Այսօր ընթացող ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դատավարությունը հետաձգվեց:
Սերժ Սարգսյանը չէր ներկայացել դատարան: Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը ներկայացրեց բժշկական փաստաթուղթ, ըստ որի, երեկվանից Սարգսյանի առողջական վիճակը լավ չէ, ցուցված է տնային պայմաններում խնամքի ռեժիմ: «Փաստաթղթի բովանդակությունից պարզ չէ՝ այսօր ջերմաստիճան ունեցել է, թե իջել է, օբյեկտիվորեն ամբաստանյալը հնարավորություն ունեցել է մասնակցելու դատական նիստին, թե չի ունեցել, որովհետև սա շատ էական նշանակություն ունի՝ ամբաստանյալի վարքագիծը քննարկելու և նրա խափանման միջոցը փոխելու հարցին անդրադառնալու»,- նիստի ընթացքում ասաց դատախազ Արսեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 մլն 391 հազար 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 մլն 160 հազար դրամը:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,Սերգո Կարապետյանին ՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Բարսեղ Բեգլարյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: