամ ուղղակի գազի արտահոսք է եղել, կամ էլ ոչ պատահականություն: Նշենք, որ պայթյունի պատճառով շենքի առաջին շքամուտքի պատշգամբային հատվածն ամբողջովին փլուզվել էր, մեկ մարդ մահացել էր, ևս երկուսը հիվանդանոցում էին, սակայն այսօր պարզ դարձավ, որ մահացել է վիրավորներից ևս մեկը: Վերջինս Էդգար Մարգարյանն էր, երկրորդ հարկի բնակիչ, ում անվան շուրջ էլ տարբեր ասեկոսեներ են պտտվում: Տարբեր տեղեկությունների համաձայն, վերջինս այդ տունը խաղադրույքով կորցրել էր, այժմ պարտքերի տակ է, իսկ կինն ու երեխան էլ իրենից առանձին են ապրում: Ավելին, Էդգար Մարգարյանը նաև հաշվառված է ոստիկանությունում:
ArmLur.am-ը դեպքի օրը եղել էր շենքի տարածքում, զրուցել հարակից շենքի բնակիչների հետ, որոնցից մեկը մեզ հետ զրույցում ուշագրավ հայտարարություն էր արել. «Տեղեկությունների համար նա ասել էր՝ էսենցիա եմ խմելու, տեսեք ինչեր եմ անելու»:
Թե որքանով այս տեղեկությունները կարող են կապված լինել դեպքի հետ, դեռ վաղ է ասել. նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 279-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը։ Փլուզումից հետո շենքի տարածքից բնակիչները տարհանվել են։ Ոմանք այժմ հյուրանոցում են, ոմանք էլ` հարազատների տանը։ Նրանց բնակարանով ապահովելու խնդիրը քննարկման փուլում է:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան